
ՊՊԾ գնդի տարածքից դուրս են եկել վերջին երկու բուժաշխատողները
ՊՊԾ գնդից երեկ ուշ ժամի դուրս են եկել, ըստ ոստիկանության՝ հուլիսի 27-ից պատանդի կարգավիճակում գտնվող «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողներ Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը: Բժիշկներից Սալվադոր Խեչոյանը հուլիսի 29-ին գնդում վիրավորվածներին հիվանդանոց տեղափոխելու նպատակով դուրս էր եկել տարածքից և այլևս չէր վերադարձել ՊՊԾ շենք: Իսկ բուժակ Դավիթ Տոնոյանին դուրս էին թողել ավելի վաղ՝ առաջին օրը:
Ոստիկանությունը հրապարակել է բժիշկների հետ առաջին հարցազրույցի տեսագրությունը: Նորայր Թևանյանը պատմում է, որ ծանր օր է եղել, ներսում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման տղաները քնած են եղել, քնած է եղել նաև բուժքույրը, սակայն նրան արթնացրել է և դուրս են եկել տարածքից:
Թե բժիշկ Տոնոյանը, թե բուժքույր Մարգարյանը նշում են, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող տղաներն իրենց ասել են, որ բժիշկների դեմ որևէ բան չունեն, պարզապես իրենց պետք է բժիշկների ներկայություն:
«Ասում էին մենք ձեր դեմ ոչինչ չունենք, թող բժիշկ մտցնեն ներս մենք ձեզ բաց ենք թողնում: Իրենց ասածը անընդհատ դա էր»,-ասում է Մալինա Մարգարյանը:
Նշենք, որ մինչ այս պահը բժիշկների դուրս գալու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: Իսկ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը և «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել