HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ն օրինականության կողմնակից է

«Հետքի» հարցերին պատասխանում է Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը

- Ո՞րն է Հայաստանի հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը:

- ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում Նժդեհի Ցեղակրոն ուսմունքն է: Այն կարեւորում է բովանդակությամբ ազգային պետության‘ իբրեւ հայության անվտանգության, նրա իդեալների իրականացման հիմնական միջոցի գոյությունը: Ցեղակրոնությունը մեր պատմական տեսակը հարգելու, պաշտպանելու եւ կատարելագործելու հոգեւոր պատգամ է, որը բխելով հայկական ակունքներից, միաժամանակ ներդաշնակ է համամարդկային արժեքների հետ: Մեր նպատակը պետության հզորացումն է, պետականության ամրապնդումն ու հայ մարդու, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի ապահովումը: Մեզ համար ազգի ու պետության շահը վեր է կուսակցական, հատվածական, նեղ անձնական շահերից, քանի որ կուսակցությունը միջոց է ազգի ու պետության խնդիրները լուծելու համար:

- Ինչու՞ նախագահին սատարող կուսակցությունները ԱԺ ընտրությունների շեմին չկարողացան միավորվել:

- Ոչ մի պատճառ կամ անհրաժեշտություն չկար միավորվելու, որովհետեւ սատարող հիմնական կուսակցությունները կայացած քաղաքական ուժեր են, որոնք գտնում են, որ միայնակ էլ կարող են մասնակցել ընտրություններին:Նախագահին սատարել չի նշանակում դաշինք ստեղծել: Դաշինքներ ստեղծվում են փոխադարձաբար ընդունելի ծրագրի շուրջ, որոշակի խնդիրներ լուծելու համար, իսկ Ազգային ժողովի ընտրությունները յուրաքանչյուր կուսակցության հնարավորություն են ընձեռում իր գաղափարախոսությունից բխող ծրագրով հանդես գալ: Այսինքն, դա նաեւ գաղափարախոսությունների, մոտեցումների, առաջարկվող ուղիների մրցակցություն է, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն փորձարկելու է իր գաղափարախոսության կենսունակությունը:

- Միջազգային դիտորդները նախագահական ընտրությունների երկու փուլերում էլ արձանագրել էին էական խախտումներ: ՀՀԿ-ն պատասխանատվություն կրու՞մ է դրա համար:

- ՀՀԿ-ն պատասխանատվություն կրում է այնքանով, որքանով մնացած բոլոր կուսակցությունները: Մենք չենք համարում, որ էական խախտումներ են տեղի ունեցել: Եղել են խախտումներ, որոնք, ընդհանուր առմամբ, ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքի վրա:

- ԵԽ գլխավոր քարտուղար Վ. Շվիմերը հայտարարել է, որ‘ «Եթե ԱԺ ընտրություններում կատարվեն նույն խախտումները, ինչ նախագահական ընտրությունների ժամանակ, ապա դրանք աղետ կլինեն Հայաստանի համար»: Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ունի Վ. Շվիմերը: Ի՞նչ է անում ՀՀԿ-ն այդ խախտումները կանխելու համար:

- Ես չեմ կարծում, որ այն, ինչ ասվել է, աղետալի կարելի է համարել Հայաստանի համար: Այդ խախտումները տարբեր կուսակցություններ, տարբեր ուժեր ու անձեր տարբեր ձեւով են գնահատում: Ըստ մեր գնահատման, ընտրությունների արդյունքների նկատմամբ ավելի շատ քաղաքական շահարկումներ են կատարվում, քան իրականությունն է: Այդ խախտումները եթե եղել էլ են, ապա ոչ միայն նախագահին սատարող կուսակցությունների, այլ նաեւ‘ մյուս թեկնածուներին սատարող ուժերի կողմից: ՀՀԿ-ն օրինականության կողմնակից է եւ գործել է օրենքի սահմանում:

- ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ: ՀՀԿ-ն ինչպե՞ս է պատրաստվում պայքարել կոռուպցիայի եւ տնտեսական կլանների դեմ, եթե դրանք առկա են նաեւ պետական կառավարման համակարգում:

- Կոռուպցիայի հետ կապված կուսակցություններն ընդամենը հարց են բարձրացնում: Հանրապետականի ծրագրում հստակ ներառված է կոռուպցիայի դեմ պայքարի մասին դրույթը, իսկ գործնականում կառավարությունը Ազգային Ժողովի հետ միասին այս երեք տարիների ընթացքում ընդունել է հակակոռուպցիոն բնույթի բազմաթիվ օրենքներ, գործող մի շարք օրենքներում կատարել փոփոխություններ ու լրացումներ , որոնցով պարզեցվել, հստակեցվել են պետական մարմինների ու գործարարների եւ ոչ միայն գործարարների, ընդհանրապես, քաղաքացիների հետ կապված հարաբերությունները: Այդ շարքում ես կարեւոր եմ համարում մասնավորապես է «Լիցենզիաների մասին» օրենքը, որով փոփոխություններ են կատարվել լիցենզիաներ տալու կարգում, զգալիորեն նվազել է լիցենզիայի տրման ժամկետը, լիցենզատու մարմինների քանակը, ստեղծվել է նաեւ մեկ պատուհանից օգտվելու մեխանիզմը:

Վարչապետին կից գործում է հակակոռուպցիոն ծրագրի մշակման աշխատանքները համակարգող հանձնաժողով , որի շրջանակներում միջազգային կազմակերպությունների, Եվրամիության համապատասխան աշխատանքային խմբի հետ կատարվել են համատեղ աշխատանքներ, ներառելով նաեւ միջազգային ու տեղական փորձագետների ուժերը: Ծրագիրը վերջնական մշակման փուլում է եւ շուտով կդրվի հասարակական քննարկման, որից հետո կառավարությունը կհաստատի այն: Ծրագիրը ենթադրում է նաեւ օրենսդրական աշխատանք, որին կհետեւեն վարչարարական միջոցառումներ: Շատ կարեւոր է, որ օրենքները լինեն պարզ ձեւակերպված եւ հնարավորություն չտան բյուրոկրատական քաշքշուկների ու կաշառակերության:

- ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված են նաեւ գործող մի շարք նախարարներ: ԱԺ-ում ՀՀԿ-ի մեծամասնություն կազմելու դեպքում նրանք շարունակելու՞ են պաշտոնավարել:

- Կախված նրանից, թե Ազգային ժողովում ՀՀԿ-ն ինչպիսի մեծամասնություն կունենա եւ ինչպիսի մասնակցություն կունենա կառավարություն ձեւավորելու գործում, ըստ այդմ էլ կքննարկվի նախարարների հետագա պաշտոնավարման հարցը:

- ՀՀԿ-ն ի՞նչ կոնկրետ քայլեր է անելու առաջիկա տարիներին Սփյուռքի հետ համագործակցությունը սերտացնելու եւ Հայաստանում սփյուռքահայերի կողմից ներդրումներ անելու ուղղությամբ:

- Հանրապետականը գտնում է, որ Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ոչ միայն ներդրումները խրախուսվեն, այլ նաեւ հնարավորության դեպքում մեր սփյուռքահայ հայրենակիցները վերադառնան հայրենիք: Մեզ մոտ գործում է ներդրումների համար շատ ազատական դաշտ, բոլոր գործարարների համար ներդրումներ կատարելու առումով հավասար պայմաններ են ստեղծված, եւ դա արվել է նաեւ Հանրապետականի պատասխանատվությամբ գործող կառավարության կողմից: Այս տարիներին սփյուռքի հետ համագործակցության սերտացման ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է արվել եւ այն պետք է շարունակական լինի:

- ՀՀԿ-ն ինչպե՞ս է պատկերացնում Թուրքիայի հետ հարաբերությունները (մասնավորապես տնտեսական):

- Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները մենք համարում ենք, որ անհրաժեշտ են: Սակայն կարծում եմ, որ այդ հարաբերությունները չպետք է կապվեն ինչ-որ նախապայմանների հետ, որն առաջարկում է հարեւան Թուրքիան: ՀՀԿ-ն կողմ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter