
Դեսպանները հրաժարվում են գույքի ու եկամուտների հայտարարագրեր ներկայացնելուց
Հայաստանի թվով 3 դեսպաններն ու նրանց հետ փոխկապակցված անձինք ընդհանրապես գույքի ու եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, իսկ օրենքը նրանց դեպքում անզոր է: Ոչ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ոչ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ի զորու չեն դեսպաններին պարտադրել ներկայացնել հայտարարագրեր: Նրանք ի զորու չեն լինի նաև, եթե մի օր բոլոր դեսպանները կամ ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաները որոշեն, որ չեն ներկայացնելու հայտարարագրեր:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը այդ պաշտոնում նշանակվել է 2013թ. սեպտեմբերի 27-ին: Նա ոչ պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել, ոչ էլ՝ տարեկան: Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը, ով այդ պաշտոնում է նշանակվել 2016թ. մայիսի 17-ին: Հայտարարագիր չներկայացնելու «սովորություն» ունի նաև 2009թ-ից Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը:
![]() |
![]() |
Վիկտորյա Բաղդասարյանը և Շարլ Ազնավուրը, լուսանկարները` mfa.am-ի
Ինչպես «Հետքին» տեղեկացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, հայտարարագիր չներկայացրած բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից գրավոր տեղեկացվել են հայտարարագրման պարտականության կատարման անհրաժեշտության մասին:
Հայտարարագիր չներկայացրած բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող դիվանագետների ցանկը Հանձնաժողովի կողմից ներկայացվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
«Հանձնաժողովը հայտարարագրմանն առնչվող խախտումների համար իրավական ներգործության միջոցներ կիրառելու լիազորություն չունի: Ուստի, Հանձնաժողովի ջանքերը նախ և առաջ ուղղված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան հայտարարագիր չներկայացրած բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարբերական ծանուցումներ ուղարկելու և վերադաս մարմիններին (դրանց առկայության դեպքում) չներկայացման փաստի մասին իրազեկելու միջոցով հայտարարագրման պարտականության կատարման ապահովմանը»,-պատասխանում են էթիկայի հանձնաժողովից:
Ըստ նրանց՝ Հանձնաժողովը գործուն քայլեր է ձեռնարկում օրենսդրության կատարելագործման միջոցով հայտարարագրմանն առնչվող խախտումների համար պատասխանատվության միջոցներ սահմանելու ուղղությամբ: Այս առումով, Հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են հայտարարագրմանն առնչվող խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվություն նախատեսող մի շարք օրինագծեր, որոնք արդեն իսկ դրված են շրջանառության մեջ:
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է 2012 թվականի հունվարի 9-ին: Գործունեության 4 տարիների ընթացքում այդպես էլ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի պատժվել հայտարարագիր չներկայացնելու, կամ՝ սխալ ներկայացնելու համար: Պատճառաբանությունը մեկն է՝ օրենսդրական բացը: Իսկ այս տարիների ընթացքում հանձնաժողովի նախագահն ու անդամները պետական բյուջեից ստացել են բարձր աշխատավարձեր: Ինչու՞:
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև արտաքին գործերի նախարարությունից: Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ դիվանագետների՝ իրենց գույքի, եկամուտների, փոխկապակցված անձանց հայտարարագրերը ներկայացնելու հարցում վերահսկողությունը դուրս է արտաքին գործերի նախարարության իրավասության շրջանակներից:
Շավարշ Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ օրենքով սահմանված պահանջների կատարմանը նպաստելու նպատակով նախարարությունը տարեկան կտրվածքով իրականացնում է մոնիթորինգ և անհրաժեշտության դեպքում համապատասխան հիշեցումներ է ուղարկում դիվանագետներին:
Նախարարի տեղակալի այս պարզաբանումից ակնհայտ է դառնում, որ վերը նշված դեսպանների համար կարևորություն չունի նաև արտաքին գործերի նախարարության հիշեցումները: Նրանք արհամարում են օրենքի պահանջը և վերջ:
«Էթիկայի հանձնաժողով հայտարարագրեր չներկայացրած համապատասխան անձանցից պարզաբանում հայցելը ՀՀ ԱԳՆ գործառույթներից դուրս է»,-ավելացնում է նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Մեկնաբանել