
Փաստաբան. «Բոլորս էլ ներքին համոզմունք ունենք՝ այս բոլոր բողոքները մերժվելու են»
«Սասնա Ծռեր» խմբի անդամներից Արմեն Բիլյանը կշարունակի մնալ կալանքի տակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այսօր վերաքննիչ դատարանը մերժել է կալանքի վերացման վերաբերյալ Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանի բողոքը: Փաստաբանը դեռ որոշումը չի ստացել:
«Այն, որ այս ակտերի նկատմամբ որոշակի կանխատեսելիություն կա, բոլորին հասկանելի է; Ի վերջո, բոլորս էլ ներքին համոզմունք ունենք, որ այս բոլոր բողոքները մերժվելու են, համենայն դեպս` այս փուլում»,- «Հետքին» ասաց Բիլյանի պաշտպանը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը որպես կալանավորման հիմք նշել է թաքնվելու վտանգը և դրանով պայմանավորված քննությանը խոչընդոտելը: Հիմնավոր կասկածի հիմքում էլ, փաստաբան Ֆանյանի փոխանցմամբ, երեք տուժողի ցուցմունք է, սակայն այդ ցուցմունքները ստուգված չեն, առերեսում չի արվել, ճանաչման չեն ներկայացրել:
Արմեն Բիլյանը առողջական վիճակից ելներով՝ փաստաբանը չի միջնորդել նրա ներկայությունը բողոքի քննությանը: Նա փաստաբանի միջոցով փոխանցել է, որ չի ընկճվել, շարունակում է պայքարը և շնորհակալություն է հայտնում այն մարդկանց, ովքեր աջակցում են:
«Առավել շատ մտածում է իր ընկերների առողջական վիճակի մասին, քան իր, թեպետ ինքը կռացած է քայլում: Դինամիկ վատթարանում է առողջությունը. ոտքերը, ձեռքերը քարանում են ողնաշարից ճառագայթող ցավից»,- ասաց Արմինե Ֆանյանը՝ հիշեցնելով, որ ՊՊԾ գնդի տարածքում դիպուկահարի կրակոցից խուսափելու համար Բիլյանը բարձր պատնեշից վայր է ընկել ու վնասել ողնաշարը:
Անհրաժեշտ բժշկական հետազոտությունների համար փաստաբանը դիմումներ է գրել ՀՀ ԱՆ ՔԿՎ պետին, բանտի պետին, արդարադատության նախարարին հասցեագրված: Արմեն Բիլյանին առաջարկել են ռենտգեն հետազոտություն: Այնինչ մասնագետները նշում են, որ նրան անհրաժեշտ է մագնիսառեզոնանսային շերտագրում: Փաստաբանը նշեց, որ այդ հետազոտության համար միջոցներ են հավաքել, դարձյալ դիմել են համապատասխան պետական կառույցներ, որ պատրաստ են վճարել հետազոտության համար, սպասում են պատասխանի:
Հիշեցնենք՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը):
Մեկնաբանել