
Քաղբանտարկյալներին աջակցելու նպատակով ստեղծվել է բարեգործական հիմնադրամ
Քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով ստեղծվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը, որը ցուցաբերելու է իրավաբանական, ֆինանսական և անհրաժեշտ այլ աջակցություն: Հիմնադրամն արդեն պետական գրանցում ունի, նաև հաշվեհամար է բացվել:
Հիմնադրամի շրջանակներում ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդ, որի նախագահն է Արմենակ Կյուրեղյանը, անդամներն են՝ երգահան Եղիշե Պետրոսյանը, լրագրող Թեհմինե Ենոքյանը, Նանոր Սեֆիլյանը և Արուսյակ Հայրապետյանը:
Հիմնադրամն արդեն հավաքագրել է քաղբանտարկյալների և քաղհալածյալների անվանական ցուցակը, նրանց քրեական գործերը: Ցուցակում ընդգրկված են 68 քաղբանտարկյալներ, այդ թվում Շանթ Հարությունյանի գործով ձերբակալվածները:
Բարեգործական հիմնադրամն առաջնային է համարում միջազգային ատյաններում, կազմակերպություններում Հայաստանում առկա քաղբանտարկյալների և քաղհալածյալների մասին հավաստի տեղեկատվության հաղորդումը: Հոգաբարձուների խորհուրդը արդեն դիմել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դեսպանատներին:
«Ինչպես հասկացաք՝ շատ լուրջ մոտեցում ունենք այս ամենին: Կուզեի ավելացնել, որ բացի սոցիալական և իրավաբանական աջակցություններից, նաև նախատեսում ենք բժշկական աջակցություն ապահովվել: Տա Աստված, այդ ֆինանսական հոսքերը մեզ հնարավորություն տան առավել ընդգրկուն աջակցություն ցուցաբերել: Չպետք է աչքաթող անենք որևէ հալածյալի, տուժածի կամ քաղբանտարկյալի ընտանիքի: Կարծում եմ՝ մեր կողմից դա անբարոյականություն կլինի»,-նշում է հոգեբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանը վստահեցնում է, որ ֆոնդը աշխատելու է շատ թափանցիկ, ուշադիր կերպով և հսկողություն է սահմանելու ցանկացած ծախսի և մուտքի վրա: Նաև ստեղծվում է կայք, որտեղ ցանկացած փոխանցում և կատարված ծախս առցանց ներկայացվելու է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել