
Պավել Մանուկյանին կալանավորել են ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»
«Սասնա Ծռեր» խմբի անդամ Պալվիկ Մանուկյանին քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը՝ Պավել Մանուկյանին երկամսյա կալանքի մասին: Ի դեպ, նույն դատավորը մի քանի օր առաջ կալանավորման որոշում է կայացրել նաև Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանի որոշումը համարում է ակնհայտ անօրինական. «Որոշման հիմքում դրվել է, որ Պավել Մանուկյանը կարող է թաքնվել քննությունից, խոչընդոտել նախաքննությանը կամ որևէ մեկի վրա ազդեցություն գործադրել: Սա ուղղակի անհեթեթ է, քանի որ Պավել Մանուկյանը գտնվում է շատ ծանր առողջական վիճակում, տեղաշարժվելու հնարավորություն չունի»,-դատարանից դուրս գալով՝ ասել է Ինեսսա Պետրոսյանը:
Պավել Մանուկյանը ներկա է եղել միջնորդության քննությանը, հանդես եկել հայտարարություններով: Մասնավորապես նշել է, որ զոհասեղանին է դրել իր 23 տարեկան տղային և, ըստ էության, ողջ ընտանիքը, որ իրենք պատրաստ են պայքարել մինչև արյան վերջին կաթիլը՝ չունենալով որևէ անձնական ամբիցիա:
Պավել Մանուկյանը Արցախյան պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է, ունի գնդացիրային ծանր վնասվածքներ, վիրահատվել է օրեր առաջ «Էրեբունի» ԲԿ-ում: Փաստաբանի տեղեկություններով, ևս մի քանի վիրահատություն պիտի անցնի: «Բայց «Դատապարտյալների հիվանդանոցը» մասնագիտացված չէ, անգամ այս օրերին դարձյալ «Էրեբունի» ԲԿ-ից են մասնագետներ այցելում ՊՊԾ գնդում վիրավորված, ապա վիրահատված կալանավորներին»,-ասաց Պավել ու Արամ Մանուկյանների շահերի պաշտպանը: Այժմ նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», քիչ անց մանրամասներ կներկայացնենք, թե ինչ է արձանագրել պաշտպան Պետրոսյանը:
Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Պավել Մանուկյանն ի սկզբանե որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել, չի ցանկացել նույնիսկ ծանոթանալ:
Պաշտպանը տեղեկացրեց, որ բողոքարկելու են կալանքի որոշումները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել