
Սպանդարյանցիները փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը.Սուրիկ Խաչատրյանն այնտեղ է
Այսօր ՊՊԾ գնդի տարածքում կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի համագյուղացիներն ու հարազատները քարերով, ավտոմեքենաներով փակել են նրա հայրենի գյուղի՝ Սպանդարյանի ճանապարհը։
«Հետք»ի զրուցակից Վահագն Գրիգորյանը հաղորդում է, որ արդեն մեկ ժամ է սպանդարյանցիները փակել են ճանապարհը՝ որպես բողոքի նշան։ Ըստ նրա՝ ավտոմեքենաների շարասյունը ձգվում է մի քանի կիլոմետր։
Ճանապարհին դրվել են քարեր, որոնք, ըստ Գրիգորյանի, կարծես ճանապարհից հեռացրել են, սակայն մեքենաները դեռևս չեն կարողանում առաջանալ։ Սպանդարյանցիները բարկացած են.«Ասում էին՝ թող գնան սահմանի թուրք խփեն»,-պատմում է Գրիգորյանը։
Այս պահին այնտեղ է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և մի շարք բարձրաստիճան ոստիկաններ։ Ս․ Խաչատրյանը սպանդարյանցիներին հորդորում է բացել ճանապարհը՝ ասելով, որ երբ երեք օրից վիրահատությունը վերջանա, Սեդրակին կբերի գյուղ։ Սակայն սպանդարյանցիները որևէ կերպ համաձայնության չեն գալիս ու չեն բացում միջպետական ճանապարհը։
լուսանկարները՝ Վահագն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել