HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուժականի անբուժելի խոցերը

Հողին ու անասունին ստրկացած 

Երեւանից ընդամենը 40-50 կմ հեռավորության վրա գտնվող Եղվարդի տարածաշրջանի Բուժական գյուղն ապրում է քաղաքակրթության բարիքներից մղոններով հեռու: Նախախորհրդային անցյալի ստվերները թափառում են գյուղական քարքարոտ ճանապարհների վրա, ուր բազմիցս հանդիպեցինք ոտքով գյուղից գյուղ գնացող կամ վերադարձող մարդկանց: Դեպի գյուղ տանող որեւէ փոխադրամիջոց չի աշխատում: Կիլոմետրերով քայլում են մեծերն էլ, փոքրերն էլ: Անհարթ, խորդուբորդ ճանապարհի պատճառով մեքենաները շրջանցում են գյուղը, եւ Բուժական հասնելը իսկական հերոսություն է դառնում ցանկացած մեքենայի համար: Արայի լեռան լանջին փռված շենը այլ պայմաններում հրաշալի ամառանոց կարող էր ծառայել` անզուգական մաքուր ու զով օդ, դաշտի կանաչ, զուլալ առվակներ: Գյուղը շրջապատող ծերպերի վրա թառել են անտառները, ուր վայրի տանձ ու խնձորն է հասունանում, գայլ ու նապաստակն էլ դեռ չեն փախել այս վայրերից: Բուժականցիները առատորեն վայելում են բնության անգնահատելի բարիքները, առանց, սակայն, դրանց արժեքը գնահատելու երախտիքի ու տրամադրության: Գյուղական ծանր հոգսերը մոռացնել են տալիս բնությունն էլ, նրա գեղեցկություններն էլ:

Շոգ կեսօրին գյուղի փողոցներում ոչ մի մարդ չի երեւում: Բոլորը դաշտերում են, աշխատանքների եռուն շրջան է: Գյուղապետարանի դուռը պինդ կողպած է: Գյուղական ծանր, անարդյունավետ առօրյայից դրսում փրկություն որոնողներին, այնուամենայնիվ, մատների վրա կարելի է հաշվել: Գնում են նրանք, ովքեր նեցուկ ու ապավեն ունեն: Մեկը գնացել է, արդեն տաս տարի է` չկա, ընտանիքը մնացել է գյուղում: Մարդկանց գիտակցության մեջ ամրացել է վախը, թե դրսում իրենց ֆիզիկական անվտանգությունն էլ կասկածի տակ է:

Բուժականում սոցիալական շերտավորում չկա, չկա մյուս բեւեռը ներկայացնող գոնե մի դղյակ կամ առանձնատուն: Բոլորն անխտիր իրենց չքավոր են համարում: Եվ նրանք, ովքեր սուրճի համար շաքարավազ գնելու փող չունեն, եւ նրանցից մի քանի աստիճան բարվոք վիճակում գտնվողները, ովքեր ծայրը ծայրին հասցնելով, փորձում են, ասենք Երեւանում սովորող երեխայի ուսման վարձը վճարել: Վերջնահաշվում բոլորը նույն ՙհալի՚ են: Հողին ու անասունին ստրկացած դժբախտ մեքենայի նույն միապաղաղ պտույտներն է անում գյուղական առօրյան:Ունեւորները գյուղի բնակչության 5-10 տոկոսն են կազմում. մի քանիսը խանութներ ունեն, մյուսները ալյուրի առեւտուր են անում: Ունեւոր են համարվում նաեւ նրանք, ովքեր Ռուսաստանում կամ այլուր իրենց օգնող բարեկամներ ունեն: Նրանց մի մասը ձեռքն է առել սեփականաշնորհված հողերը մշակելու մենաշնորհը: Առ ու վաճառքի որեւէ պայմանագիր չի ձեւակերպվում, բայց փողով ու մի քանի պարկ ալյուրով մեկ կամ մի քանի տարով առնում են հողը կարիքավորների ձեռքից, ովքեր միջոց չունեն մշակելու այն:

Բուժականը զոբի (խպիպ) էնդեմիկ օջախ է

Դեռ խորհրդային տարիներից Բուժականը հայտնի է որպես վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման կամ ինչպես ժողովուրդն է ասում` զոբի էնդեմիկ օջախ: Ինչպես Հայաստանի մի քանի մարզերում, այստեղ էլ հանրային ախտի տարածվածության պատճառը ջրի մեջ յոդի պարունակության պակասն է: Բայց եթե խորհրդային տարիներին ինչ-ինչ միջոցառումներ ձեռնարկվում էին, ինչպես անվճար հետազոտությունները կամ առողջարանային ուղեգրերի տրամադրումը, ապա հիմա խնդիրը լռության ու անտարբերության է մատնված: Մի քանի տարի առաջ Երեւանից բժիշկների մի խումբ եկավ, հետազոտեցին նաեւ դպրոցահասակ երեխաներին, եւ պարզվեց, որ նրանց մեծ մասի մոտ զարգացման տարբեր աստիճաններով արդեն առկա է այս ախտը:Բուժքույր Օվսաննայի վկայությամբ, խպիպով հիվանդ 70 մարդ կա, իսկ քանիսը դեռ կան, ովքեր երբեւէ չեն էլ հետազոտվել: Բայց մասնագետների այդ այցը վերջինը եղավ գյուղում, այլեւս չեն երեւացել: Օրնիբուն գյուղական սեւ աշխատանքի մեջ խրված գյուղացին երբեք իր ոտքով չի գնա ստուգման, քանի դեռ հիվանդությունը չի ծանրացել:

Հնուց ի վեր Բուժականի անտառները հայտնի են մեծարժեք դեղաբույսերով: Բուժականցիների նախնիները քաջատեղյակ են եղել բուսաբուժության գաղտնիքներին: Վարդուհի Մանուկյանը մորից ու տատից է սովորել այս մեծարժեք գիտության գաղտնիքները ու անվճար բուժում է դիմողներին: 60-ամյա կինը գյուղում միակն է, որ ժառանգել է այս գիտությունը ու շարունակում է զբաղվել դեղաբույսեր հավաքելով, սակայն բոլորին հարեհաս լինել չի կարող: բայց, ճակատագրի դառը հեգնանքով հենց առողջապահական խնդիրներն են բարձիթողի Բուժականում: Խպիպով հիվանդները երբեմն-երբեմն դիմում են միայն տիկին Վարդուհուն, որը նրանց ոսպի հատիկի չափ սերմեր է տալիս խմելու, բայց, հիվանդության ճակատագիրն, իհարկե, այս կերպ չի լուծվում: Նա պատմեց, որ տարիներ առաջ Արզաքանդցի մի բժիշկ էր աշխատում Բուժականում, նույնպես դեղաբույսերով էր բուժում, բայց գյուղի պայմաններին երկար չդիմացավ, հեռացավ Բուժականից:

Ոչ միայն Բուժականը, այլեւ մեր հանրապետության շատ մարզեր, ինչպես Լոռին, Սյունիքը, Շիրակը (հատկապես Վանաձորը, Սիսիանն ու Գորիսը) հայտնի են իբրեւ խպիպ հիվանդության սուր օջախներ: Հիվանդությունը կանխարգելելու միակ ուղին համարվում է բացառապես յոդացված աղի օգտագործումը: Գյուղացիների անիրազեկությունը պատճառ է դառնում, որ նրանք ավանդաբար օգտագործեն ավելի շատ ոչ թե յոդացված ՙէքստրա՚ աղը, այլ խոշոր չյոդացված աղը: Ավելին, ըստ ՙԱրմա՚ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Հասմիկ Մանուկյանի, մարզային վաճառակետերում կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ գյուղացիները նաեւ նախընտրում են չյոդացված պարսկական ու ուկրաինական աղերը, որովհետեւ մի 20 դրամով էժան են: ՙԱռաջին հերթին անհրաժեշտ է, որ օրենսդրորեն ամբողջությամբ արգելվի այդպիսի աղատեսակների ներմուծումը, քանի որ Հայաստանի ողջ տարածքն ընդհանրապես, մասնակի բացառություններով, համարվում է զոբի օջախ՚,-ասում է Հասմիկ Մանուկյանը:

Եվ իհարկե, ամենից առաջ գյուղացին պիտի տեղյակ լինի այս ամենին ու կարողանա պաշտպանել իր ու մերձավորի առողջությունը: Բայց էնդոկրինոլոգները հազվադեպ հյուրեր են գյուղական շրջաններում, եւ նրանց խորհրդատվություններն անգամ կանխարգելման այս պարզունակ միջոցների մասին` գյուղացիների համար անմատչելի են: Մասնագետները պնդում են, որ խպիպի առկայության դեպքում արագորեն թափ է առնում թե ֆիզիկական, թե մտավոր թերզարգացությունը: Եվ որ ավելի սարսափելի է, խպիպը սպառնում է ծնելիությանը, կասեցնում օրգանիզմի վերարտադրողական գործունեությունը: Բուժականի դպրոցում անցած տարի բժշկական ստուգումների ժամանակ պարզվել է, որ դպրոցահասակ երեխաների 70 տոկոսի մոտ վահանաձեւ գեղձի ֆունկցիայի տարբեր աստիճանի խանգարումներ են առկա:

Տարվա ինն ամիսը գյուղը խոնավությամբ է հագեցած, ռադիկուլիտով հիվանդներին թիվ ու հաշիվ չկա: Սեպտեմբերից անձրեւներն ամեն օր հյուր են, հունիսի վերջերին են միայն վառարանները տնից հանում: Մանկապարտեզի շենքում տեղավորված բուժկետում հնարավորինս աննպաստ պայմաններ են. առանց ջրի, ցուրտ ու նամահոտ բուրող խղճուկ սենյակ, որը ձմռանը տաքացնելու հնարավորություններ էլ չունի: Սովորաբար 3 բուժքույրերից եւ մեկ մանկաբույժից ոչ մեկին երբեւէ տեղում չես գտնի: Երբ կարիք է լինում, դաշտում կամ տներում են փնտրում նրանց: Շտապ դեպքերում բուժքույրերի անելիքը միայն առաջին օգնություն ցույց տալն է: Թերապեւտ բժիշկը Եղվարդում է ապրում, երկու շաբաթը մեկ է հայտնվում գյուղում: Բուժքույր Օվսաննա Հովհաննիսյանը պատմում է, որ 5-6 ամիսը մեկ 5-6 տուփ դեղորայք ու վիրակապ են ստանում նախարարությունից, դրանք հայթայթելու հոգսը բացառապես հիվանդների վրա է: Բացառիկ ծանր է հղի կանանց վիճակը: Նախածննդյան ինն ամիսների ընթացքում հազիվ մի անգամ է հաջողվում համոզել նրանց մեկնելու Եղվարդի պոլիկլինիկա` խորհրդատվության ու հետազոտվելու: Անալիզները վճարովի են, եւ նախընտրում են ապավինել բնության ու աստծո կամեցողությանը:

Բուժականում արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ նույնիսկ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդին չեն հասցրել բժշկի մոտ: Գյուղում բերնեբերան շրջում է ընդամենը վերջերս կատարված մեկ այլ ողբերգության պատմություն : Բազմանդամ ընտանիքներից մեկում 10-ամյա Հայկը գյուղի նախիրը արոտ էր տանում: Այդպես է ընդունված, փոքր հասակից գյուղացի երեխան մեծերին հավասար սկսում է աշխատել: Մի օր տուն է գալիս որովայնի սուր ցավերով: Երեք օր պառկելուց հետո երեխան մահացավ. փող չունենալու պատճառով ծնողները չկարողացան ժամանակին բժշկի դիմել: Մարդկանց անզորության ու հիասթափության զգացումները սաստկացնում է պետության ու իշխանությունների կողմից սրտացավության լիակատար բացակայությունն իրենց անել վիճակին:

Գյուղացին շուկայում տեղ չունի

Հատկապես տեղական ինքնակառավարման ընտրությունների հիշողությունը պառակտել է նաեւ Բուժականի բնակչությանը: Գյուղապետի նախկին թեկնածու Արամ Գալստյանը, ինչպես նաեւª գործող գյուղապետը, պարենամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների խանութ ունի գյուղում: Նրա ներկա գործելաոճը հատկանշվում է գյուղապետի վարքագծին հակառակ, սակայն գուցեեւ բարի մղումներով: Մթերքն ավելի էժան է ծախում, քան նույնիսկ Երեւանում է: Բուժականի գյուղացիները 5 մլն դրամի պարտք ունեն նրան, ՙնիսյայով՚ տրվող ապրանքի դավթարները ուռճացել են խանութի վաճառասեղանի վրա: Մարդիկ կան, որ տարիներով փողը չեն վճարել: Ձեթը, յուղը, մարգարինը, լուցկին, ամեն ինչ պարտքով են վերցնում կամ ձվի հետ փոխանակությամբ: Գյուղացիների վկայությամբ, գյուղապետին պատկանող խանութում, սակայն, անկանխիկ ապրանք տալիս են միայն, այսպես ասած, ձայնի հիշողությամբ: Ընտրությունների ժամանակ ձայն տվե±լ է գյուղապետին, մի երկու օրով պարտքով կտան, չի± տվել, չեն տա: 1762 բնակչի եւ 500 տնտեսություն ունեցող գյուղում ոչ մի հեռախոս չկա: Խորհրդային տարիներից մնացած կապի հանգույցի շենքը մինչեւ ուղն ու ծուծը թալանվեց: Գյուղացիների վրդովմունքը սահմաններ չունի: Ներկա գյուղապետն էլ սեփական լցակայանի, գրասենյակի, պահեստի ու խանութի հոգսերով է տարված: Դրանց մի մասը կապի հանգույցի նախկին շենքում են տեղավորված:

Գյուղացիների բնամթերքը Երեւան տեղափոխող վարորդ Հարազատ Գեւորգյանին ամենից շատ ցավ է պատճառում Բուժականի անտառների վիճակը: Իր եւ այլ գյուղացիների վկայությամբ եւս, գյուղապետը ՙցախով է ընտրվել՚: Ով խիղճ է ունեցել ու չի տրվել գայթակղությանը, առ օրս սեւ ցուցակում է: Անտառապետն իր ընկերն է, 110 մեքենա ցախ են բաժանել ընտրողներին: ՙԳործը՚ բացվել է անտառապետի ու գյուղապետի միջեւ հանկարծակի ծագած վիճաբանության ժամանակ: Սակայն հնամյա ծառերի անկառավարելի հատումը ընտրություններով չի ավարտվել: Գյուղապետը ՙփետի գործ է անում՚. հանաք բան չէ, մեկ մեքենա ցախի գինը հիմա 30-40 հզ դրամ արժի: Կամ էլ մեծարժեք, լավագույն բնափայտից օրորոց են սարքում ու վաճառում: Անտառները հայրական բոստան են շինել, ինչ ուզում, անում են: Եվ Հարազատը ցույց է տալիս մանր-մունր ճյուղերի դեզը, որ հավաքել է հատված ծառերի ընդամենը 0,5 հա տարածքից:

Գյուղում ոչ մի աշխատատեղ չկա: Առաջ այստեղ անասնապահական գոմեր կային, Չարբախի տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղն էր գործում, ձեռնոցներ էին արտադրում: Սեփականաշնորհումից հետո ամեն ինչ քանդվեց: Հիմա էլ, ում ինչ պետք է, որը լինգով, որը քլունգով հանում, տանում են: Մինչդեռ ձեռնոցի արտադրամասը պատրաստի արտադրություն էր, ուր 350 մարդ կարող էր աշխատել: Նրա տերը Ռուսաստանում է, մինչեւ գա, կառույցի տանիքից էլ բան չի մնա: Մեզ չհաջողվեց պարզաբանել համայնքային իշխանության հանդեպ դժգոհության ու վրդովմունքի դրդապատճառները նաեւ գյուղապետ Մանվել Դավթյանի հետ մեր ունեցած զրույցից: Թե գյուղապետարանում, թե նրա տուն մի քանի անգամ գնալ գալով ու գյուղապետի ուր գտնվելիքի վերաբերյալ հակասական պատասխաններ ստանալով, այդպես էլ չկարողացանք հանդիպել նրան:

Սեփականաշնորհված հողամասը ոչ վարելու, ոչ ցանելու հնարավորություն չունեն: Ոչ հացի ալյուրը, ոչ էլ որեւէ բան չեն հասցնում երեխաներին: Ոչ մի անասուն չունեն, մի կով են ուզում առնել, միջոց չկա: Տնամերձում աճեցրած լոբին ու կաղամբը Երեւան հասցնելու եւ մի քիչ կանխիկ փող ձեռք գցելու հնարավորություն չունեն: Ստիպված կոպեկներով տվեցին հենց գյուղ եկած վերավաճառողներին` կաղամբը` 25, կարտոֆիլը` 80 դրամով: Կարծես այս ամենը քիչ է, անցած սեպտեմբերից ՙՓարոսից՚ էլ զրկեցին: Մի քանի անգամ դիմել են գյուղապետին, ժխտական պատասխան ստացել:

Իսկ թե այս տարի ինչ վիճակում է հայտնվել բուժականցի հողագործը, վարորդ Հարազատը զգում է սեփական մաշկի վրա: Անցած տարվա համեմատ գյուղն ու գյուղացին աննկարագրելի ետընթաց են ապրել: Այս տարի բերք չկա, բնական աղետները հողին հավասարեցրին գյուղացու դառը քրտինքի արդյունքը: Անցած տարի օգոստոսի 1-ից սկսած 4 վարորդներով հազիվ էին հասցնում բերքը Երեւան` Մալաթիայի շուկա հասցնել: Հիմա օգոստոսի կեսերն են, մյուս վարորդների հետ ինքը եւս տանը պարապ նստած է: Ասենք` առատ բերքի տարին էլ գյուղացիները մի օրի չէին: Քաղաքաբնակ վերավաճառողները նորօրինակ վաշխառուներ են դարձել գյուղացիների գլխին: Տարին 12 ամիս բանելուց հետո, ամռան վերջին ու աշնանը բուժականցին բեռ ու բարձով քաղաք է գնում եւ ամեն անգամ դատարկ գրպանով ետ դառնում: Գյուղացին ինքն իր ձեռքով բերքը շուկայում իրացնելու հնարավորությունից էլ զրկված է: Հարազատի համոզմամբ, այստեղ էլ կլանային փոքրիկ կառույցներ են գործում: Գյուղացուն գրեթե հարկադրում են հանձնել ապրանքը, շուկայի տարածքում թույլ տալով գտնվել ընդամենը 1-2 ժամ: Հետո էլ թե` իրերդ հավաքի` գնա: Մի խոսքով, հողի աշխատանքից միայն զբաղվածության պատրանքն է մնում, հողի, ջրի հոսանքի վարձերը վճարելու մտատանջությունը եւ մեկ էլ այն հնարավորությունը, որ բուժականցիների դիպուկ բնորոշմամբ` բերքը հողի մեջ թարմացնում, ուտում են:

Եթե մեր երկիրն իրեն հայտարարում է սոցիալական, ուրեմն չպետք է ջայլամի քաղաքականություն վարի` շարունակաբար դեմքը շրջելով ակնհայտ, իր հայտարարությունների համաձայն անհաղթահարելի / ± / իրողություններից, ձեւացնելով, թե կատարում է պարտավորություններն անապահով շերտերի հանդեպ: Ո±վ գիտի, ո±վ է ստուգում, թե ինչ է կատարվում հեռավոր գյուղերում ու շրջաններում: Եթե Երեւանին այսքան մոտ համայնքներում այսպիսի վիճակ է, ապա ինչ է լինում աչքից հեռու սահմանամերձ գյուղերում: Չի կարելի լինել Եվրախորհրդի անդամ, միջազգային կազմակերպություններում ընդգրկվել իբրեւ դեմոկրատական միավոր եւ այդպես վարվել աղքատ խավի հետ, որ բնակչության պատկառելի բաժինն է կազմում: Իրատեսական ելքեր ու լուծումներ միշտ էլ կան, դրանք փնտրել ցանկացողների թիվն է սահմանափակ:

Կարինե Դանիելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter