HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երգի պատմություն. «Personal Jesus»

Նաիրա Հայրապետյան

Էլեկտրոնային երաժշտությամբ աշխարհում ամենահայտնի բենդին` «Depeche Mode»-ին մեր երաժշտական շարքում առաջին անգամ ենք անդրադառնում: 80-ականներից սկիզբ առնող նրա պատմությունը անփոխարինելի հետքեր է թողել ժամանակակից երաժշտության մեջ, որտեղ խումբը նոր ու առանձնահատուկ ճանապարհ է հարթել` ռոք և էլեկտրոնային տեսակների սինթեզմամբ:

Անգլիական ծագմամբ «Depeche Mode»-ը (Դիփեշ Մոուդ) աշխարհի ամենահաջողակ խմբերից մեկն է: Այն ունի նաև երաժշտասերների ինքնատիպ բանակ, բազմաթիվ հիթեր, որոնցից շատերը, չնայած արդեն մոտեցող 30-ամյա հեռավորությանը, շարունակում են հնչել ու պահանջարկ վայելել մինչ օրս, նոր սերնդի նախասիրություններում: Դրանցից մեկն է «Personal Jesus»-ը:

«Այս երգն այն մասին է, թե ինչպես ինչ-որ մեկը կարող է Հիսուսի արժեքն ունենալ մյուսի համար. դառնալ մեկը, ով հույս է ներշնչում և հոգ տանում քո մասին,- այսպես է մեկնաբանում հանրահայտ «Personal Jesus»-ի իմաստը հեղինակը` Մարտին Գորը (խմբի կիթառահար, ստեղնաշարային, երգահան և երգիչ):

Երգը գրվեց «Ես և Փրեսլին» գրքի ազդեցությամբ: Ինքնակենսագրական այս գրքի հեղինակը դերասանուհի Փրիսցիլա Փրեսլին էր` լեգենդար Էլվիս Փրեսլիի կինը: Գիրքը լույս է տեսել 1985թ., իսկ 1987թ.-ին նրա հիման վրա հեռուստատեսային ֆիլմ նկարահանվեց: Կնոջ պատմությունները ռոքնռոլի արքայի, նրա հետ առաջին ծանոթության, սիրո և համատեղ կյանքի, ապա` բաժանման, դրանց նախորդած պատճառների ու հետագա  հուզիչ պատմությունների մասին, հավանաբար փխրուն զգացողություններ էին արթնացրել Մարտին Գորի հոգում, որոնց տպավորությամբ էլ նա գրեց խմբի ամենահայտնի երգերից մեկը` «Personal Jesus»-ը:

«Այս երգը այդ կնոջ համար Էլվիսի ամուսին և ուսուցիչ լինելու մասին է. այն մասին, թե որքան հաճախ են նման բաներ պատահում երկու իրար սիրող մարդկանց հարաբերություններում ...երբ յուրաքանչյուրի սիրտն ինչ-որ առումով Աստված է դառնում մյուսի համար, մինչդեռ  մեկ ուրիշն  այս ամենը ոչ այնքան բանական վիճակ է համարում»

«Personal Jesus»-ը, այլ կերպ ասած,  մարդու մեջ գոյություն ունեցող «անհատական, անձնական Հիսուս» -տեսակի կամ նշանակության մասին էր: Տեսակ, որը միգուցե անհասկանալի կամ անհասանելի է շատերին, քանի որ անհատական ներաշխարհի ու զգացմունքային մեծ ալիքի մեջ է սկիզբ առնում: 

«Your own personal Jesus

Someone to hear your prayers

Someone who cares

Your own personal Jesus

Someone to hear your prayers

Someone who’s there …»

«Depeche Mode»-ը «Personal Jesus»-ը ձայնագրեց 1989թ-ին: Երգի սկզբից անգամ նկատելի է դառնում, որ նրանում ընդգծված տարբերություն կար նախորդ գործերի համեմատ: «Just Can't Get Enough», «See You», «People are People» և այլն. սրանք երաժշտական հիթեր էին ու առանձնահատուկ տեղ ունեն խմբի գործունեության մեջ: Սակայն «Personal Jesus»-ը կտրականապես այլ երաժշտական «տեսք ու ձև» ուներ, որի համար էլ միանգամից ուշադրություն գրավեց, դարձավ նոր ու յուրօրինակ աշխատանք` առանց այդ էլ բոլորովին նոր ու յուրօրինակ այդ խմբի գործունեության մեջ:  

Այս երգի պատմությունը հետաքրքիր է նաև նրա PR մատուցմամբ: Այնպես ստացվեց, որ ճիշտ աշխատանքի արդյունքում «Personal Jesus»-ը մեծ պահանջարկ սկսեց վայելել նախքան թողարկվելը: Իսկ երբ լույս տեսավ սինգլը, նույն աշխատանքի արդյունքում ձևավորված պահանջարկը սպառման մեծ դաշտ ապահովեց նույնիսկ ապագա ալբոմի համար: Հենց Մեծ Բրիտանիայում սինգլի պրոպագանդմամբ զբաղվեց գովազդային մի ընկերություն, որը հանդես եկավ չափազանց հետաքրքիր և յուրօրինակ գաղափարով: Մինչ սինգլի թողարկումը` տեղական մի քանի թերթերում` հայտարարությունների բաժնում, տեղադրվեց մի փոքրիկ տեքստ: Իր բովանդակությամբ անհասկանալի և ինչ-որ տեղ տարօրինակ այդ հայտարարությունը, կազմված էր ընդամենը մեկ նախադասությունից` «Ձեր սեփական անձնական Հիսուսը»: Որոշ ժամանակ անց, երբ բավականաչափ հետաքրքրասերներ էին փորձել նրա իմաստը «բացահայտել» ու մեկնաբանել, այս հայտարարության կողքին ավելացավ հավելյալ տեղեկություն ենթադրող մի հեռախոսահամար: Կարճ ու անհասկանալի այս տողը անմիջապես իր վրա էր սևեռում ընթերցողի ուշադրությունը, ով փորձելով հասկանալ, թե այնուամենայնիվ ինչ էր այդ հայտարարությունը նշանակում, անմիջապես հավաքում էր նշված հեռախոսահամարը:  Եվ լսափողից այն կողմ հնչում էր «Personal Jesus»-ը…

Երբ 1989թ-ին վերջապես ձայնագրությունը թողարկվեց, երաժշտասեր հանրության ողջ ուշադրությունն արդեն կլանված էր «Personal Jesus»-ով: Ամիսներ անց երգը ներկայացվեց նաև որպես խմբի յոթերորդ ստուդիական ալբոմի` «Violator»-ի գլխավոր սինգլ: Չնայած ալբոմը լույս էր տեսել հայտնիության սահմանը հատած  երգից ավելի ուշ` հաջորդ տարում, սակայն դա ամենևին չխանգարեց նոր հաջողություններ և հիթային զարգացումներ նվաճելուն` ապահովելով նաև այս մեկի վաճառքը: «Personal Jesus»-ն իր բոլոր ձեռքբերումներով գերազանցեց իր նախորդին` «Enjoy the Silence» երգն ու դարձավ ամենահայտնի, ամենավաճառվածն ու պահանջվածը խմբի պատմության մեջ:

«Personal Jesus»-ը համաշխարհային հիթ էր: Երգի սինգլը բրիտանական երաժշտական հորիզոնականներում հասավ 13-րդին: Գերմանական հիթ-շքերթներում ամենաերկարակյաց երգն էր. ունկնդիրները թեժ հորիզոնականներում պահեցին 23 շաբաթ անընդմեջ: ԱՄՆ-ում այն դարձավ խմբի առաջին ոսկե սինգլը: «Personal Jesus»-ը շատ կարճ ժամանակամիջոցում դարձավ «Depeche Mode»-ի բեսթսելլերը, ամենապահանջվածն ու ամենահայտնին: Հետագայում, իհարկե, նրան հաջորդեցին նորերը, որոնց հետ արդեն երգը համալրեց խմբի լավագույն և մեծագույն հիթերի շարքը:

Շատ հայտնի երաժիշտներ են հետագայում կատարել «Personal Jesus»-ը, և նրանցից ամեն մեկը մեկնաբանել է յուրովի` իր ոճին և ընկալմանը հատուկ մատուցմամբ: Սակայն իր բազմաթիվ մեկնաբանությունների մեջ մինչ օրս ամենահաջողվածն ու սիրվածը համարվում է քանթրի երաժշտության խորհրդանիշ Ջոնի Քեշի քավըրը: Ակուստիկ տարբերակով հնչող այս «Personal Jesus»-ը թողարկվեց 2002 թվականին, Քեշի 87-րդ ստուդիական ալբոմի կազմում` «American IV: The Man Comes Around »-ում: Ալբոմում ընդգրկված երգերը մեծ մասամբ քավըր կատարումներ էին, հայտնի երգեր, որոնք Քեշը ներկայացնում էր սեփական ոճով և իր յուրահատուկ մեկնաբանությամբ: Բնականաբար նա դիմում էր նաև որոշ փոփոխությունների. «Personal Jesus»-ում, օրինակ, բավականին աշխատանք տարվեց կիթառի ուղղությամբ, որի համար հրավիրվեց Ջոն Ֆրուշանտեն` հանրահայտ «Red Hot Chilli Peppers» խմբի կիթառահարը: Նման վերանայման և մեկնաբանության արդյունքում երգը ստացավ բլյուզային երանգ, որը ևս ջերմությամբ ընդունվեց երկրպագուների կողմից: Ֆրուշանտեն ակուստիկ «Personal Jesus»-ը նվագեց մեկ այլ հայտնի կիթառահարի` Մայք Քեմփբելի հետ:

Ի դեպ, «Personal Jesus»-ը «Depeche Mode»-ի այն ստեղծագործությունն էր, որտեղ առաջին անգամ էր կիթառը գործածվել որպես դոմինանտ գործիք:

Բավականին հիշարժան մեկնաբանություն է համարվում նաև Մերլին Մենսընի տարբերակը:

«Personal Jesus»-ը օգտագործվել է մի քանի գեղարվեստական ֆիլմերում և հայտնի գովազդային հոլովակներում: 2011թ. «Depeche Mode»-ը ներկայացրեց երգի նոր տարբերակ` «Personal Jesus (The Stargate Mix)» անվամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter