
Էջմիածնում անջատվեցին մութ ընտրատեղամասի լույսերը
Այսօր համայնքապետ և ավագանի են ընտրում նաև Էջմիածին քաղաքում: Թիվ 19/20 ընտրատեղամասը տեղակայված է քաղաքի թիվ 3 դպրոցի միջանցքում: Միջանցքը չունի բավարար լուսավորություն, իսկ առավոտյան մոտ 30 րոպեով ընդհատվեց դպրոցի էլեկտրամատակարարումը: Քվեախցիկների մոտ մութ էր, և ընտրողները չէին կարողանում կատարել իրենց ընտրությունը: Դա էր պատճառը, որ երկար էին կանգնած մնում քվեախցիկների մոտ: Հանձնաժողովի նախագահ, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Նորիկ Միրզախանյանն ասաց, որ ընտրական պարագաների մեջ չի եղել խոշորացույց, որպեսզի առաջարկեն տեսողությունից դժգոհող ընտրողներին:
Հանձնաժողովի անդամները ստիպված հեռախոսների լույսն էին գցում քվեախցերից ներս, որպեսզի ընտրողները կատարեն իրենց ընտրությունը:
Այս ընտրատեղամասում օգնության «կարիք» ունեցողների թիվն ակնհայտ շատ էր: Իսկ հանձնաժողովի անդամները չէին միջամտում, երբ մեկ քվեախցին մոտենում էին մեկից ավելի ընտրողներ: Մեր ներկայությամբ մոտ մեկ տասնյակ ընտրող քվեախուց է մտել օգնողի ուղեկցությամբ, սակայն վերջիններիս տվյալները չէին գրանցվել գրանցամատյանում: Օգնողների տվյալները չգրանցելու փաստը կասկած է առաջացնում, որ նրանք պարզապես ազդում էին ընտրողի ազատ կամարտահայտության վրա և չի բացառվում, որ «օգնողի» իրենց պարտականությունը կատարեն ողջ օրվա ընթացքում:
Ընդհանրապես այս տեղամասում հանձնաժողովի անդամները «տնավարի» էին մոտենում ընտրություններին: Մասնավորապես, ժամը 10-ից սկսած քվեատուփի մոտ նստող հանձնաժողովի անդամը, առանց ստուգելու ընտրողի անձը, դրոշմակնիք էր դնում անձնագրի վրա, այն էլ՝ քվեաթերթիկների ծրարները կնքելուց հետո: Բացի այդ, չէր ստուգում այն ընտրողների անձը հաստատող փաստաթուղթը, ովքեր քվեարկությանը մասնակցում էին նույնականացման քարտերով:
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածու. գործող քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, անկուսակցական Արթուր Խաչատրյանը և Արթուր Թումանյանը:
Էջմիածնում ընտրություններն ընթանում են լարված մթնոլորտում: Նախօրեին նույնիսկ կրակոցներ էին հնչել:
Մեկնաբանել