
Հնարավոր է՝ Անդրիաս Ղուկասյանն այսօր դադարեցնի հացադուլը
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ է տեսակցել իր պաշտպանյալին, ում առողջական վիճակը գնահատում է բավարար, առողջական լուրջ խնդիրներ չունի, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
«Ամենայն հավանականությամբ, Անդրիաս Ղուկասյանն օրվա ընթացքում հանդես կգա հայտարարությամբ և կդադարեցնի իր՝ 33 օր շարունակվող հացադուլը»,-նշում է փաստաբան Մեժլումյանը։
Թե ինչ հայտարարության է հանդես գալու Ղուկասյանը, Մեժլումյանը չի ցանկանում մանրամասնել՝ հորոդորելով սպասել։
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն օգոստոսի 1-ին հացադուլ էր հայտարարել հետևյալ պահանջով. «Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։
Մեկնաբանել