HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Աբորտի հիմքում ընկած է նախևառաջ մարդկանց տգիտությունը

Ոչ թե պետք է արգելել երեխայի սեռն իմանալը, ինչը նորմալ է, այլ պետք է հետևել, որ չկատարվեն անօրինական աբորտներ: 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը: Նա նշեց, որ 2002 թ.-ին ընդունվել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը: Ըստ օրենքի 10-րդ հոդվածի` հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթականը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: Այնուհետև արհեստական ընդհատումն արգելվում է: Հենց 12-րդ շաբաթականում են զարգանում երեխայի սեռական օրգանները, նա ընկալում է լույսը, ջերմությունը, քնում, արթնանում է, իսկ 14-րդ շաբաթականում արդեն երեխայի սիրտը օրական մղում է 24 լիտր արյուն:

Բժիշկը նշեց, որ անգամ մեկ անգամ աբորտ կատարած կինը չի կարող համարվել առողջ, և այն առաջացնում է լուրջ դժվարություններ: Նորմալ տղամարդու և կնոջ համար աբորտն անընդունելի է: Միաժամանակ այժմ կան բազմաթիվ հակաբեղմնավորիչներ, և պետք չէ հասցնել աբորտի: Վ. Տեր-Մինասյանի խոսքերով`աբորտը միակ բժշկական միջամտությունն է, որի մասնակիցներից մեկն իր օրգանիզմին հասցնում է շատ լուրջ վնաս, իսկ երկրորդը` զրկվում է կյանքի իրավունքից:

Իսկ ասուլիսի մյուս բանախոսը` Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանը, աբորտը որակեց որպես մարդասպանություն: Սա այն դեպքն է, երբ գործ ունեն անպաշտպան էակի հետ, որն անգամ լույս աշխարհ չի եկել: Ըստ նրա` սխալ է այն կարծիքը, թե պտուղը կնոջ օրգանիզմի մի մասն է, և նա կարող է վարվել պտղի հետ, ինչպես ցանկանում է: Պետք չէ աբորտը արդարացնել` ասելով, թե դա կնոջ իրավունքն է: Հոգևոր առաջնորդի կարծիքով` աբորտները մարդկանց «հաճույքների, վայելքի և սեռական սանձարձակության հետևանք են»:

Վ. Տեր-Մինասյանի կարծիքով` եթե աբորտը կատարվում է մոր կամ պտղի բժշկական խնդիրների հետևանքով, ապա կարող է լինել արդարացված: Նա նշեց, որ աբորտ անելը ոչ մի կնոջ համար հաճելի չէ, ինչ-որ մի բան դրդում է նրան դիմել այդ քայլին: Եթե առաջացել է աբորտի հարցը, ապա մեղավորները երկուսն են, դա միայն կնոջ մեղքը չէ: Իսկ աբորտի հիմքում ընկած է նախևառաջ մարդկանց տգիտությունը:

Վ. Տեր-Մինասյանը նաև նշեց, որ այսօր շատ են կատարվում դեղորայքային աբորտներ` տնային պայմաններում: Որոշ դեպքերում դրա հետևանքով կինը զրկվում է հետագայում երեխա ունենալու հնարավորությունից: Այդ դեղերը ազատ վաճառվում են դեղատներում, սակայն այլ դեպքերի համար են նախատեսված, պարզապես ունեն նաև նման հատկություններ: Միաժամանակ, Վ. Տեր-Մինասյանի կարծիքով, եթե այսպես շարունակվի` ընտանիքներում նախընտրեն ունենալ տղա երեխա, ապա տարիներ անց կլինեն դեմոգրաֆիական խնդիրներ` կգերակշռեն արական սեռի ներկայացուցիչները:

Տեր Կյուրեղ քահանա Տալյանը հավելեց, որ հասունացել է ժամանակը, երբ եկեղեցին պետք է հստակ արտահայտի դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ, այդ թվում` աբորտների: Առկա բարոյական անկման պատճառը հոգևոր է, իսկ աբորտների խնդիրը ամբողջ հասարակության խնդիրն է:

Մեկնաբանություններ (1)

Alishan
անօրինական աբորտներ, այսինկն Հայեռրենով - Վիժեցում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter