HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսար․ Լավ լուր

Ժողովո՛ւրդ, ինչքան էլ ծանր հիվանդ լինեք՝ չմեռնեք։ Ոտներդ կախ գցեք, որովհետև մահվան մասին նոր դեկրետ է մշակված երկնքում, և ըստ այդ դեկրետի մեռնելու կարգը բոլորովին փոխվելու է։ Ես այդ հաստատ գիտեմ, այնպես որ սպասեք նոր ձևով մեռեք, ափսոս եք։

Աստված մի ելույթ է ունեցել երկնայինների առաջ և հայտնել, որ մտադիր է կրճատել հոգեառ հրեշտակների շտատը, որովհետև ապարատը խիստ ուռճացել է, և իր ֆինանսները այլևս չեն ներում։

Եվ կարդում է իր կազմած նախագիծը։

Ըստ այդ նախագծի` բոլոր մարդկանց հոգիները առնելու համար պիտի պահի մի Սերովբե և մի Քերովբե, արգելվում է անհատական մահը։ Մարդիկ պիտի մեռնեն կոլեկտիվ հայտերով կամ ազգովին, իսկ այդ ժամանակ երկու հոգեառ խիստ բավական կլինի։

- Ես չեմ կարող ամեն մեռնողիետևից մի առանձին հոգեառ ուղարկել, - ասել է Աստված վերջում, - մարդիկ թող կարգ ու կանոն սովորեն։

Մեզ համար ուրախալի է, անշուշտ, որ կյանքին զուգընթաց, մահն էլ է առաջադիմում։ Այլապես ինչքան անհարմար բան է ստացվում, երբ դարերի ընթացքում քաղաքակրթված մարդը, նախապատմական մի վայրենու պես մեռնի։ Իսկ անհատապես մեռնելը, ըստ իս, կատարյալ, վայրենություն է։

Հնի մնացուկ։

Եթե Աստված ազգովին մարդկանց հոգին առնի՝ մի հոգեառ արևելյան կիսագնդում աշխատի, մի հոգեառ՝ արևմտյան, և դա շատ է՝ քիչ չէ։

Շատերը հարցնում են․

- Ո՞ր ազգն առաջ պիտի մեռնի։

Պատասխանը պարզ է․

- Այն ազգը, որ հասակով մեծ է, որը որ իր տարիքն առել է։ Բա հոգեառը խոմ չի՞ գա կանգնի երեկ նոր անկախություն ստացած աֆրիկյան պետությունների առաջ, թե՝ ձեր հոգին տվեք․․․

Եթե ազգերի հասակի կարգը նկատի առնվի, հայ ազգն առաջին հերթին կգնա, որովհետև նա իր սկիզբն առնում է դեռ Ուրարտական շրջանից ․․․

Այնուհետև կգան ասորաբաբելացիք, որոնք կարծես նախազգալով գալիքն արդեն իսկ կոլեկտիվ մեռան։

Բայց ես կուզենայի, որ առաջինը հայ ազգը չմեռներ։ Այդ ասում եմ ոչ թե նրա համար, որ ես հայ եմ։ Ո՜չ, ինձ համար ազգիս հետ մեռնելն անմահություն է։ Այլ ես հոգեառի մասին եմ մտածում միայն, որովհետև հայի հոգին առնելն այնքան էլ հեշտ բան չէ։

Մենք հնում բաժանված ենք եղել բազմաթիվ իրար ներհակ նախարարությունների, իսկ ներկայիս՝ իրար թշնամի կուսակցությունների միջև։

Դաշնակն ու ռամկավարն իրենց ողջ կյանքում իրար սոսկալի ատել են նրա համար, որ այսօր սեր և համերաշխ մեռնե՞ն։ Դա լսվա՞ծ բան է։

Հոգեառ հրեշտակը զուտ հայ որտե՞ղ գտնի, որ նրա հոգին առնի։ Բոլորը կամ հայ-կաթոլիկ են, կամ հայ-բողոքական, հայ-դաշնակցական, հայ-հնչակյան ու հայ-ռամկավար։

Դե ա՛ռ դրանց հոգին, տեսնեմ ինչպէս պիտի առնես։

Ու եթե հրեշտակը սկսի նախարարների ու կուսակցականների հոգին մեկ-մեկ առնել, դա նշանակում է, արդեն անցնել մեռնելու նախկին մեթոդին։ Այսինքն անհատական մահվան։

Ավելին։

Որովհետև մեր ազգը շատ հատվածներ ունի, քան անհատներ։

Այնպես որ Աստված հազիվ կարողանա իր նոր օրենքը հայ ազգի նկատմամբ կիրառել։

Լավ կանի, որ իբրև բացառություն մեր ազգին հանի մեջտեղից։ Թող մի քիչ երկար ապրի, վնաս չկա։ Մանավանդ որ մի բախտավոր վիճակում էլ չի գտնվում։ Առաջ թող բոլոր ազգերի հոգին առնի, հետո շաբաթօրյակի կարգով, բոլոր երկնային հրեշտակներին մոբիլիզացիայի ենթարկի և մեզ հավաքելով, հանդերձյալ աշխարհին արժանացնի։

Բայց այստեղ էլ մի ուրիշ դժվարություն։

Համաձայն մահվան օրենքի, մեռնելուց հետո բոլոր տարաձայնությունները պետք է լռեն, իսկ հայերի մեջ դա անհնար է։

Տեխնիկական հնարավորություն չկա հայերի հոգին առնելու, և բոլոր նշաններից երևում է, որ մենք կմնանք անմահ։

Խոսքս վերջացնելուց առաջ, անեմ իրավացի նկատողություն։

Իր նոր օրենքում Աստված ինչո՞ւ նկատի չի ունեցել այն հանգամանքը, որ աշխարհում կան ռազմական միավորումներ, ինչպես ՆԱՏՕ, ՍԵՆՏՕ, ՍԻԱՏՕ և մի քանի նման «ՏՕ»-եր, որոնց մեջ մտնում են բազմաթիվ ազգեր։ Ինչո՞ւ սրանց բոլորին մի հոգեառ չի նշանակել։

… Իսկ եթե Աստված ուզում է ոչ մի ծախս չանել մարդկանց հոգին առնելու համար, թող սկսի ատոմային փորձարկումներ կատարել։

Երկու մեծ ռումբ ձեռք բերեց՝ կարող է իր հոգեառներին հանգստյան կոչել․․․

1963

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter