HY RU EN

Որդին քվեարկել է մոր փոխարեն. կատարվածը որակվել է «թյուրիմացություն»

Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի 40/05 ընտրատեղամասում (Պտղավան) գրանցված են 719 ընտրողներ: Պտղավանի նախկին գյուղապետ Հանարապետական կուսակցության կողմից Այրումի համայնքապետի թեկանծու առաջադրված Արայիկ Պարանյանի թիմակիցները այս ընտրատեղամասում գերակշռում են:

Ժամը 10-ի սահմաններում պտղավանցի ընտրող Սեդա Միրզոյանը չէր կարողանում իրականացնել իր ընտրական իրավունքը: Ընտրողների ցուցակում արդեն մեկ ուրիշը ընտրել էր նրա փոխարեն: Պարզվեց Սեդա Միրզոյանի փոխարեն նրա անվան  դիմաց ստորագրել և ընտրել է որդին` Միքայել Ավագյանը:

Սեդա Միրզոյան

Հանձնաժողովի անդամ, ընտրացուցակների հետ աշխատող Էլեոնորա Հովհաննիսյանը չցանկացավ մեզ որևէ բացատրություն տալ կատարվածի մասին: Թեև Էլեոնորա Հովհաննիսյանի` ընտրացուցակների հետ աշխատելու ժամանակը սպառված էր, նա չէր լքում ցուցակները: Նկատելով, որ գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, իրեն լուսանկարում են` Էլեոնորա Հովհաննիսյանը 11:30-ի սահմաններում լքեց տեղամասային հանձնաժողովը:

Էլեոնորա Հովհաննիսյան

Հանձնաժողովի նախագահ Արմեն Բաբաջանյանի ասելով` կատարվածը թյուրիմացություն էր: Ընտրողների ցուցակների մոտ համայնքապետի թեկնածու Արայիկ Պարանյանի վստահված անձինք Սպարտակ Մամուլյանը և Դավիթ Մատինյանը մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց հանձնարաված է ցուցակների մոտ օգնել ընտրողներին: 

Արմեն Բաբաջանյան

Այրում խոշորացված համայնքի թիվ 40 ընտրատարածքում այսօր ընթանում են ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ` Բագրատաշենի նախկին գյուղապետ Արկադի Մակյանը(ՀՀԿ), Պտղավանի նախկին գյուղապետ Արայիկ Պարանյանը(ՀՀԿ), անկուսակցականներ Արարատ Պետրոսյանը և Դավիթ Փարսադանյանը: 

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, չորս թեկնածուներից երեքը ինքնաառաջադրվել են, միայն Արայիկ Պարանյանն է առաջադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից։