
Արթուր Սարգսյանի ձեռագործ աշխատանքները շաբաթ ու կիրակի կվաճառվեն Վերնիսաժում
«Սասնա Ծռեր»-ին հուլիսի 26-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանի եղբայրն ու ընկերները պարբերաբար ավարտին են հասցնում նրա ձեռքի աշխատանքներն ու բերում Վերնիսաժ: Այս շաբաթ ու կիրակի դարձյալ նրա ձեռագործ իրերը վաճառվելու են Վերնիսաժում: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը:
«Մոտ 40 աշխատանք ենք ավարտել, ժամացույցներ են, խորաններ ու զարդատուփեր: Ժամը 10-ից կլինենք Վերնիսաժում, տա Աստված` եղանակը չխանգարի»,-ասաց Արսեն Սարգսյանը՝ նշելով, որ եղբորը հանդիպելու արգելքը հանված չէ: Հարազատները նրան չեն տեսել շուրջ երկու ամիս: Եղբայրը պնդում է, որ նրան խնամք է պետք ու բժշկական հսկողություն: Արթուրը հուլիսի 30-ից անազատության մեջ է:
Արսեն Սարգսյանն ու ընկերները մինչ օրս վաճառել են Արթուր Սարգսյանի ձեռագործ աշխատանքներից ավելի քան 70 գործ: «Վաճառքը անում ենք այն գներով, որոնք սովորաբար դնում էր Արթուրը, իսկ ինքը բավականին էժան էր վաճառում: Նրանք, ովքեր արդեն գնել են Արթուրի իրերից, դա գիտեն»,-ընդգծեց Արթուր Սարգսյանի եղբայրը:
Բացի այդ, կամավոր Անահիտ Տեր-Հարությունյանը նախաձեռնել է Արթուր Սարգսյանի ձեռագործ իրերի էլեկտրոնային աճուրդ. «Տասը իրերից յոթը վաճառվել են այդ եղանակով»,-մեզ տեղեկացրեց Անահիտը:
Նա լուսանկարել է Արթուր Սարգսյանի գործերը ու տեղադրել «Ծիրանե ձեռագործ աշխատանքներ» ֆեյսբուքյան էջում, որտեղ մարդիկ կարող են տեսնել դրանք ու պատվիրել:
Արթուր Սարգսյանին ու «Սասնա Ծռեր» խմբի անդամներին իր գործերն է նվիրել նաև փայտարվեստի ժողովրդական վարպետ Արամ Վիրաբյանը: Վերնիսաժում շաբաթ և կիրակի օրերին վաճառվում են նաև նրա մեծածավալ խորաքանդակները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել