
«Կապանում հակազդելու սինդրոմն ուժեղ է»
Հոկտեմբերի 2-ին Կապանում տեղի են ունենալու քաղաքապետի և ավագանու ընտրություններ: Կապանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են երեք թեկնածուներ՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, դաշնակցական, Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը և ԲՀԿ-ական Արթուր Մարտիրոսյանը: «Հետքի» հարցերին պատասխանել է Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:
- 2012-ի նախընտրական փուլում լարվածությունը զգալի էր: Հիմա ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը Կապանում, արդյոք նկատելի լարվածություն կա:
- Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները չէի համեմատի 2012-ի ընտրությունների հետ: Իսկ լարվածություն, բնականաբար, նկատելի է: Պետական կառույցների ղեկավարների պարտադրմամբ կազմակերպվում են հանդիպումներ իշխանական թեկնածուի հետ և թիրախավորվում են այլ նախընտրելի թեկնածու ունեցող քաղաքացիները: Հիմնարկների ղեկավարների կողմից իշխանական թեկնածուին ընտրելու հրահանգներ են տրվում և նման անընդունելի այլ մեթոդներ, որոնք, կարծես, օրինաչափություն են Հայաստանում: Սակայն նախորդ մի քանի ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ ճնշումների միջոցով Կապանում չի ստացվում արդյունք ապահովել, հակազդելու սինդրոմն ուժեղ է:
- Քանի որ Կապանում ես բնակվում և անմիջապես տեսնում ես խնդիրները քաղաքում, ի՞նչ կառանձնացնես: Վերջին 4 տարիներին ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ բացթողումներ եղան:
- Համաձայն չեմ այն կարծիքին, որ ոչինչ չի իրականացվել վերջին չորս տարիների ընթացքում: Բավականին աշխատանք է կատարվել, թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ տեղական դոնորների աջակցությամբ: Պետք է գնահատել միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու Կապանի համայնքապետարանի նախաձեռնողական մոտեցումը և չանտեսել ձեռքբերումները: Դրական տեղաշարժ եմ համարում նաև պետական գույքի կառավարման գործակալության հաշվեկշռից մի շարք կարևոր շենքերի վերագրանցումը համայնքապետարանի հաշվեկշռին: Սակայն համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար պետք է ավելի մանրամասն տիրապետես, թե բյուջեն ինչ արդյունավետությամբ է ծախսվում, ինչքանով են հրատապ և առաջնահերթ իրականացված ծրագրերը: Միգուցե հնարավոր էր կրկնակի ծավալով ծրագրեր իրականացնել, բայց բյուջեի մսխումների հետևանքով դրա կեսն է իրականացվել: Այս տեղեկատվությանը տիրապետելու դեպքում պետք է գնահատել համայնքապետի աշխատանքը: Առավել ևս, որ լուրեր են շրջանառվում, քաղաքապետարանի ենթակա կառույցների կողմից բարձր վարձավճարով մեքենաներ վարձակալելու մասին, և դրանք քաղաքապետի և նրա մերձավորների ավտոմեքենաներն են: Կարծում եմ, որ հասարակության շրջանում անվստահությունը փարատելու, ասեկոսեները հերքելու համար անհրաժեշտ է առցանց ներկայացնել Կապանի համայնքապետարանի, ենթակա կառույցների, «Կապան» հիմնադրամի կողմից վարձակալված անշարժ և շարժական գույքի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը (գույքի անվանումը, վարձակալման նպատակը, վարձավճարի չափը, տևողությունը, վարձատուի տվյալները), ինչպես նաև միջազգային և տեղական դոնորների կողմից իրականացված 1,4 մլրդ դրամ ներդրման մասին սպառիչ տեղեկատվություն: Համենայնդեպս, գործող քաղաքապետը մի շարք ոլորտների և ծրագրերի ձախողումները փորձել է ներկայացնել ձեռքբերումների քողի տակ: Կառանձնացնեմ մի քանի կետեր:
Որքանով է ճիշտ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ձեռքբերումներ ներկայացնել, եթե կոմունալ ծառայության աշխատակիցները գետը օգտագործում են որպես աղբատեղի: Այս խնդիրը առկա էր Կապանի բոլոր քաղաքապետերի ղեկավարման տարիներին:
Սյունիքի մարզպետը Կապան մատակարարվող խմելու ջրի ակունքների վերին հատվածներում հանք՝ «Գեղի գօլդ» ՍՊԸ-ն, շահագործելու հավակնություն ունի: Այն անվերահսկելի ռիսկեր է պարունակում Կապան մատակարարվող խմելու ջրի որակական հատկանիշների համար: Այս խնդրով մտահոգ Կապանում գործող մի քանի հասարակական կառույցներ, ընկերությանը տրված արտոնագրերը կասեցնելու և գործունեությունը դադարեցնելու նպատակով դիմել էին ՀՀ նախագահին: Ի՞նչ քայլեր են կատարվել քաղաքապետարանի կողմից, եթե կատարվել են:
Կապանի համայնքապետարանը ներառված է Սուրբ Մաշտոց եկեղեցու հարակից տարածքը բարեկարգելու ծրագրում, սակայն տեղանքում տեղադրված տեղեկատվական ցուցատախտակին ներկայացված չէ դոնորի անվանումը: Ինչո՞ւ չի հրապարակվում դոնորի անունը, և որքան գումար է տրամադրվել բարեկարգման նպատակով:
Ի՞նչ պատճառով կամ շարժառիթով է Կապան համայնքին սեփականության իրավունքով պատկանող խմելու ջրի ենթակառուցվածքները անհատույց, սեփականության իրավունքով տրվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին (հարցը վերաբերում է նաև Կապան համայնքի ավագու անդամներին): Կառավարության հրահանգով կհամաձայնի՞ իր ամենագնացը նվիրաբերել որևէ մեկին: Կապանի քաղաքապետը տարիներ առաջ հավաստիացնում էր, որ 2014թ-ին Կապանի բոլոր թաղամասերը կապահովվեն շուրջօրյա, պետական ստանդարտներին համապատասխան խմելու ջրով: Ինչքանո՞վ է իրականացվել այս խոստումը:
Կցանկանայի անդրադառնալ գործող քաղաքապետի, իր իսկ կարծիքով չորս տարվա ամենակարևոր ձեռքբերումներին: Գործող քաղաքապետը չորս տարվա իր ամենամեծ ձեռքբերումը համարում է համայնքի երիտասարդների ակտիվությունը, քաղաքապետարանի դիմաց անկաշկանդ նստացույցը և պլակատ պարզելը: Հարգելի քաղաքապետին կցանկանայի տեղեկացնել, որ քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ու պլակատ պարզած երիտասարդը իր ձեռքբերումը չէ, այլ իր քաղաքական թիմի հակապետական գործունեության հետևանք: Եվ նա կաշկանդված է տիրող անարդարությունից և նրա համար, որ իր տեսակը քիչ է հասարակության մեջ: Մարդու այս տեսակը անկախ զրկանքներից առաջնորդվում է անարդարության դեմ ընդվզելու ներքին մղումով և չի ընդունում հովանավոր ունեցող և բարեկեցության դիմաց անարդարությամբ բավարարվող մարդ տեսակին: Մեկ հարց ևս կցանկանայի տալ գործող քաղաքապետին:
Անհերքելի փաստ է, որ գործող քաղաքապետի հանդիպումները պետական կառույցների աշխատակիցների հետ կազմակերպվում են համապատասխան կառույցների ղեկավարների պարտադրանքով և թիրախավորվում են այն աշխատակիցները, ովքեր այլ նախընտրելի թեկնածու ունեն: Սա՞ է կապանցու հանդեպ անկեղծ լինելու և հավասար պայմաններում քարոզարշավ կազմակերպելու Ձեր ընկալումը:
- Որպես կապանցի՝ ի՞նչ փոփոխություններ կցանկանաս տեսնել քաղաքում:
- Որքան էլ սահմանափակ լինեն Կապան համայնքի ղեկավարի հնարավորությունները, այդուհանդերձ, նա ունի սոցիալական խնդիրները մեղմելու, հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ արժանապատիվ համագործակցելու հնարավորություն: Պարզապես պետք է ունենալ ազնիվ, ինքնուրույն և համարձակ համայնքի ղեկավար: Համայնքում սոցիալական խնդիրները մեղմելու համար պետք է հանքարդյունաբերական ընկերությունների կողմից համայնքին տրվող ֆինանսական միջոցների մի մասն օգտագործել փոքր և միջին բիզնեսը զարգացնելու նպատակով (շահագրգիռ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ): Կենսունակ բիզնես ծրագրեր առաջարկող քաղաքացիների համար պետք է ստեղծել մեկնարկային պայմաններ: Համայնքի բնակիչը պետք է անձամբ օգտվի իրեն պատկանող ընդերքի հարստությունից, որի միջոցով և կստեղծվեն նոր աշխատատեղեր, կզարգանա տնտեսության այլ ճյուղեր:
- Չե՞ս կարծում, որ քո նշած ընդերքից օգտվելու հնարավարությունը տեղական մասշտաբով չէ որոշվում մեր իրականության մեջ: Դա պետական քաղաքականության հետևանք է: Տվյալ դեպքում քաղաքապետը կամ քաղաքապետարանն ի՞նչ քայլեր կարող է անել, որպեսզի իր համայնքի բնակիչն այդ հնարավորությունն ունենա:
- Համաձայն եմ, բայց հանքարդյունաբերական ընկերությունները համայնքապետարանին աջակցում են, և քաղաքապետարանը պետք է աջակցի կենսունակ բիզնես ծրագրեր առաջարկող քաղաքացիներին, բիզնես հիմնելու մեկնարկային պայմաններ ստեղծի:
ՀԳ. Առաջիկայում կփորձենք զրուցել նաև Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել