
Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ «Սասնա Ծռերը» տատմոր դեր կատարեցին
«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի հետ «Հետքի» զրույցը Հայաստանում վերջին շաբաթներին տեղի ունեցող հասարակական շարժման պատճառների ու հետևանքների մասին է:
-Պարոն Սանասարյան, մենք սովոր ենք խոսել հետևանքների մասին, բայց հաճախ հետևանքը ծնող պատճառների մասին մոռանում ենք: Ձեր կարծիքով, ի՞նչը բերեց երեսուն մարդու կողմից նման ծայրահեղ քայլի:
- Իրավիճակը Հայաստանում ծայրաստիճան վտանգավոր է այն առումով, որ հայ ժողովրդի, մեր քաղաքացու համար ընդհանրապես որևէ լուսավոր կետ չի մնացել: Սկսեմ նրանից, որ ամբողջ դատական համակարգը իշխանության, Սերժ Սարգսյանի թիմի համար է աշխատում: Նրա կառավարման ժամանակ հակաժողովրդական օրենքներն առավել ցայտուն արտահայտվեցին: Նա ընտրեց այնպիսի մարդկանց, որոնք ընդհանրապես իշխանություն վարելու գիտելիքներ ու հմտություններ չունեն:
Մի կողմից խոսում են, որ 6 մլրդ դոլարի պարտք ունենք, բայց առանձին մասնագետներ հաղորդում են, որ պարտքը 12 մլրդ-ից էլ ավելի է: Այսօր մրցակցություն է, թե ով ավելի շքեղ առանձնատուն կկառուցի: Կա անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դեպի ժողովուրդը: Այն աստիճանի է հասել անիշխանությունը, օրենքի նկատմամբ հարգանքի բացակայությունը, որ հանրապետության նախագահը հայտարարում է՝ ինքը ցանկացած քանակությամբ ձայն կհավաքի:
-Ձեր կարծիքով, թվարկած պատճառնե՞րը բերեցին պոռթկման:
-Պատահական չէ, որ «Սասնա Ծռերը» այս ամենը տեսնելով՝ մտավ գրավեց ոստիկանական գնդի տարածքը: Այո՛, իրավական երկրի համար սա հանցագործություն է, բայց՝ ոչ Հայաստանի նման պետության: Հանցագործը նա է, ով բնակչությանը հասցրել է այս վիճակին ու մարդկանց դրդել այս քայլին:
Ինչ է նշանակում, երբ գյուղապետի մոտ կախված է ցուցակ, թե Ռուսաստանի դեպի որ բնակավայրեր հայերը կարող են գնալ բնակություն հաստատել կամ արտագնա աշխատանք գտնել:
-Ո՞ր գյուղում եք նման ցուցանակ տեսել:
- Օրինակ՝ Մելիք գյուղում... սա ինչպե՞ս անվանեմ: Սահմանամերձ գյուղերը լքում են մարդիկ: Գնացեք գյուղերը պտտվեք, տեսեք որ գյուղացին է, որ բանկերին պարտք չի, ո՞ր մեկը իր տունն ու շարժական գույքը գրավ չի դրել: Իսկ եթե մենք գյուղացիներին կորցնում ենք, նրանց ունեզրկում ենք, պետությունը ինչո՞վ պիտի կարողանա իր սահմանները պաշտպանել:
Համբերության բաժակը լցվեց ապրիլյան պատերազմի օրերին, երբ տեսանք, որ կոռուպցիան, այլանդակությունը նաև բանակում է: Հենց հիմա գնացեք և տեսեք, ցույց են տալիս, որ Սեյրան Օհանյանը ևս առանձնատներ է կառուցում:
Այսինքն՝ կա դանդաղ մահ, որին մենք՝ որպես քրիստոնյա, հարմարվում ենք: Բայց նրանք սասնա ծուռ են: Նրանք տեսան, որ մեռնում ենք:
-Ի՞նչ էր «Սասնա Ծռերի» արածը, տարբեր մարդիկ տարբեր անուններ են տալիս: Դուք ինչպե՞ս կբնորոշեք:
- «Սասնա ծռերի» արածը ճիչ էր: Նրանք տատմոր դեր խաղացին: Իրենց ինքնազոհողությամբ մարդկանց մոտ ծնեցին գաղափար: Նրանք ցույց տվեցին լուսավոր ուղի, քնած վիճակից հասարակությունը զարթնեց:
Արայիկի, մյուսների խոսքն եմ լսել, նրանց խոսքը այսպես եմ հասկացել՝ Հայաստանում ակնհայտորեն օրը ցերեկով իրականացվում է սպիտակ եղեռն: Նրանք տեսնում են, որ Հայաստանը ոչնչանում է: Ու չդիմացան:
-Վերջին կես ամսվա ընթացքում դիմադիր և ընդդիմադիր ուժերը լուռ էին, քաղաքական դաշտի ամայության մասին էր անընդմեջ խոսվում նաև սոցիալական ցանցերում: Ինչո՞ւ քաղաքական ուժերը չխոսեցին քաղաքացիների հետ, իշխանությունը չգնաց զիջումների:
- Ընդդիմադիր դաշտ չեմ տեսնում, գուցե և կա, բայց ես չեմ տեսնում: Հիմա միայն տեսնում եմ մարդկանց, որոնք գնացին ակնհայտ անձնազոհության:
Ինձ համար Հայաստանը չունի կառավարություն, չունի վարչապետ, չունի Ազգային ժողով, Հայաստանը չունի դատական համակարգ: Կա մի մարդ, որը ընտրում է ամեն ինչ:
Էկոլոգիական խոշոր խնդիրներով դիմել ենք դատարան, բայց այնտեղ հասկացել եմ, որ կա մեկ մարդու իշխանություն:
-Լուծումների մասին եմ ուզում հարցնել: Որտե՞ղ եք տեսնում դրանք:
-Սերժ Սարգսյանը փրկության մեկ ճանապարհ ունի, նա պետք է հրաժարական տա: Նա արդեն անընդունակ է բարեփոխումներ անել: Ամեն օր նրանց անձնական գանձարանը գումար է հոսում: Նա, որպես մարդ, հարմարվել է գումարներ հաշվելու: Թող մի անգամ նայի իր զավակների աչքերին: Նրանց չի կարող սեյֆում պահել: Նրանց թիրախ է դարձրել իր սխալ քաղաքականության հետևանքով: Նույնիսկ Ստալինի մահից հետո նրա տղային բանտարկեցին:
Երկխոսության համար Ծռերը քայլ կատարեցին: Եթե նրանք հիմա գնան բանտ, այն մարդիկ, որոնք նստել ու սպասում էին, այժմ դուրս են գալու: Եվ ընդհանրապես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ընդհանրապես պիտի Հայաստանից հեռանա:
Դուք լավ գիտեք, թե ինչ հանցագործներ են իշխանության համար ձայներ ապահովում: Այսինքն՝ կա չարիքի իշխանություն, և այդ իշխանության հենարանը նաև կեղտոտ մամուլն է: Պիտի շնորհակալություն հայտնեմ մամուլի այն հատվածին, որը արժանապատիվ կատարում է իր աշխատանքը:
Բայց ինչքան էլ անվստահություն ունեմ նախագահի նկատմամբ, այդուհանդերձ, մարդը վերագնահատելու, համեմատելու կարողություն ունի: Ես կարծում եմ՝ նա կկատարի այդ քայլերը. առաջինը՝ տղաներին ազատ կարձակի և ինքը ներողություն կխնդրի, որ իր աշխատանքի հետևանքով երկիրը հասել է ծայրահեղ վիճակի և ինքը հրաժարական կտա: Սա կլինի արդար լուծում:
Մեկնաբանել