HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նուռը նոր կյանքի խորհրդանիշ է

Արտեմիսը Ավստրալիայից է: Դեռեւս խորհրդային տարիներին մի քանի անգամ եղել էր Հայաստանում: 1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Արտեմիսը նորից այցելեց Հայաստան: 1992-ին բնակություն հաստատեց Ղարաբաղում: Ուղեկցում էր արտասահմանցի լրագրողներին, թարգմանում նրանց համար: Այսօր Արտեմիսը «Համաշխարհային քրիստոնեական կազմակերպության» ներկայացուցիչն է Ղարաբաղում: 1999 թվականին Ստեփանակերտում ծանոթացավ պարսկահայ Արմոնդ Թահմազյանի հետ: «Հանդիպեցինք իրար, նույն հետաքրքրություններն ունեինք, ես էլ սիրում էի հին գործերը, ձեռքի աշխատանքներ: Որոշեցինք խանութ բացել: Դեռ չէինք ամուսնացել, ընկերներ էինք: Քրիստոնեության 1700 ամյակի առթիվ լեդի Քոքսը ուխտագնացություն կազմակերպեց: 100 հոգով, որից 50-ը արտասահմանցիներ էին, Լաչինից քայլեցինք Գանձասար: Ճանապարհին էլ որոշեցինք պսակվել»,- պատմում է Արտեմիսը: Ամուսնանալուց հետո Արտեմիսը եւ Արմոնդը Ստեփանակերտում բացեցին «Նռենի» անունով հուշանվերների խանութ: « Երկար տարիներ է, որ էդ ցանկությունը կար իմ մեջ, բայց սփյուռքում չէի կարողանում քարը քարի վրա դնել: Ինչ անում էի հեռանկար չէի տեսնում, ուշքս ու միտքս միայն էս կողմն էր: Պարսկաստանում հնարավոր չէր առանց բանակում ծառայելու դուրս գնալ երկրից, երբ ծառայությանս հարցը լուծվեց, անմիջապես եկա Ղարաբաղ: Արդեն ուսումնասիրել էի Արցախը: Շատ կարճ ժամանակում մտերիմ ընկերներ ունեցա, շատ արագ շուրջս բռնեցին այդ մտերիմները եւ զգացի, որ էստեղի համար եմ: Հայրենիքի կարոտն իրականացավ եւ կարողացա անմիջապես այստեղ մնալու որոշում կայացնել: էս գործը սկսեցինք, տեսանք արդյունք կա: Այսինքն ես ինքս ինձի մի բան էի զգում, ամենափոքր արածս աչքի է գալիս, եւ հոգեկան բավարարություն եմ ստանում»-, պատմությունը շարունակում է Արմոնդը:

«Երբ որոշեցինք բացել, դեռ չգիտեինք Ղարաբաղում ով ինչ գործ է անում, որոշ չափով Երեւանից ապրանք բերեցինք: Հետո կամաց-կամաց որ խանութը բացեցինք, տեսանք տեղացիները գալիս են խանութ: Մեկը փայտի գործ էր բերում, մյուսը` նկարներ, երրորդ իրենց տանը եղած հին իրերն է բերում վաճառելու: Մենք էլ իրենց խորհուրդ ենք տալիս, ուղղություն ենք տալիս, թե ինչ բաներ իրենք սարքեն, որպեսզի կարողանանք ծախել, նպատակը ծախելն է, նրանց օգնելն է եւ, անշուշտ, մենք խանութը կարողանանք աշխատացնել»:

«Ինչու՞ եք խանութի անունը դրել «Նռենի»»,- հարցնում եմ Արմոնդին: Վերջինս անմիջապես պատասխանում է. «Նուռ, այսինքն` նոր կյանք է եւ Արցախում նոր կյանք է սկսվել: Մենք էլ հիմնականում որոշեցինք, որ նոր կյանք անունը դնենք: Որ ուզում ես շարժվես, մի մեխ պիտի խփես կենտրոնում եւ դրա շուրջը շարժվես, մենք էլ էս մեխը խփել ենք եւ դրա շուրջն ենք պտտվում տարբեր նպատակներով` հաշմանդամներին կարողանանք օգտակար լինել, մեր հոգեկան բավարարվածությունը ստանանք, կարողանանք ապրելու գումար հայթայթել»:

Արտեմիսն ավելացրեց ամուսնու միտքը. « Մտածեցինք, որ մենակ մենք շահ չանենք: Պատերազմից շատ հաշմանդամներ կան, որոնք գամված են անկողնուն: Նրանք չեն կարողանում ընտանիք պահել: Ունենք մի քանի հոգի, որ ձեռքի աշխատանքներ շատ լավ են կատարում` Մխիթարն է Շուշիից վիրավոր, Նարինեն է: Եվ վերականգնողական կենտրոնում դասընթացներ բացեցինք, որպեսզի իրենք ավելի զարգանան այդ ուղղությամբ եւ Մխիթարի քանդակներն այստեղ արդեն վաճառվում են: Հաշմանդամների պատրաստած գործերին մենք ոչ մի բան չենք ավելացնում` ինչ գին ասում են, այդ գնով էլ ծախում ենք: Արտասահմանցին, որ գալիս է, իմանում ով է սարքում այդ գործը, ինչ նպատակի է ծառայում եւ մենք էլ շահ չենք վերցնում, մեծ հաճույքով էդ ապրանքը առնում է»:

Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկները, հյուրերը, նույնիսկ պաշտոնական պատվիրակությունները գալիս են «Նռենի» եւ անպայման գնում են մի բան, որը հիշեցնում է Ղարաբաղը: «Եթե հասնում են Ղարաբաղ, մեծամասնությունն ուզում է Ղարաբաղի աշխատանք, ձեռքի գործ: Բնական է, որ գնաս Փարիզ, ուզում ես մի բան,ասենք` Էյֆելը, որ ուրիշ երկրում չես առնի: Ինչ որ իրենց հիշեցնի երբ որ վերադառնան, գնացել են Գանձասար օրինակ` նկար Գանձասարից, կամ Շուշիից, մի բան, որ հիշեցնի, որ Ղարաբաղ եղել են իրենք»,- շարունակում է Արտեմիսը:

«Նռենու» այցելուները նաեւ տեղացիներն են, նրանց թվում է թե թանգարան է եւ մտնում նայում են հնությունները: Նույնիսկ դպրոցի ուսուցիչները դպրոցականների են բերում հնությունները ցույց տալու համար: Արմոնդը մասնագիտությամբ ոսկերիչ է: Խանութի ետնամասում նրա արհեստանոցն է: Հենց այստեղ է զարդեր պատրաստում: Նա որոշել է նաեւ հնարավորություն ստեղծել, որպեսզի այցելուները կարողանան տեսնել, թե ինչպես են աշխատում ոսկերիչները: Ցանկանում է բերել հաստոցներ, որ ավելի մեծ թվով մարդիկ աշխատանք ունենան եւ Ղարաբաղում զարգանա ոսկերչությունը: «Արցախում հիմա տեսնում եմ, որ կան լավ ոսկերիչներ, բայց ես ոճս մի քիչ ուզում եմ փոխեմ եւ հնաոճ գործերի վրա եմ շատ շեշտվում, որ կարողանամ դրանք ստեղծենք: Այսինքն կան գծագրություններ, նաեւ խաչքարերից օգտագործելով հայկական էդ հին գծագիրներից, դրանցից եմ ուզում վերածել վզնոց եւ այլ զարդեր եւ հիմնականում երկար ժամանակ է` ուսումնասիրում եմ,որ կարողանամ մակետներ պատրաստեմ փոքր թանկարժեք, կիսաթանկարժեք տեղական քարեր եւ էդպես կարողանամ ասենք, Գանձասարը, Դադիվանքը եւ խաչքարերը կարողանանք սարքենք, ունենանք խանութում, որ նորություն լինի»,- ասում է Արմոնդը:

Արմոնդը գտնում է, որ յուրաքանչյուր հայ պետք է մասնակից դառնա Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը. «Կարող եմ ասել` եկեք, մեր երկիրն է եւ հենց մեր ձեռքով պիտի զարգանա էս երկիրը, չենք կարող սպասել զարգանա, հետո նոր գանք արդյունք քաղենք: Եկեք ցանենք, արդյունքը քաղենք»:

Տիգրան Սարոյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter