
ԲՆ տեսուչները չեն կարողացել հայտնաբերել արջի քոթոթին և դիմել են ոստիկանություն
Բնապահպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Հետքի» Գոգոլի փողոցի «բեսեդկայում» պահվող Կարմիր գրքում գրանցված գորշ արջի քոթոթին: Նախարարությունը նշել է. «Բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի տեսուչներն ահազանգի հետքերով նույն օրն այցելել են վերը նշված հասցե, սակայն քոթոթին այնտեղ չեն հայտնաբերել:
Ըստ քաղաքացիների բանավոր հայտարարության՝ կենդանին տեղափոխվել էր Երևանի Սևանի փ. 17 հասցե: Սակայն նշված հասցեում ևս տեսուչները չեն հայտնաբերել արջի քոթոթին:
Համացանցային հրապարակումից երևում է, որ կենդանու նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք («Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդված), ուստի ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գնդապետ պարոն Ս. Մարտիրոսյանին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ վայրի կենդանուն հայտնաբերելու և դրա ճակատագիրը տնօրինելու նպատակով»:
Հ.Գ. «Հետքի» հրապարակման մեջ նշել ենք, թե ով է արջի «սեփականատերը»: Եթե նախարարությունը չի կարողանում գտնել տիրոջը, ապա կարող են զանգահարել «Հետքի» խմբագրություն, մենք նրանց կտրամադրենք տիրոջ հեռախոսահամարը և նրա բնակության հասցեն:
Մեկնաբանել