
Ուջանում համայնքի ղեկավար ու ավագանի են ընտրում
Այսօր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են ընթանում Աշտարակի տարածաշրջանի Ուջան համայնքում: Գյուղապետի թեկնածություն են առաջադրել գործող ղեկավար Առաքել Հարոյանը (պաշտոնավարում է 2008-ից), ում առաջադրել է ՀՀԿ-ն, եւ ինքնառաջադրված Նաիրի Կիրակոսյանը, ով դաշնակցական է: Ավագանու 9 տեղի համար պայքարում է 13 թեկնածու:
Համայնքի թիվ 15/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ավետիս Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ 11:00-ի դրությամբ 1173 ընտրողներից 230-ն արդեն ընտրել է: Ընտրախախտումներ Հարությունյանը չի նկատել, ցուցակների անճշտություններ չկան, ընտրություններն ընթանում են բնականոն ձեւով, «կարծես արդեն քաղաքակիրթ մոտեցում է դրսեւորվում մեր երկրում»: Ըստ Հարությունյանի՝ մի քանի լրացուցիչ ծրարների տպագրական սխալներ են եղել, որոնք կխոտանվեն:
Ն. Կիրակոսյանի վստահված անձ Քերովբե Հարությունյանը նշեց, որ ընտրախախտումներ չի նկատել եւ կարծում է, որ իրենց թեկնածուն ընտրվելու մեծ հնարավորություններ ունի, հակառակ դեպքում ինքը չէր սատարի նրան:
Մեր ներկայության ժամանակ երկու քվեախցիկների մոտ երկուական ընտրողներ էին կանգնել: Մեր դիտարկմանն ի պատասխան՝ հանձնաժողովի անդամները նշեցին, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ են, որոնց իրենց ցանկությամբ օգնում են հարազատները:
Մեկնաբանել