
Դատավորը նիստերի դահլիճից հեռացրել է Արայիկ Խանդոյանին
Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» անդամ Արայիկ Խանդոյանի կալանքի երկարացման դեմ բողոքը։
Ինչպես «Հետք»-ին փոխանցեց Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը՝ դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը սանկցիա է կիրառել Արայիկ Խանդոյանի նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից։
«Վերաքննիչ մեր բողոքներից հետո ձայն տրվեց Արայիկ Խանդոյանին։ Նա դատարանում հայտարարեց՝ ինչ արել եմ, արել եմ իմ հայրենիքի, ինչպես նաև քո (դատավորի-հեղ.) ու քո երեխաների համար։ Սակայն դատավորը վրդովվեց, գիրքը սեղանին հարվածեց` ասելով՝ իմ հետ գործ չունես։ Դրանից հետո դատավորը հայտարարեց, որ դատավարական սանկցիա է կիրառում՝ Արայիկ Խանդոյանին նիստերի դահլիճից հեռացնելով»,- նշում է փաստաբանը։
Երբ Արայիկի Խանդոյանին հեռացրել են նիստերի դահլիճից, Կարագյոզյանը ևս, առանց դատավորի թույլտվության, լքել է դատարանը, շեշտելով, որ իր պաշտպանյալի հետ կնքած հուշագիր ունի, որով առանց նրա ներկայության իրավական որևէ գործողություն չի կատարելու։
Փաստաբանը ենթադրում է` դատավորը իր այս քայլի համար կդիմի փաստաբանների պալատ՝ իր նկատամամբ կարգապահական պատասխանատվություն ենթարկելու պահանջով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը և մերժել նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Խանդոյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով։
Հավելենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Մեկնաբանել