
Հանձնաժողովի նախագահ. «Եթե բոլոր մարդիկ գալիս են իրենց տատիկների փոխարեն ընտրում, տատիկն է ընտրո՞ւմ»
Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ավագանու թեկնածուի վստահված անձ Միքայել Նազարյանը «Հետքին» հայտնեց, որ Կապան քաղաքի 38/05 ընտրատեղամասում թոռը քվեարկել է տատի փոխարեն: Նա պատմեց, որ տատը նստել էր աթոռին, չէր մոտեցել քվեախցիկին, թոռը քվեաթերթերը վեցրել և քվեարկել էր: Հանձնաժողովի անդամներն ու նախագահը հրաժարվել են արձանագրություն կազմել՝ պատճառաբանելով, որ խախտում չէ, տատիկը պարզապես վատ էր զգում:
Միքայել Նազարյանը
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Միքայելյանը, որը ներկայացնում է «Ժառանգություն» կուսկացությունը, այս դեպքին այսպես արձագանքեց. «Տատիկը վատ էր զգում, դրա համար թոռը քվեարկեց»: Ի պատասխան դիտարկմանը, թե գուցե սպասեին` տատիկի վիճակը լավանար, ոչ թե թույլ տային թոռանը քվեարկել, հանձնաժողովի նախագահը անմիջապես փոխեց պատասխանը` ասելով, թե տատիկը քվեարկելուց հետո էր վատացել:
Նարեկ Միքայելյանը
«Եթե բոլոր մարդիկ գալիս են իրենց տատիկների փոխարեն ընտրում, տատիկն է ընտրո՞ւմ: Չէ՞ որ ուղեկցողն է…տատիկն ի՞նչ է իմանում թոռն ինչ է արել»,- այսպես պատասխանեց Նարեկ Միքայելյանը, ով մերթ նշում էր, թե չի նկատել, մերթ նշում էր, որ տատիկը վատ էր զգում, չէր կարող մոտենալ քվեախցիկին:
Այս ընտրատեղամասում 1525-ից 889 հոգի ընտրել է ժամը 19:53-ի տվյալներով:
Մեկնաբանել