
Հայաստան տեղափոխված սիրիահայ վարսավիր. «Ամենն ալ ուզում են գալ, բայց փող չունին»
Այս օրերին Հալեպում շարունակում է լույս տեսնել տեղի միակ հայկական թերթը՝ «Գանձասարը»: Թերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Բողիկյանն ասում է, որ ամեն գնով շարունակում են տպագրել: Այսօր թերթի տպաքանակը 600 է, իսկ համացանցում 19.000 ընթերցող ունեն:
Հալեպում էլեկտրական հոսանքը ժամերով է լինում, համացանցը հաճախ անհասանելի է, և Զարմիկի խոսքով, շատ մարդիկ թերթի միջոցով են ստանում տեղեկատվություն: Նա նշում է, որ Հալեպի ժողովուրդն ահաբեկչության է ենթարկվում և գոյապայքար է մղում դրա դեմ: Զինյալ ահաբեկչական խմբավորումները, խմբագրի փոխանցմամբ, 1 շաբաթ է՝ հրիթռակոծում են խաղաղ բնակչության շրջանները: Եվ քանի որ հայերը մոտ են գտնվում զինյալ ահաբեկչական խմբավորումների շրջաններին, զոհեր ավելի շատ են ունենում: Զարմիկի խոսքով՝ ընդհանուր թվի համեմատ հայկական համայնքը 1 տոկոսով ավելի զոհ է ունենում:
Վերջին 5 տարիներին Հալեպի հայկական համայնքը շուրջ 200 զոհ և նույնքան էլ վիրավոր է ունեցել: Չիլափոշյան-Բողիկյանն ասում է, որ մեծ մասը զոհվել է սիրիական բանակում, մի մասը՝ հայկական թաղամասերի պաշտպանության ժամանակ, մնացածը՝ հրթիռակոծության հետևանքով: Վիրավորներից ոմանք անդամահատվել են: Մինչ օրս կան նաև առևանգվածներ, որոնցից տեղեկություն չկա:
Խմբագրի փոխանցմամբ՝ Հալեպում այսօր մնացել է 8000-10000 հայ: Սա, իհարկե, ոչ պաշտոնական թիվ է: Զարմիկը նշում է, որ պատերազմական իրավիճակում դժվար է հստակ վիճակագրություն ունենալ: «Վիճակն ամեն օր փոփոխական է, պատերազմի մեջ ենք ապրում: Նախկինում ավելի հանդարտ էր, գաղթելու տրամադրությունը նվազել էր բնակչության մոտ, այս շաբաթ անակնկալորեն վատթարացավ հայտնի պատճառներով, սիրիական բանակն առաջխաղացում է արձանագրել, և զինյալ խմբավորումներն ամեն կերպ խանգարելու, խուճապ առաջացնելու, մարդոց իրար անցցնելու, ապահովությունը խախտելու համար սկսեցին խաղաղ բնակչությանը հրթիռակոծել: Այսինքն՝ փոփոխական են այդ տոկոսները»,- ասում է զրուցակիցս:
Հալեպահայությունը, ըստ նրա, ամեն տեսակի օգնության կարիք ունի: «Հայաստանի իշխանությունները կփորձեն ամեն ձևով համակարգել աշխատանքները տեղի մարմինների հետ: Այսպիսի լուրջ պատերազմական պարագաներում դա է ենթադրվում, որ աշխատանքները համակարգվեն, թե ինչ կարիքների պետք ունենք, ոչ թե միայն մամուլի մեջ եղած հայտարարություններին ընդառաջելով»,- նշում է նա՝ անդրադառնալով լրատվամիջոցների աշխատանքին:
Զարմիկի խոսքով՝ մամուլը երբեմն խուճապ է տարածում, և առանց տվյալները ճշտելու հայտարարություններ կամ կարծիքներ են հրապարակվում: «Պատահական հայտարարությունները, համացանցի միջոցով կարծիքները այստեղ-այնտեղ տեղաշարժումներ անելը արդեն իսկ վատթարացնում է հալեպահայության ծանր վիճակը»,- ասում է խմբագիրը:
Եվս 100 սիրիահայ կտեղափոխվի Հայաստան
«Հալեպ» հայրենակցական բարեգործական ՀԿ-ի միջոցով 2015-2016 թթ. ընթացքում Հայաստան է եկել մոտ 250 սիրիահայ, իսկ մինչև նոյեմբեր նախատեսվում է ևս 100 սիրիահայի վերադարձ: ՀԿ-ն հիմնվել է 2015-ին, և օգնություն ստանալու համար մինչ օրս կազմակերպությունում գրանցվել է 5615 սիրիահայ (1640 ընտանիք): ՀԿ-ի տնօրեն Հայասա Թահմազյանը մեզ հետ հետ զրույցում ասաց, որ կազմակերպությանն աջակցել են անհատ բարերարներն ու ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ եկեղեցու ծխական խորհուրդը (160 ավիատոմս է գնել Սիրիայից Հայաստան եկած հայերի համար):
«Փախանք, մեր շորերով փախանք Հալեպից»
Հալեպահայ վարսավիր Րաֆֆի Սիմոնյանն ասում է, որ ամենակարևորը մարդկանց այնտեղից փրկելն է: Նա Հալեպից Հայաստան է եկել 3 ամիս 10 օր առաջ: «Փախանք, մեր շորերով փախանք Հալեպից»,- ասում է Րաֆֆին: Հայաստան է եկել ծանոթներից մեկի աջակցությամբ:
Րաֆֆիի մայրն ու երեք եղբայրները գտնվում են Հալեպում: Նրանք ևս ցանկանում են տեղափոխվել Հայաստան: Նշում է, որ Հայաստանի կառավարությունը պիտի հոգա հալեպահայերի մասին, շենքեր կառուցի, որովհետև նրանք հիմնականում վերադառնում են վատ վիճակում: «Գործն ալ պետք է ճարե, որպեսզի չմուրա, աշխատի, ուտե-խմե: Չեմ ըսեր, որ ամեն օր միս ուտի, օր մը մակարոն է, օր մը չգիտեմ ինչ է, կարևորն ինքն իրեն քալեցնե»,-ասում է հալեպահայ վարսավիրը:
Լուծման միակ տարբերակը, ըստ նրա, այն է, որ Թուրքիան քանդվի, որպեսզի Սիրիան հանգիստ լինի: Րաֆֆիի խոսքով՝ «ամեննն ալ ուզում են գալ Հայաստան, բայց փող չունին»: Քիչ անց ավելացնում է, որ միայն հարուստները կարող է չցանկանան տեղափոխվել, քանի որ մտածում են իրենց ունեցվածքի մասին:
«Ամենն ալ կուզեն, որ գան, բայց փող չունին»
Պետրոս Քիրազյանը 4 տարի առաջ ընտանիքի հետ Հալեպից եկել է Հայաստան: Երևանում համեմունքի առևտրով է զբաղված:
Պետրոսի եղբայրը, հորեղբոր աղջիկները, բարեկամները գտնվում են Հալեպում: Նրանց հետ հաճախ խոսում է: «Մի ամիս է՝ արդեն չեն քնած էս ձայներեն, հրթիռներուն ձայներեն, մեր տան կողքն, օրինակ, այս շաբաթ հրթիռ ընկել էր: Նոր գյուղում է մեր տունը»,- պատմում է Պետրոսը:
«Հոն տեղն ամեն մարդ տուն ունի, տան մեջը նստել է, գոնե կըրնան կոր, օրինակ, տունի մեջ քիչով-շատով ապրիլ: Հիմա էստեղը որ գա, ամենն ալ կուզեն գալ, բայց ամենակարևորը այստեղը որ հանրակացարաններ ըլլան, գործի միջոց ըլլա, որ կարենան աշխատին: Ամեն մարդ կուգա, բայց որ պիտի գա մեկը, ով ոչ փող ունի վարձքով տուն վերցնի, ոչ գործ, ինչպե՞ս պիտի ապրի, և պետությունը հեչ մի բանով չի օգներ կոր»,- նկատում է հալեպահայը:
Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել էին Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխած երկրորդ օդանավի (ռուսական) լուսանկարները (առաջին օդանավը Սիրիա էր մեկնել հոկտեմբերի 4-ին): Ինչպես ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջն է գրել. «Այն ճանապարհում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը»: Երկուսով լուսանկարվել են օդանավի մոտ:
Այդ օգնությանն անդրադառնալով՝ Պետրոս Քիրազյանն ասում է, որ առաջնային խնդիրը մարդկանց այնտեղից փոխադրելն է: Ապա հարցնում է, որ եթե օդանավերը դատարկ պիտի վերադառնային, գուցե մի քանի ընտանիքներ տեղափոխեին: Հետո ավելացնում է, որ մարդիկ մեկ ոտքի վրա կանգնած էլ կգան, միայն թե փոխադրվեն անվտանգ վայրեր, պարտադիր չէ միայն Հայաստան. «Լուծո՞ւմ... Պետք է այլևս ելնեն: Վերջն ավելի կվատանա կոր: Ամեն օր 2 հոգի, 3 հոգի մահ»:
Լուսանկարը՝ sayyidali.com-ից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել