
Ազգային-ազատագրական խաբկանքի որոգայթում. Նոր Սասնա ծռերը թիրախը փոխում են
Հարց՝ Ի՞նչ է նշանակում «Ազգային ազտագրական պայքար»: Պատասխան՝ երբ մի ժողովուրդ պայքարում է անկախություն ձեռք բերելու համար:
Հարց՝ Իսկ ե՞րբ է ավարտվում ազգային ազատագրական պայքարը: Պատասխան՝ երբ ժողովուրդը անկախություն է ձեռք բերում:
Հարց՝ Ե՞րբ է ավարտվել Սովետական Հայաստանի ժողովրդի ազգային ազատագրական պայքարը: Պատասխան՝ երբ 1991 թվի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանը անկախ հռչակվեց և բազմաթիվ երկրներ ու նաև Ռուսաստանը ճանաչեցին այն, ու երկիրը դարձավ ՄԱԿ-ի անդամ:
Բայց երեկ Սասնա ծռերի շարժման նոր խորհրդի առաջին ցույցին՝ հուլիսի 19-ի Հայազն կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը Օպերայի հրապարակում հայտարարեց, թե սա ազգային ազատագարական շարժում է և ընթերցեց Ժիրայր Սեֆիլյանի թուղթը, թե Հայաստանը Ռուսաստանի գաղութն է:
Աշխարհում անզիջում առճակատում է գնում Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ԱՄՆ-ն հետևողականորեն նորանոր երկրներ է ներգրավում Ռուսաստանի դեմ օղակը սեղմելու համար: Հակառուսական տրամադրություններ ներշնչելու արդյունավետ ձևերից մեկը ազգայնական զգացմունքներ խաղացնելն է, գաղութացման մասին փուչիկներ փչելը՝ թե Հայաստանը գաղութացված է Ռուսաստանի կողմից, եկեք պայքարենք ազատագրենք:
Մի քիչ բարդ է անկախ երկրի բնակչությանը համոզել, որ իր երկիրը գաղութ է, ուրեմն պետք է հնարավորինս ավելի ռադիկալ ազգայնականություն, որը սահմանում է ինքնիշխանությունը որպես որևէ կախվածության բացակայություն: Եթե հայ ազգայնականները անկեղծ են, ապա նրանց ուզածը Հյուսիսային Կորեան է, աշխարհի ամենաանկախ երկիրը, իսկ եթե խաղ են անում ուրեմն դա ուրիշի խաղն է: Բայց երկու դեպքում էլ կամա թե ակամա երկիրը դարձնում են գործիք Արևմուտքի ձեռքին:
Հարց՝ Ի՞նչ եղավ այն բանից հետո, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն: Պատասխան՝ իշխանության եկած ՀՀՇ-ն (որի անդամ են եղել Հայաստանի երեք նախագահները), իշխանության կլանները, ապա Հանրապետականն ու նրա արբանյակ կուսակցությունները Սովետից անկախացրած ունեցվածքը սկսեցին բաժանել իրար մեջ ու յուրացնել, ու այդ պրոցեսը շարունակվում է մինչև հիմա:
Եվ երբ Արմեն Հովհաննիսյանը Օպերայի հարթակից ազգային ազատագրական պայքար էր մղում Ռուսաստանի դեմ, նույն պահին անկախ երկրի ունեցվաքի նոր յուրացման արարողություն էր տեղի ունենում՝ սկսվեց Ամուլսարի ոսկու հանքի շինարարության մեկնարկը, որտեղ ոչ թե Ռուսաստանի, այլ Մեծ Բրիտանիայի դեսպանն էր ելույթ ունենում՝ Ջուդիթ Ֆարնուորթը, իսկ յուրացնող գործընկերն էլ ոչ թե ռուսական, այլ բրիտանական ընկերություն է: «Հետքը» տեղեկացնում է. «Հարյուրից ավելի հյուրերին, համայնքների ներկայացուցիչներին և ընկերության աշխատակիցներին դիմելով Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորեց բոլոր շահագրգիռ կողմերին Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ»:
Ի՞նչ մեկնարկ է սա, շատ պարզ բանի՝ համաժողովրդական հարստություն հանդիսացող Ջերմուկի ոսկու հանքի եկամուտը կհոսի հայ ղեկավարի և Լիդիան Ինթերնեյշնլի գրպանները, իսկ Հայաստանի բնությունը կաղտոտվի, մարդիկ էլ ավելի կաղքատանան կամ կարտագաղթեն:
Նվեր չի՞ իշխանությանը, որ Օպերայի բակում հավաքված բազմությունը պայքարում է ոչ թե Ամուլսարի շահագործման, այլ Ռուսական կայսրության դեմ:
Եթե գաղութացվել բառը անպայման պետք է օգտագործել, ապա Հայաստանը գաղութացրել է ոչ թե Ռուսաստանը, այլ կապիտալը:
Հողմաղացների դեմ պայքարը վտանգավոր է, եթե հողմաղացի տեղը Ռուսատանն է:
Ո՞ր երկիրը կուզի, որ հարևան երկրում իշխանության գան իրեն թշնամի ուժեր: Ոչ մեկը, իսկ եթե հնարավորություն ունենա, թույլ չի տա ու կաջակցի նրան, ով իր հետ չի թշնամանում:
Նույնն էլ Ռուսաստանը, նրա շատ պե՞տքն է, թե Ամուլսարի ոսկու կամ Քաջարանի մոլիբդենի եկամուտները ուր կգնան` բյուջե՞, թե՞ ինչ-որ տրանսնացիոնալ ընկերության ու երկրի նախագահի գրպանները՝ ով էլ որ այդ նախագահը լինի: Նա միայն մի բան կուզի, որ հակառուսական ուժեր չգան իշխանության:
Իսկ Սասնա ծռերի շարժումը վարող Արմեն Հովհաննսյանը մի օր առաջ տված հարցազրույցում ասում է՝ «Չկա հակառուսկանության մի չափ, որ ինձ համար անընդունելի լինի»:
Իսկ իր ֆբ էջում էլ գրել է. «Այն հայը, որ առանձին, ինքնիշխան և ազատ հայկական պետության կողմնակից չի՝ ազգային շրջանակից դուրս է մնում»։
Այս երկու պնդումները իրար կողք որ դնենք, կստացվի «այն հայը, ով հակառուս չի, ազգային շրջանակից դուրս է մնում», տիպիկ ֆաշիզմ՝ կրկնակի ֆաշիզմ՝ և´ ռուսների դեմ, և´ էն հայերի ովքեր ռոսւների դեմ չեն, այսինքն ֆաշիզմ Հայաստանի բնակչության ստվար մասի նկատմամբ: Պամտական զուգահառները ականառու են:
Լայն զանգվածների մեջ հակառուսություն չկա, հակառակը, գնաս Գյումրի, Վանաձոր, Մարտունի կամ մի ուրիշ քաղաք գրեթե ամեն ընտանիք կապված է Ռուսաստանի հետ, ծանր կյանքից ազատվելու համար նայում է Ռուսաստանի կողմը, բա ո՞ւր նայեն՝ Արևտյան երկրներ գնալը բարդ է, վիզայի խնդիր կա, իսկ Ռուսաստան խնդրեմ՝ տոմսը առ ու գնա: Այս բոլորին Արմեն Հովհաննիսյանը ազգային շրջանակից դուրս է դնում:
Բայց քաղաքացիական հասարակությունը՝ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ ստեղծում են Հայաստանի մեկ այլ պատկեր՝ ռուսաֆոբ կամ հակառուսական պատկերը: Այսինքն, նրանք ովքեր հայտ են ներկանացնում իշխանափոխության, հիմա էլ հարթակում են, հակառուս են, իսկ Մոսկվան էլ տեսնում է ու ինչքան էլ Սերժին չսիրի, կասի՝ էկեք Սերժ Սարգսյանին պաշտպանենք, որ հանկարծ հակառուսները իշխանության չգան:
Էս էլ քեզ մի ուրիշ նվեր իշխանությանը, ինչքան հնարավոր է հակառուսություն տարածել, ցույց տալ թե Հայաստանը հակառուս է, որ Մոսկվան ստիպված Սերժ Սարգսյանին թիկունք կանգնի:
Ուրեմն, մի կողմից իշխանությունն է ստեղծում հակառուսական թերթեր և կուսակցություններ, որ Ռուսաստանի հետ առևտուր անի՝ տես երկիրը ինչ հակառուս է, որ թողենք կմտնեն ՆԱՏՕ, դե ձրի զենք տուր ու նման բաներ, մյուս կողմից էլ Արևմուտքն է ֆինասավորում հակառուսական ՀԿ-ներ, կուսակցություններ ու թերթեր Ռուսաստանի դեմ օղակը սեղմելու համար: Կան կուսակցություններ ու թերթեր որ երկու տեղից էլ օգտվում են` և՛ Արևմտյան գրանտներից, և՛ իշխանության ֆինանսավորումից ու հովանավորումից:
Հակառուսական ուժերը ինչքան էլ Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջեն, ծառայում են նրան, ամեն ինչ անում են, որ Ռուսաստանը իրենցից վախենա ու ստիպված Սերժ Սարգսյանին պաշտպանի՝ էկեք սրան տեր կանգնենք, թե չէ Ամերիկան տես ում ա բերելու իշխանության:
Ինքս իմ համերաշխությունն եմ հայտնել Սասնա ծռերին` որպես անձնազոհ մարդկանց, ովքեր ձգտում էին արդարություն հաստատել երկրում, ինչպես Պավել Մանուկյանը հայտարարեց՝ «ժողովրդից թալանվածը վերադարձնենք ժողովրդին»:
Բայց փողոցում ցույցերը հետզհետե հակառուսական երանգ սկսեցին ստանալ, Երևանի նախկին փոխքաղաքապետ Ալբերտ Բաղդասարյանն ու Պարույր Հայրիկյանը ցույցերը սկսեցին տանել Ռուսական կայսրության դեմ պայքարի ուղղությամբ: Գուցե սա Սասնա ծռերի գիծը՞ չէր, բայց ես այլևս չէի մասնակցում:
Պավելին վիրավորեցին, հետո` ապստամբության վերջին օրերին Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետսյանը հայտարարեց. ««Սա ռուսական գաղութատիրության դեմ ձևավորվող ազատագրական պայքար է»: Իսկ զենքը վայր դնելու օրը՝ հուլիսի 31-ին, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իրենց պահանջը ռուսական սահմանապահներին դուրս բերելն է:
Բայց ինչո՞ւ առաջին օրը չհայտարարեց, որ Ռուսաստանի դեմ են պայքարում, եթե մյուս Սասնա ծռերը համաձայն են, ապա ասեմ՝ որ ես դրա համար չէի համերաշխություն հայտնել իրենց:
Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում գաղութատիրություն չի, փոխշահավետ համագործակցություն է: Հանեք ռուսական բանակը, և երկու երկրներն էլ կտուժեն՝ կթուլանան Ռուսաստանի շահերը տարածաշրջանում, կկորցնի մի թիկունք, որն ուժ էր տալիս ռազմական գործողություններ անել, ինչպես դա եղավ Սիրիայում, Կոկվկասյան լեռներից մինչև միջին Արևել և այն կողմ, չի ունենա ոչ մի հենման կետ, իսկ Հայաստանն էլ կհայտնվի Թուքրիայի պահանջների թիրախում, Էրդողանը այլևս ոչ թե խոսքով կպահանջի Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, այլ ռազմական պրովոկացիաներով կթուլացնի Հայաստանի պաշտպանությունը, Ադրբեջանի համար կստեղծի ներխուժման բարենպաստ պայմաններ, որպես աջակցություն ռմբահարումներ կհասցնի Հայաստանի տարբեր օբյեկտների վրա, որից հետո Ադրբեջանը ոչ միայն Ղարաբաղը կգրավի, այլ իր իննսունութամյա երազանքը կկատարի՝ կմտնի Զանգեզուր: Իսկ հայ ազգայնականներ էլ մնացած հայության հետ կուչ կգան Երևանի շուրջը` երկնքից ստանալով հումանիտար օգնություն:
Թուրքիայի սահմանը ինչպե՞ս եք պաշտպանելու, երբ զորակոչը չի հերիքում Ադրբեջանի սահմանը պաշտպանելու համար:
Հայաստանից ռուսական բանակի դուրս բերումը Ադրբեջանին ու ՆԱՏՕ-ին են միայն պետք: Ահա թե ինչպես ռադիկալ նացիոնալիզմը, անկախության ծայրահեղացումը կարող են ծառայել ամերիկյան ու թուրքական շահերին ու ավերման տանել երկիրը: Այդպես, նաև ռադիկալ ձախությունն է մանիպուլացվել, ինչպես 1978-ին Իտալիայում ԱՄՆ-ն ծայրահեղ ձախերին օգտագործեց իր ծրագրերին հակառակվող քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ Ալդո Մորոյին սպանելու համար, քանի որ նա համագործակցում էր կոմունիստների հետ և խոչընդոտում ՆԱՏՕ-ի միջուկային հրթիռների տեղադրմանը Իտալիայում (տես «ֆիլմային զուգահեռներ...»):
Չգիտեմ, թե ով է ներշնչել Վարուժան Ավետիսյանին ու Ժիրայր Սեֆիլյանին հակառուսությունը, բայց մի բան հաստատ է` մանավանդ Սեֆիլյանը իր կյանքով վաստակել է վստահություն, բոլորը վստահ են, որ նա ազնիվ է իր ձգտումներում և խիզախ, բայց դրանք քաղաքական ծրագիր չեն, դրանք քիչ են զրկվածների սրտից խոսելու համար, և դրանք էլ կարող են օգտգործվել, ինչպես օգտագործվեց Կարմիր բրիգադների անդամների ազնվությունը:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել