
Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը
Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ իր պաշտպանյալը դադարեցրել է հացադուլը: Փաստաբանը հրապարակել է հայտարարություն, որը, ըստ նրա, արվել է Պավլիկ Մանուկյանի կողմից:
«Անսալով ժողովրդիս կոչին, հաշվի առնելով զորահրամանատարիս` Ժիրայր Սեֆիլյանի հորդոր-պահանջը, հավատարիմ մնալով «Սասնա Ծռերի» ապստամբության` առանց զոհի պատգամին, զգալով մեր մոտալուտ հաղթանակի տեսլականը` ես` Պավել Մանուկյանս դադարեցնում եմ հացադուլը»,- գրված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը հացադուլ էր հայտարարել հուլիսի 28-ին: Պավլիկ և Արամ Մանուկյանները վիրավորվել էին հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը: «Սասնա Ծռեր» խումբը հայտարարել էր, որ ոստիկանությունը հարձակում է գործել, ինչին ոստիկանությունը պատասխանեց, թե Մանուկյանները վիրավորվել են փոխհրաձգության հետևանքով:
Այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ը տարածել է Պավլիկ Մանուկյանին ուղղված Ժիրայր Սեֆիլյանի նամակը, որով վերջինս խնդրում է Մանուկյանին` դադարեցնել հացադուլը:
Մեկնաբանել