HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մենք գիտենք՝ ովքեր են տերերը - 2

Երեւանի կենտրոնում կառուցվող սրճարանատերերի մեջ ոչ մի պատահական մարդ չկա: Եթե նույնիսկ անունները որեւէ բան չեն ասում, միեւնույն է, նրանց հետեւում կանգնած են հանրապետությունում ազդեցիկ դիրք ունեցող պաշտոնյաներ: Շարունակում ենք ներկայացնել Օպերայի հանրային այգին «զավթածներին»:

 «Օնլի մերիմենթ» ՍՊԸ-ն Ազատության հրապարակին հարող տարածքում (Թումանյան փողոցի կողմից) կոմպյուտերային խաղերի սրահ կառուցելու նպատակով հողատարածք էր խնդրել քաղաքապետ Ռոբերտ Նազարյանից: 

Քաղաքապետի 2002թ. հունվարի 11-ի թիվ 24 որոշմամբ 10 տարի ժամկետով 20 քմ տարածք է տրամադրվել վերոհիշյալ ընկերությանը: Սրահի սահմանները որոշված էր Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից տրված հատակագծով:

Մոտ մեկ ամիս անց` փետրվարի 22-ին, Ռ. Նազարյանի թիվ 273 որոշմամբ «Օնլի մերիմենթ» ՍՊԸ-ին կոմպյուտերային խաղերի սրահին կից, բացօթյա (ընդգծումը մերն է) սրճարան կազմակերպելու նպատակով լրացուցիչ 312,0 քմ մակերեսով հողամաս է տրամադրվում: Այս անգամ` արդեն 25 տարով: Սակայն, սա դեռ վերջը չէ: Մեկ ամիս անց Ռոբերտ Նազարյանի մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվում նախորդ որոշման մեջ: Ահա որոշման 2 կետը. «Որոշման 1-ին կետում «բացօթյա (ընդգծումը մերն է) սրճարանի կազմակերպման» բառերը փոխարինել «կոմպյուտերային խաղերի կենտրոնի եւ սրճարանի կառուցման բառերով»: Կարծում եմ` հասկանալի է այս բանաձեւը, որեւէ գաղտնիք չկա այստեղ: Այս փոփոխությամբ, փաստորեն, սեփականատերերը հնարավորություն ստացան կառուցելու այս հսկան: Ավելին, շինությունը կառուցվել է կոպիտ խախտումներով: Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը նման նախագիծ չի հաստատել: Այդ ընթացքում «Օնլի մերիմենթը» վերագրանցվել է իբրեւ «Ատլանտիկ Գարդեն» ՍՊԸ: Փաստաթղթերով նրա զբաղեցրած տարածքը պետք է կազմեր 312+20=332 քմ: Իսկ թե իրականում որքան է զբաղեցրել «Ատլանտիկ Գարդեն» ընկերությունն Օպերայի այս հատվածում, այսօր ոչ ոք ճշգրիտ չգիտի: Շինարարության ընթացքում ընդլայնումներ են եղել 4 ուղղություններով: Ինչու՞ էր այսքան «հոգատար» նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն այս կառույցի տիրոջ նկատմամբ: Բացատրությունը մեկն է. սրճարանի տիրոջ` Անուշ Ղազարյանի (հասարակության մեջ առավել հայտնի է «Կամվոլնի», «Սիրուն» Անուշ) տանիքը ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանն է: Հենց սրանով էր բացատրվում նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի` իրար հետեւից ընդունած որոշումները:

Այս կառույցը նույնպես ենթակա է քանդման: Սակայն ո՞վ կհամարձակվի նման քայլի դիմել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter