
Տարեկանի հաց՝ առանց տարեկանի ալյուրի․լաբորատոր փորձաքննության արդյունքները
Տարեկանի հաց կամ ՝ առավել տարածված՝ սև հաց, պատրաստվում է տարեկանի ալյուրից (աշորա) և խորհուրդ է տրվում ուտել մի շարք հիվանդություններ ունեցող մարդկանց։
«Հետք»-ն ուսումնասիրել է տեղական արտադրության տարեկանի և տարեկանի ու ցորենի ալյուրի խառնուրդից պատրաստված հացատեսակաները։ Մենք լաբորատոր փորձաքննության ենք հանձնել հացերի մի քանի նմուշ, որոնցից միայն մեկում է եղել տարեկանի ալյուր։
Բաղադրությունը չի համապատասխանել մակնշմանը. 5 հացատեսակներից 4-ը եղել են կեղծված ։
Տարեկանի հացը խորհուրդ են տալիս հիվանդներին
Հացը Հայաստանում ամենալայն սպառում ունեցող սննդամթերքն է։ Տարեկանի հացը խորհուրդ է տրվում ուտել հատկապես մի շարք հիվանդությունների դեպքում։
Թեև կալորիականության առումով տարեկանի և ցորենի հացերի միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ, սակայն տարեկանի հացի գլիկեմիկ ինդեքսը ցածր է, ինչի շնորհիվ այն արյան մեջ դանդաղ է ներծծվում, և գլույկոզան միանգամից չի բարձրանում։ Այս առումով՝ տարեկանի հացը խորհուրդ է տրվում ուտել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասում է Մոսկվայի Սնվելու գիտահետազոտական ինստիտուտի (Клиника НИИ питания) բժիշկ-դիետելոգ, սննդաբան Լիդիա Այվազյանը։ Նրա խոսքերով՝ տարեկանի հացի կենսաբանական լիարժեքությունը ( վիտամինների և ամինաթթուների կազմով) ավելի բարձր է, և չնայած ցորենի հացից ավելի վատ է ներծծվում, միևնույնն է, ավելի օգտակար է: Մյուս կողմից, տարեկանի հացի թթվայնությունն ավելի բարձր է և խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի բարձր թթվայնությամբ պայմանավորված հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև խոցային հիվանդության դեպքում։
«Ցորենի հացը, ի տարբերություն տարեկանի հացի, աղիներում ավելացնում է խմորման պրոցեսները, հետևաբար այն անձանց, ովքեր ունեն աղիների հիվանդություն, նույնպես խորհուրդ չի տրվում սպիտակ հաց օգտագործել,-նշում է սննդաբանը։-Առողջական տեսակետից` ամենաբարենպաստը համարվում է տարեկանի հացը՝ խոշոր աղացած ալյուրից (грубого помола) կամ թեփի ավելացմամբ: Այն պարունակում է ավելի շատ B խմբի վիտամին, սննդաթելեր, որոնք խոչընդոտում են խոլեստերինի ներծծմանը, նպաստում աղիների ճիշտ աշխատանքին, կարգավորում այն»,-ասում է Լ․ Այվազյանը։
Հաշվի առնելով համային նախասիրությունները, շաքարային դիաբետի առկայությունը, աղեստամոքսային խնդիրները և այլն՝ իր հիվանդներին սննդաբանը խորհուրդ է տալիս, թե ինչ տեսակի հաց օգտագործեն և ինչ քանակով։
«Բոլորը կարծում են, որ սև հացը կալորիականություն չունի և այն որպես դիետիկ կարելի է օգտագործել՝ առանց հետևելու քանակին ,-ասում է Լ Այվազյան․-մինչդեռ դա այդպես չէ․բոլոր տեսակի հացերը համարյա նույն կալորիականությունն ունեն»,-եզրափակում է սննդաբանը։
ՆՄՈՒՇ N 1
Այս համարի տակ լաբորատորիա փորձարկման է ներկայացվել«Galaxy» «Ստոլիչնի» ՝ բարձր տեսակի ալյուրի և տարեկանի ալյուրի հացը։
Հացի բաղադրության մեջ նշված է, որ այն պարունակում է «ալյուր բ/տ, ալյուր տարեկան, աղ, խմորիչ, շաքարավազ, ձեթ, կարամել կոլոր»
Փորձաքննությունը ցույց է տվել, որ «Ստոլիչնի» հացը չի համապատասխամում ՀՍՏ 363-2013 -ին(հայկական ստանդարտ, հաց տարեկանի ալյուրից և տարեկանի ու ցորենի ալյուրի խառնուրդից տեխնիկական պայմաններ)։
Այն հանդիսանում է հաց՝ պատրաստված միայն բարձր տեսակի ցորենի ալյուրից։
Այս հացը, ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում է կեղծված․ բաղադրությունը չի համապատասխանում մակնշմանը։
Բացի այդ, պահպանված չեն մակնշմանը վերաբերող պահանջները․ ներկայացված չէ արտադրողի անունը, հասցեն, սննդային արժեքը, ալյուրների տոկոսային հարաբերությունը: Հացի մակնշման վրա պետք է գրվի՝ տարեկանի և ցորենի կամ ցորենի և տարեկանի ալյուր, ըստ դրա` առաջին բաղադրիչը պետք է լինի 50%-ից ավելի։
Արտադրողը բավարարվել է միայն հեռախոսահամարը և կայքի հասցեն՝galaxy.am նշելով։ Նշված հեռախոսահամարի միջոցով մեզ հաջողվեց միայն պարզել, որ հացն արտադրում է «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ն։
ՆՄՈՒՇ N 2
Երկրորդ համարի տակ փորձարկման էր ներկայացվել Ա/Ձ «Գեղամ Մուրադյան»-ի արտադրած «Գեղամա, ցորենի, տարեկանի հաց» ապրանքատեսակը։
Ի տարբերություն նախորդի, արտադրողի անունն ու հասցեն աստեղ հստակ նշված էր։
Հացի բաղադրությունը հետևյալն է․ «1-ին կարգի ալյուր, ջուր, տարեկանի ալյուր, աղ, խմորիչ, թթխմոր» ։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Գեղամա, ցորենի, տարեկանի հաց» -ի մակնշման մեջ չկա ներկայացված ալյուրի և ոչ մի տեսակ։
Հացը չի համապատասխամում ՀՍՏ 363-2013-ի պահանջներին։ Այն հանդիսանում է 2-րդ և բարձր տեսակի ցորենի ալյուրների խառնուրդից պատրաստված հաց։
ՆՄՈՒՇ N 3
Երրորդ համարի հացը «Կաղապարային տարեկանի ալյուրի և ցորենի ալյուրի խառնուրդից» պատրատված հացն է։ Այն արտադրում է «Սևանի հացի գործարան» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է Հայաստան տարեկանի ալյուր ներմուծող 5 ընկերություններից մեկը։
Մակնշման վրա բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, բացի տարեկանի և ցորենի ալյուրի տոկոսային հարաբերությունից, առկա են։ Ավելին, արտադրողը ներկայացրել է նույնիսկ իր հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև նշել, որ հացն արտադրում է ՀՍՏ-ով, իսկ թե կոնկրետ որ ստանդարտով` չի նշել: Գրել է միայն տարեթիվը ՝ 2013, ինչն ըստ էության, մակնշման սխալ է։
Ըստ ներկայացված բաղադրության ՝ «Սևանի հացի գործարանի» արտադրած հացը պարունակում է՝ ալյուր տարեկանի, ալյուր ցորենի, խմորիչ, աղ, ջուր։
Փորձաքննությունը, սակայն, ցույց է տվել, որ հացը պատրաստված է 1-ին և բարձր տեսակի ցորենի ալյուրների խառնուրդից։ Այսինքն՝ այն չի համապատասխանում ՀՍՏ 363-2013 պահանջներին։
ՆՄՈՒՇ N 4 և N 5
Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել տարեկանի ալյուր ներկրող մեկ այլ՝ «Իմէքս» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Տարեկանի հաց» արտադրատեսակը։
Ի տարբերություն նախորդ նմուշների, այս հացը միակն է, որն ըստ արտադրողի, պարունակում է բացառապես «ալյուր տարեկանի, աղ, խմորիչ»։
Միևնույն ապրանքատեսակը ՝ նույն՝ ԳՕՍՏ 2077-84(հաց տարեկանի, տարեկանի-ցորենի, ցորենի-տարեկանի) ստանդարտներով, փաթեթավորմամբ, բաղադրությամբ, սննդային արժեքով և քաշով, ընկերությունն արտադրում է 2 տարբեր տեղեր, ինչի մասին վկայում են փաթեթի վրա նշված հասցեները (ք․ Երևան, Սիսակյան 18/6, Շինարարների 15/2)։
4-րդ համարի տակ լաբորատորիա են ներկայացվել այս հասցեների միևնույն բաղադրության հացերը։
Սակայն հետագայում՝ լաբրատոր փորձաքննության ժամանակ, արտաքին ակնհայտ տարբերության պատճառով (մուգ գույն, հեղ․), դրանք առանձնացվել են, և ուսումնասիրվել ՝ որպես 4-րդ և 5-րդ նմուշ։
Արդյունքում ստացվել է, որ 4-րդ նմուշը (որն արտադրվում է Շինարարների 15/2 հասցեում, հեղ․) համապատասխանում է ԳՕՍՏ 2077-84 պահանջներին և հանդիսանում է տարեկանի հաց։ Իսկ Սիսակյան 18/6 հասցեում արտադրված նույն հացը՝ 5-րդ նմուշը, պատրաստված է տարեկանի և ցորենի ալյուրի խառնուրդից և չի համապատասխանում արտադրողի կողմից ներկայացված մակնշմանը։
5 տեսակի հաց, 4-ը՝ կեղծված
Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ տեղական 4 արտադրողների՝ տարեկանի ալյուրով պատրաստած հացերից միայն մեկում կար տարեկանի ալյուր։
Մնացած 3 արտադրողները անբարեխիղճ էին գտնվել՝ օգտագործելով բացառապես ցորենի ալյուր՝ 1-ին, 2-րդ կամ բարձր տեսակի։ Արտադրողներից մեկի մոտ (Ա/Ձ Գեղամ Մանուկյան) նույնիսկ բաղադրության մեջ նշված ցորենի ալյուրի տեսակը չէր համապատասխանում։
Տարեկանի և ցորենի կամ ցորենի և տարեկանի ալյուրից պատրաստված հացերի մեջ արտադրողներից և ոչ մեկը չէր նշել դրանց տոկոսային հարաբերությունը: «Տարեկանի և ցորենի հաց» համարվում է 50 % և ավելի տարեկանի ալյուր պարունակող արտադրատեսակը, իսկ «Ցորենի և տարեկանի հաց» ՝ 50 % և ավելի ցորենի ալյուր պարունակողը։
Ոչ մի արտադրող չէր նշել հացատեսակում ԳՄՕ պարունակության մասին որևէ տեղեկություն։
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ թվարկված 5 տեսակից 4-ը համարվում են կեղծված սննդամթերք, քանի որ արտադրողի մակնշումը չի համապատասխանում ապրանքի բաղադրությանը։
ՍԱՊԾ.«Սպառողն ամենաշատն իր բերանի համով կարող է որոշել»
Համար 3 հացն արտադրող «Սևանի հացի գործարան» -ում Սննդամթերքի անվտանգության ծառայությունը (ՍԱՊԾ) ստուգումներ իրականացրել է դեռևս անցած տարի։ «Այնտեղ կարծես թե ամեն ինչ նորմալ էր, այդ մասին տեղեկանք է գրվել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ ռիսկերի կառավարման վարչության պետ Հասմիկ Թումոյանը։
Թեև 2015թ հուլիսի 1-ից, կառավարության որոշման համաձայն, իրենք դադարեցրել են տեսչական ստուգումները, այնումենայնիվ հաց արտադրող տնտեսվարողների պլանային ստուգումներ եղել են։ 2014թ և 2015 թ կեսերին կատարվել է 60-ից ավելի հաց արտադրող տնտեսվարողների ստուգում. 90%-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ:
Դրանց մեծ մասը եղել է տեխնիկական և սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ․ աշխատակիցների պատշաճ բուժզնումը, միջատների, կրծողների դեմ պայքարի պայմանագրերի բացակայությունը, արտադրության հոսքայնության ապահովումը, ինչպես նաև՝ մակնշումն ու տեղափոխումը։
Ինչ վերաբերում է որակի փորձաքննությանը, Հ Թումոյանը նշում է, որ հիմնական խախտումները արտադրողների կողմից խոնավության ՝ ըստ այդմ՝ նաև քաշի արհեստական մեծացումն է, հավելումների, ինչպես նաև համի բարելավիչների օգտագործումը։
«Ամենամեծ խախտումը սև, գորշ հացին է վերաբերում։ Երբ Հայաստանում այդ հացի նկատմամբ պահանջարկը մեծացավ, այդքան շատ տարեկանի ալյուր չէր ներմուծվում: Իսկ վերջին 3 տարում ներմուծվում է։ 2016թ 1 կիսամյակի տվյալներով` ներմուծվել է մոտ 160 տոննա տարեկանի ալյուր,-նշում է Հ.Թումոյանը:-Այսինքն` սուպերմարկետում հանդիպող տարատեսակ հացերը, որոնց մակնշման վրա գրված է՝ սա, սա, սա, արդեն համապատասխանում են իրականությանը։ Սպառողն ամենաշատն իր բերանի համով կարող է որոշել»,-ասում է նա:
Ըստ վարչության պետի` եղել են դեպքեր, երբ հայտնաբերվել է, որ տարեկանի հացը բաղադրությամբ չի համապատասխանել մակնշմանը , այժմ դրանք ավելի քիչ են։ Հ․ Թումոյանը չկարողացավ մտաբերել խախտում կատարած կազմակերպության անունը, սակայն նշեց որ նմանատիպ դեպք արձանագրվել է 2012-2013թթ- ին։ «Մենք հայտնաբերել ենք, որ հացի պատրաստման մեջ ոչ թե տարեկանի կամ 2-րդ տեսակի ալյուր են օգտագործում, այլ գույն են տալիս,-ասում է վարչության պետը։-Գույնն էլ շատ անմեղ բանի միոջոցով են տալիս, որը վտանգավոր չէ, բայց կեղծում են սնունդը, որը նորից սպառողին վնաս է»։
Ինչ վերաբերում է ԳՄՕ-ներին, ապա Հայաստանում դրանց մասին օրենքը դեռ ընդունված չէ։
Հ Թումոյանը հաստատեց այն դիտարկումը, որ հաց արտադրողը մակնշման մեջ անպայման պետք է նշի ալյուրների տոկոսային հարաբերությունը, ինչպես նաև՝ էներգետիկ արժեքը, ինչը մակնշման «պարտադիր պահանջ է»։
«Այն հացը, որն ունի փաթեթավորում, հատկապես թղթային, այս տեղեկությունն անպայման կա դրա վրա նշված։ Մտեք ցանկացած սուպերմարկետ և գնեք փաթեթավորված հաց, կտեսնեք, որ բաղադրությունը կա գրված»,-ավելացրեց Հ․ Թումոյանը` այդպես էլ չընդունելով, որ մակնշումը երբեմն չի համապատասխանում իրական բաղադրությանը:
Տեսանյութը՝ Տաթև Խաչատրյանի և Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել