
«10% աճ», «առաջընթաց», ոգևորություն ...
Վերջին տասը օրում Հայաստանի տնտեսության աճի մասին այնպիսի պաշտոնական հայտարարություններ են հնչում, որ տպավորություն են ստեղծում, թե տնտեսական ներկա վիճակով պարտադիր է հպարտանալն ու ոգևորվելը։ Դեռևս «թարմ» էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունները, երբ երեկ նոր «ոգևորիչ» հայտարարություններ արվեցին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսության մասին ուշագրավ և միևնույն ժամանակ՝ անակնկալ հայտարարություններ են արվել: «Ինձ շատ հաճելի է արձանագրել և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է»,- իր խոսքում նշել է ՌԴ նախագահը:
Նշված 10%-ը Հայաստանի տնտեսական վիճակին տեղյակ մարդկանց համար անակնկալ էր։ Թե ինչպես է հաշվարկվել, ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, անհայտ է։ Ենթադրվում է՝ որոշ ցուցանիշներ են գումարվել, տարիների դինամիկաներն են համադրվել։ Բայց ենթադրությունները քիչ են։ Նման հայտարարության դեպքում ակնկալվում է, գոնե, որոշակի պարզաբանում, թե ինչպես է հաշվարկվել այդ թիվը։ Բայց ուղղակի հայտարարվեց ոգևորիչ թիվ աճի մասին ու վերջ։ Ամեն դեպքում, փաստացի, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը ՀՆԱ-ի նման աճ «չի տեսել»։ Միայն նշենք, որ ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2015-ին Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 3%, 2014-ին՝ 3,5%։ Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին պաշտոնապես միացավ 2015-ի հունվարից։
Մյուս ուշագրավ հայտարարությունն էլ Սերժ Սարգսյան է արել։ «Ես գոհունակությամբ եմ ուզում փաստել, որ չնայած համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական խնդիրներին, վեց ամսվա ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով և, փաստորեն, հասել է կիսամյակի ընթացքում իր պատմական առավելագույնին: Դա, իհարկե, նաև ԵԱՏՄ կողմից տրամադրվող հնարավորությունների շնորհիվ է, ինչը, անշուշտ, շատ լավ է»,- նշել է ՀՀ նախագահը:
Մինչ այս տարվա ցուցանիշներին անդրադառնալը, նախ վերհիշենք նախորդ տարիների պատկերը։ Նորից ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թվականին Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը նվազել է 18%-ով։ Ընդ որում՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է 26.7%-ով՝ գլխավորապես պայմանավորված ռուսական տնտեսության և ռուբլու թուլացմամբ։ Այս նվազումը արձանագրվել է ԵԱՏՄ-ին պաշտոնապես անդամակցելու հենց առաջին տարում։ Միևնույն ժամանակ՝ տվյալները ցույց են տալիս, որ 2015-ին ՀՀ-ից ՌԴ արտահանումը ավելի ցածր է եղել, քան նախորդող երեք տարիներին:
Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ
Իսկ այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով ՀՀ-ից ՌԴ արտահանման աճը կազմել է 87.4%: Բայց նախորդ տարվա առաջին կիսամյակում 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ զգալի անկում գրանցվեց, որը, ըստ ԱՎԾ-ի ճշգրտված տվյալների, կազմել է շուրջ 35%: Այսինքն՝ այս տարվա աճն այդչափ զգալի է, քանի որ համեմատվել է նախորդ տարվա կտրուկ նվազած ցուցանիշի հետ։ Իսկ, իրականում, վերականգնվել են 2014-ի ծավալները և նոր միայն աճ է գրանցվել, որը բոլորովին էլ մոտ 90% չէ, այլ՝ շուրջ 25%, եթե համեմատում ենք այս տարվա և 2014-ի առաջին կիսամյակների ցուցանիշները։
Թե´ ՌԴ նախագահը, թե´ ՀՀ նախագահը շեշտել են, որ դրական արդյունքները (իսկ դրական ասվածն այստեղ շատ հարաբերական է) գրանցվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո։ Բայց այստեղ ևս կարևոր հարց կա՝ ի՞նչ հիման վրա են նման հայտարարություններ արվել։ Արդյոք ավելի դրական ցուցանիշներ չէ՞ին գրանցվի, եթե ՀՀ-ն չանդամակցեր ԵԱՏՄ-ին։ Եթե ոչ և եթե տուժեր ՀՀ տնտեսությունը, ապա՝ ինչ ծավալներ կունենային վնասները և այլն։ Այս ամենի մասին որևէ լուրջ և ամբողջական ուսումնասիրություն կամ հետազոտություն մինչ այսօր դեռևս չենք հանդիպել։ Եվ այստեղից էլ մյուս կարևոր հարցը՝ ի՞նչ հիման վրա պետք է վստահել այդ հայտարարություններին։
լուսանկարը` president.am
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել