
«ԼՂՀ ժողովուրդն ինքն է որոշելու՝ անհրաժեշտ պահին կգնա՞ ինչ-որ փոխզիջումների, թե՞ ոչ»
«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ վարչապետի խոսնակ, քաղաքագետ Արտակ Բեգլարյանը
-Օգոստոսի 10-ին ՀՀ և ՌԴ նախագահների մոսկովյան հանդիպումը բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել լրատվամիջոցներում, սոցցանցերում: Հիմնական խոսակցությունը վերաբերում է ենթադրյալ ձեռքբերված գաղտնի պայմանավորվածություններին: Ի՞նչ եք կարծում՝ իսկապե՞ս պայմանավորվածություններ եղել են:
-Բնականաբար, չեմ կարող ասել, թե ինչ կուլիսային պայմանավորվածություններ են եղել: Ցանկացած բանակցություն էլ ունի և՛ գաղտնի, և՛ հրապարակային մաս: Կարող եմ միայն մեկնաբանել հրապարակային մասը: Նմանատիպ որոշ պայմանավորվածություններ հրապարակայնացվել են և՛ մայիսյան, և հունիսյան հանդիպումներից հետո: Դրանք գլխավորապես վերաբերում էին փոխվստահության ձևավորման, ինչպես նաև զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմներին: Այսինքն՝ ըստ պաշտոնական հայտարարությունների նշեմ, դա վերաբերում էր կոնկրետ հետաքննությունների մեխանիզմներին (կարող են լինել տեխնիկական միջոցներ և այլն) և նաև ԵԱՀԿ դիտորդների քանակի աճին: Կարծում եմ՝ այս պայմանավորվածությունների մասին միայն կարող ենք ենթադրել, իսկ այլ պայմանավորվածությունները կարող են լինել կասկածներ, ենթադրություններ, այսինքն՝ հիմք չունենք դրանց մասին պաշտոնապես խոսելու:
-Օրինակ, խոսվում է «հողեր հանձնելու» գաղտնի պայմանավորվածության մասին:
-Դա միայն կարող են ենթադրել, անվստահությունից ելնելով, կասկածել: Հողերի մասին բոլորը պետք է իմանան, որ ուղղակի անիմաստ է խոսել դրա մասին: ԼՂՀ ժողովուրդն ինքն է որոշելու՝ անհրաժեշտ պահին կգնա՞ ինչ-որ փոխզիջումների, թե՞ ոչ: Բոլորը հասկանում և փաստում են դա: Իսկ ԼՂՀ ժողովուրդն այժմ և, կարծում եմ, նաև ապագայում, միտում, նպատակ չունի հողեր հանձնելու: Դա մեր հայրենիքն է: Դրա մասին ընդհանրապես քննարկում չկա գոնե մեզ մոտ: Նույնիսկ ակնարկ չկա, որ այս պահին գաղտնի պայմանավորվածություններ կան դրա վերաբերյալ:
-Օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է, որ ԼՂ խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Սա ի՞նչ է ենթադրում:
-Ես չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչ է ենթադրում: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը բանակցող կողմ է, և բանակցություններում միշտ էլ պետք է լինեն փոխզիջումներ, այսինքն՝ այդպես է ընկալվում: Թե այդ փոխզիջումներով ինչ նկատի ունեն, թե նկատի ունենալն արդյոք իրականություն է դառնալու ըստ ՀՀ պաշտոնական դեմքերի, թե դա ուղղակի բանակցվող տարբերակ է և այլն, իմ որոշելու հարցը չէ: Բայց, կարծում եմ, բնականաբար, բանակցություններ են ընթանում, և որոշակի տարբերակներ քննարկվում են: Իսկ քննարկվող տարբերակները դեռևս չեն նշանակում, որ իրականություն են դառնալու:
-Մոսկովյան հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է հետևյալը. «Պետք է գտնել այնպիսի մոտեցումներ, այնպիսի ուրվագծեր, որոնց դեպքում, ինչպես ես արդեն ասել եմ, ոչ ոք իրեն չի զգա հաղթող կամ պարտվող»: Ձեր կարծիքով՝ նման լուծո՞ւմ կա, որ երկու կողմերն էլ չգան իրենց հաղթող կամ պարտվող:
-Այս պահին չեմ տեսնում դրա հնարավորությունը, բայց ողջունելի է, որ ՌԴ նախագահն այդպիսի հայտարարություն է արել: Դա բխում է հենց միջնորդական առաքելության տրամաբանությունից: Այդ պատճառով նաև որոշակիորեն պատասխան էր այն մեղադրանքներին, որ Ռուսաստանը փորձում է թելադրել կամ պարտադրել ինչ-որ լուծում: Ենթադրում եմ, որ Պուտինի խոսքն ուղղված է նաև այդ բամբասանքները, մեղադրանքները հերքելուն: Նա շեշտեց, որ երկու կողմերը պետք է գտնեն լուծումը, և ինչ-որ մեկը չպետք է հաղթող կամ պարտվող լինի: Սա արդեն ողջունելի է, քանի որ Ադրբեջանն է առաջնահերթորեն փորձում հաղթող կողմ լինել և ձեռք բերել առավելագույնը: Իսկ այս դիրքորոշումների, նաև արտաքին և ներքին գործոնների պայմաններում չեմ կարծում, որ այս պահին այդպիսի հնարավորություն կա:
-Ի վերջո, Արցախին ի՞նչ են տալիս նման հանդիպումները:
-Խաղաղություն, եթե նույնիսկ փխրուն, բայց գոնե խաղաղություն:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել