
Բն փոխնախարար. «Տանզանիայում Արտյոմ Վարդանյանի ձերբակալման դեպքը վերաբերում է մասնավոր ֆիզիկական անձի և իր ձեռնարկատիրական գործունեությանը»
«Տանզանիայում Արտյոմ Վարդանյանի ձերբակալման դեպքը վերաբերում է մասնավոր ֆիզիկական անձի և իր ձեռնարկատիրական գործունեության հետ, որում ապօրինություն է հայտնաբերվել, և համապատասխան օրենսդրական արձագանք է ստացել: Եվ, բնականաբար, ՀՀ բնապահպանության նախարարությունը կամ որևէ այլ կառույց, կարծում եմ, որ այստեղ չի կարող գործ ունենալ»,- ասում է բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը՝ պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք ՀՀ բնապահպանության նախարարությունը որևէ կերպ ներգրավված է Տանզանիայում կենդանիների տեղափոխման համար ձերբակալված Արտյոմ Վարդանյանի և նրա եղբոր գործում:
Օգոստոսի 24-26-ը Հայաստանում տեղի է ունենում CITES (Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա) ազգային համակարգողների հանդիպում-սեմինար: Այն նպատակաուղղված է նաև Եվրասիական երկրների պատվիրակների միջև սերտ համագործակցության հաստատմանը նախքան CITES-ի տարեկան խորհրդաժողովը Յոհաննեսբուրգում, որին սեպտեմբերի 17-ին կմասնակցի նաև բնապահպանության նախարարության պատվիրակությունը: Հիմնական քննարկվելիք թեմաներն են փղերի և փղոսկրերի առևտուրը, ինչպես նաև այլ վտանգված կենդանատեսակների՝ թեփամորթերի, շնաձկների, ժակո թութակների և աֆրիկյան առյուծների առևտուրը:
«Հետքի» հարցին, թե արդյոք Յոհաննեսբուրգում Հայաստանին վերաբերող որևէ հարց քննարկվելու է, IFAW-Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Վորոնցովան պատասխանեց, որ անմիջական Հայաստանին վերաբերող հարցի քննարկում ներառված չէ, նախատեսված է քննարկել «Կովկասյան տուր» նախագիծը, որն առնչվում է Վրաստանին:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի անունը շրջանառվում է ստվերում՝ կապված վայրի կենդանիների ապօրինի առք ու վաճառքի, տրանզիտ երկիր լինելու հետ, և շատ դեպքեր են բացահայտվել, ինչն ամբողջ աշխարհում ստվեր է նետել Հայաստանի վրա: Ռուբեն Խաչատրյանը նաև նշեց, որ մինչև 2011թ. Երևանի կենդանաբանական այգին նույնպես ներգրավված է եղել այդ գործընթացներում, սակայն 2011-ից այն կասեցվել է: «Այս խնդիրը տեղային չէ, գլոբալ խնդիր է և Հայաստանում, և Հայաստանից դուրս»,- ավելացրեց Ռ. Խաչատրյանը:
Լուսանկարը՝ Հրանտ Գալստյանի
Լուսանկարում՝ ձախից՝ Ռուբեն Խաչատրյանը, Խաչիկ Հակոբյանը, Մարիա Վորոնցովան
Մեկնաբանել