
Եղիշե Պետրոսյան. «Վիճակս մի փոքր կայունանա, անպայման վերադառնալու եմ Ազատության հրապարակ»
Երգահան, հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը, որը հուլիսի 30-ից բուժում էր ստանում «Աստղիկ» բժշկական կենտրոնում, արդեն երեք օր է՝ դուրս է գրվել: Բուժումն ու ապաքինումը նա շարունակում է տնային պայմաններում:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Եղիշե Պետրոսյանին ներկայացվել էր ձերբակալելու մասին որոշում՝ կապված հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներին։ Սակայն օգոստոսի 5-ին Պետրոսյանին ազատ արձակելու որոշում էր կայացվել՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանումով:
«Վիճակս մի փոքր կայունանա, անպայման վերադառնալու եմ Ազատության հրապարակ: Հույս ունեմ՝ մեկ շաբաթից կրկին կմիանամ պայքարին: Այս պահին միակ բանը, որ կխնդրեմ հասարակությանը՝ ոչ մի քաղբանտարկյալի աչքաթող չանելն է, և ակցիաները շարունակեն՝ այդ մարդկանց օգտակար լինելու համար»,- նշեց Պետրոսյանը:
Մեկնաբանել