HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվեց Մարիամ Սուխուդյանի նկարների ցուցահանդեսը

Այս օրերին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի մոտով անցնելիս նկարազարդ թռչնի բույն կտեսնեք, ճիշտ այն բների պես, որ հաճախ սարքում էինք մանկապարտեզում ու դպրոցում: Ներս ես մտնում պատկերասրահ, նկարազարդումները թելերից կախ տված քարերի վրա են. «Ծովում թուղթ չկար ձեռքիս տակ, սկսեցի նկարել ուղիղ քարերի վրա»:

Քչերը գիտեն Մարիամ Սուխուդյանին որպես նկարչուհի, թեպետ ինքն իր մասին խոսելիս երբեք չօգտագործեց նկարչուհի բառը. ասաց, որ պարզապես նկարող է: Քաղաքացիական շարժումներից շատերիս հայտնի Մարիամ Սուխուդյանի նկարները երեկվանից ցուցադրվում են  «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:

Զարդանախշեր, զարդաքանդակներ, հարսանեկան զգեստի, թագավորական պալատի վարագույրների դիզայն հիշեցնող գել-գրիչներով ստեղծված գործերը կարող եք տեսնել մինչև հոկտեմբերի 11-ը:

Ընկերներից ոմանք խոստովանում էին՝ Մարիամին «հազար» տարի չէին տեսել: Հետևաբար, առաջին հարցս նրան՝ որտե՞ղ էր Մարիամը. «Պահ ա գալիս, որ սպառվում ես, բոլոր մեթոդները փորձել ես, արել ես, մեկ էլ ստոպ եկավ: Եթե ակտիվիզմի մասին ա խոսքը, չեմ տեսնում մի բան, որ ես կարող եմ անել էն ֆորմատի, որ ես արել եմ: Հետո չեմ կարող ասել ինչ կլինի, ոնց կլինի»:

Ընկերները հիշում են, որ դեռ Մաշտոցի պուրակի պահպանության ակցիաների ժամանակ Մարիամը կավճով նկարում էր ասֆալտին: Բայց, ինչպես Մարիամն ինձ պատմեց, ամեն ինչ սկսվել է ավելի վաղ՝ դեռ Պոլիտեխնիկական ինստիտուտում: «Բոլորի մոտ ամենահետաքրքիր տեղը տետրի հետևներն են. էնտեղ ինքը իսկական ա, գրում ա, ինչ ուզում ա՝ նկարում ա»:

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր, նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստր, ինքն էլ նկարչուհի Զարուհի Մուրադյանը, այցելելով Մարիամին ու տեսնելով նրա աշխատանքները, նախաձեռնել է դրանց ցուցադրությունը: Խոստովանում է, որ երկար է համոզել Մարիամին ցուցահանդեսի գաղափարն իրականություն դարձնել:

«Ուզում էի երեկ ելույթ ունենալ, բայց հեղինակը դեմ էր մեր բոլորիս պատկերացրած պաշտոնական մասին, որտեղ պետք է ճառեր լինեին: Անկեղծ ասած, ուզում էի ոչ թե հեղինակին կոնկրետ ներկայացնել, որովհետև իր աշախատանքներն իրեն բավական ներկայացնում են, այլ խոսել իրական արվեստագետի վերաբերյալ իմ պատկերացումների մասին: Ինձ համար արվեստագետները բաժանվում են երեք խմբի. նրանք, ովքեր ստեղծագործում են, որ հանրային ֆիգուր դառնան, նրանք, ովքեր մոդային հետևելով՝ ուղղակի փող են աշխատում և երրորդ խումբը՝ ինձ համար ամենագնահատելի, նրանք, ովքեր ստղծագործում են, քանի որ չեն կարող դա չանել: Մարիամը հենց այդ տեսակն է: Ինքը նպատակ չի դնում ոչ մոդայիկ լինել, ոչ էլ՝ հայտնի: Ես հենց դա տեսա իր մեջ: Արվեստում առհասարակ, բացի պրոֆեսիոնալությունից, ինձ համար կարևոր է անկեղծությունը»,- ասաց Զարուհի Մուրադյանը:

Իսկ Մարիամի ամենացանկալի ու կիրառական նվերը գել-գրիչներն էին, որ ստացավ հայրիկից ու ընկերներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter