HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արամ Մանուկյան. «Անկախությունը պետք է պահպանել, զորացնել և հանձնել սերունդներին»

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հետհայացք գցելով 25 տարի առաջ ձեռք բերված անկախությանը, ասում է՝ Աստված մեր ժողովրդին խելք ու ուժ, կամք ու համառություն տա, որ սա լինի մեր երկրի վերջին անկախությունը: «Ինձ հաճախ ասում են՝ կկարդա՞ք այդ անկախության հռչակագիրը, ես միշտ մերժում եմ, քանի որ անկախության հռչակագիրը երեխայի ծնվելու նման  բան է. նույն երեխան երկու անգամ չի կարող ծնվել։ Անկախությունը պետք է պահպանել, զորացնել և հանձնել  սերունդներին։ Խելոք է այն սերունդը, այն իշխանությունը, որը կարողանում է այդ ամենը անել»,- նշում է Մանուկյանը։

Անդրադառնալով անկախության գործընթացի մեկնարկին, ներկայանցում է «Հայոց համազգային շարժում»(ՀՀՇ) ծրագիրը, դրա գործունեության սկզբունքները։ Քարտուղարի խոսքով՝  այդ շարժումը ուներ մի քանի սկզբունքներ, որոնք ռեալիստական էին,  ոչ թե ռոմանտիկ, պոռոտ, մեծագորգոռ, անիրատեսական։

Մանուկյանը կարևորում է շարժման սկզբունքներից մեկը՝ անժխտելի է, որ հայերը, ինչպես նաև ամեն ազգ, լավագույն ձևով կարող են դրսևորել իրենց ընդունակությունները և նպաստել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը՝ ապրելով ազատ, ժողովրդավարական պայմաններում՝ առանց արտաքին ճնշման, ինքնուրույն որոշելով քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքի բնույթը։

Մանուկյանը նաև շեշտում է հաստատված ևս մեկ սկզբունք՝  հայ ժողովուրդը իր ազգային ծրագրերը իրագործելիս պետք է ապավինի միայն իր ուժերին։ Նրա դիտարկմամբ՝ այս սկզբունքը նաև գործել  է 1918-20 թվականներին, երբ առաջին հանրապետությունը միայնակ էր։

Խմբակցության անդամի խոսքով՝ այն ժամանակներից իրենց շարժումը համամարդկային էր, ուղված չէր որևէ ժողովրդի դեմ։ Նրանց նպատակը խաղաղ, համերաշխ պայմաններում ապրելն էր՝ հարևան բոլոր ժողովուրդների հետ։

«Այս պարզունակ միտքը անգամ հիմա հայաստանյան քաղաքական ուժերը վախենում են արտահայտել։ Եթե հիմա հայտարարես, որ պատրաստ ես թուրքերի հետ հարևանցիորեն, համագործակցելով, տնտեսական կապեր ապահովվելով ապրել, քեզ դավաճան կհամարեն»։

Շարժումը նաև մերժում էր ազգային խտրականությունը և ազգայնամոլական բոլոր դրսևորումները։ Սակայն Մանուկյանը ցավով է փաստում՝ հետագայում ծնվեցին հիվանդ գաղափարներ, որ հայերը աշխարհի ամենալավ ազգն են, բոլոր ազգերից բարձր են: «Սա ֆաշիզմ է, ազգայանամոլություն է։ Գեղեցիկ, ընդունակ, տաղանդավոր սովորական ազգ ենք՝ աշխարհի ազգերի ընտանիքում»,- նշում է նա։

Քարտուղարը նաև փաստում է՝ անկախության ճանապարհին շարժումը կարողացավ հայաստանյան իշխանությունների ստիպել անել լուրջ քայլեր։ Մասնավորապես՝ առանձնացնում է 1990 թվականի մայիսի 3-ին ընդունված մի որոշում, որով հաստատվեց ՀԽՍՀ-ին առընթեր ստեղծել պաշտպանության խորհուրդ և հանձնարարվեց անմիջապես միջոցառումներ ձեռնարկել՝ սահմանների ապահովության, քաղաքացիների կյանքի պաշտպանության նպատակով։ Դրան հաջորդեց, ըստ Մանուկյանի, համարձակ և վտանգավոր մի քայլ, որով հայ զինվորները չծառայեցին ԽՍՀՄ երկրներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter