HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

13-րդ վարչապետի թողած «ժառանգությունը». արդյունաբերությունից մինչև արտահանում

Մեր գործընկերներն ու տնտեսագետներն արդեն ներկայացրել են տնտեսական աճի տեմպերը Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք.  գրանցվել են ոչ բարձր արդյունքներ։ Սակայն նկատենք, որ աճի տեմպերի կտրուկ նվազում է գրանցվել մինչև նրա պաշտոնավարումը՝ 2013 թվականին։ Մանավորապես, եթե 2012  թվականին աճը կազմել է 7.2%, ապա՝ 2013-ին կիսով չափ պակաս՝ 3.3%:

Հ. Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում տնտեսական աճի տեմպերը չարագացան։ Ավելին՝ 2015-ի ցուցանիշն ամենացածրն էր վերջին հինգ տարում։ 2014-ին, ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, տնտեսական աճը կազմել է  3.5%,  2015-ին՝ ընդամենը 3%: 

Այս ընթացքում կառավարությանն այդպես էլ չհաջողվեց աշխուժացնել արդյունաբերությունը։ Չնայած, որ 2014-ին այն գրանցեց 2.7% աճ, մասնավորապես մշակող արդյունաբերության աճը կազմեց 6.1%, իսկ հանքարդյունաբերությունը 7.4%-ով անկում ապրեց, սակայն հաջորդող տարում մշակող արդյունաբերությունը նորից անկում գրանցեց։ 2015-ին ամբողջ արդյունաբերության աճը կազմեց 5.2%, բայց այն բացառապես պայմանավորված էր հանքարդյունաբերության 50.4%-ով, իսկ մշակող արդյունաբերությունը շարունակեց մնալ  մեռյալ վիճակում՝ գրանցելով 5.6% նվազում։ Թեև այս տարվա առաջին առաջին յոթ ամիսներին արդյունաբերության ծավալներն աճել են 7.9%-ով, սակայն դրան նորից գլխավորապես նպաստել է հանքարդյունաբերությունը (19% աճով), որի աճը ժամանակավոր է և էական ոչ մի զարգացում չի բերում ընդհանուր արդյունաբերությանը։ Իսկ մշակող արդյունաբերությունն այս տարի աճել է  3.5%-ով, բայց այստեղ էլ աճը հարաբերական է, քանի որ այն գրանցվել է ընդամենը 3-4 ճյուղերի շնորհիվ։

Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում դրական ցուցանիշներ են գրանցվել գյուղատնտեսության ոլորտում, որն էլ մեծապես ազդել է ընդհանուր տնտեսական աճի վրա։ 2014-ին այս ոլորտում գրանցվել է 7.2% աճ, իսկ 2015-ին՝ 11.7%: Այս տարի աճի տեմպերը դանդաղել են։ Հունվար-հուլիսին այն կազմել է ընդամենը 1.3%: 

Այս ընթացքում շինարարության  ոլորտը շարունակել է մնալ լճացած վիճակում: Ներքին առևտրաշրջանառությունը ևս բացասական ցուցանիշներ է գրանցում 2015-ից։ Փոխարենն աճել է ծառայությունների ընդհանուր ծավալը։ Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։ 


Create column charts

 Աբրահամյանի պաշտանավարման առաջին տարում արտահանումն Հայաստանից աճեց 2.7%-ով, ներմուծումը՝ 0.4%-ով։ Հաջորդող տարում երկու ուղղություններով էլ անկում գրանցվեց։ Արտահանումը նվազեց 3.9%-ով, ներմուծումը՝ 26.5%-ով։ 

Ցանկության դեպքում կարելի է ևս տասնյակ ցուցանիշներ ներկայացնել, թե ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի տնտեսությունը Հովիկ Աբրահամյանի վերչապետության օրոք։  Բայց լավագույն ցուցանիշը յուրաքանչյուր քաղաքացու կյանքն է ու առօրյան՝ արդյո՞ք այն ավելի բարեկեցիկ է դարձել վերջին երկու տարում …

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter