
Եվս մեկ կով՝ Հովսեփյանների 9-հոգանոց ընտանիքին
Լոս Անջելեսում բնակվող Մարալ Դաբաղյան-Անջարգոլյանն օրեր առաջ կով է նվիրել Հովսեփյանների ընտանիքին: Այս ընտանիքի պատմությանը մենք անդրադարձել էինք օգոստոսին: 7 երեխաներ ունեցող ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում:
Տիկին Մարալը 25 տարի առաջ է սկսել կովեր նվիրել կարիքավոր ընտանիքներին: Հովսեփյաններին նվիրածը արդեն 30-րդ կովն է: Առաջին կովը նվիրել էր Օձունի ընտանիքներից մեկին: Մ. Դաբաղյան-Անջարգոլյանը պրոֆեսոր է, այժմ աշխատում է ամերիկյան կլինիկաներից մեկում որպես դեղագործ: Ասում է՝ երբ տարիներ առաջ որոշել էր օգնել կարիքավոր ընտանիքներին, մտածում էր՝ ինչ անել, որ օգնությունը կարճատև չլինի, քանի որ եթե գումարը տար, կծախսեին, կվերջանար: Հիշում է, որ իրեն խորհուրդ էին տվել կով նվիրել: Ասում է՝ երբ կով է գնում, պայմաններից մեկն այն է, որ այն կաթնատու և հղի լինի:
Ասում է, որ ամեն անգամ հուզվում է, երբ կարիքավոր ընտանիքներ է այցելում: Հաջորդ տարի ևս այցելելու է սուրենավանցիներին՝ համոզվելու, թե նվիրատվությունն ինչ արդյունք է տվել:
Հիշեցնենք, որ մեր հրապարակումից հետո Հովսեփյաններին ևս մեկ կով նվիրել էր ՀՀ փաստաբանների պալատը:
Առաջին լուսանկարում՝ Մ. Դաբաղյան-Անջարգոլյանն ու ընտանիքի մայրը՝ Աննա Հովսեփյանը
Մեկնաբանել