Ոստիկանության բյուջեն կաճի, ազգային անվտանգությանը՝ կնվազի. Բյուջե 2017
Ինչպես արդեն գրել ենք, ըստ «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» տողով նախատեսվում է բյուջեի ծախսերից հատկացնել 101, 7 միլիարդ դրամ։ Դա կազմում է ծախսերի 7.5%-ը։
Եթե համեմատում ենք «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված գումարների հետ, ապա 2017-ին բյուջեից նշված տողով հատկացումներն աճելու են 934 մլն դրամով կամ 0.9%-ով։ Ընդ որում, ի համեմատ այս տողով ներկայացված մյուս ուղղությունների, նկատելի ավելանում են ոստիկանությանն ու փրկարար ծառայությանը նախատեսված հատկացումները, պակասում ազգային անտանգության, ինչպես նաև՝ «Կալանավայրեր» տողով ֆինանսավորումը։
Հասարակական կարգին ու անվտանգությանն ուղվելու է նշված գումարից 63,3 մլրդ դրամը։ Դրանից 40,68 մլրդ դրամը հատկացվելու է ոստիկանությանը, 19,9 մլրդ դրամը՝ ազգային անվտանգությանը, 2,7 մլրդ դրամը՝ պետական պահպանությանը։ Ոստիկանությանն հատկացվող գումարը, ի համեմատ 2016թ. բյուջեի օրենքով սահմանվածի, ավելանալու է մոտ 1,1 մլրդ դրամով, իսկ ազգային անվտանգությանն ուղվող գումարը՝ պակասելու է 586 միլիոն դրամով։
2017թ. բյուջեի նախագծով փրկարար ծառայությանը նախատեսված է հատկացնել 8.65 միլիարդ դրամ՝ 1,1 միլիարդ դրամով ավելի, քան 2016-ի բյուջեով է։
«Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն» տողով էլ նախատեսված է 11,2 միլիարդ դրամ։ Այստեղ փոփոխությունը մեծ չէ։ Իսկ «Կալանավայրեր» տողով հատկացումները նախատեսված է պակասեցնել 559 միլիոն դրամով։ 2016թ. բյուջեի մասին օրենքով և 2017թ. բյուջեի մասին օրենքի նախագծով` հասարակական կարգին, անվտանգությանն և դատական գործունեությանը նախատեսված գումարների համեմատությունն առավել մանրամասն ներկայացնում ենք ինֆոգրաֆիկայում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել