
Քաղաքի օրվա կապակցությամբ` բնակարան վթարային Սիսակյան 3-ի վերջին բնակիչներին
Սեպտեմբերի սկզբին ի նշան բողոքի Սիսակյան 3-ի կիսավեր շենքից չհեռացող բնակիչներն արդեն նոր բնակարան ունեն: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել քաղաքի օրվա կապակցությամբ բնակարան նվիրել նաև Ռոլանդ Գասպարյանին և նրա ընտանիքին: Հոկտեմբերի 7-ին նրանց հանձնվեցին բնարականի բանալիները:
Սեպտեմբերի 19-ին Հետքը հոդված էր հրապարակել այն մասին, որ ամուսիններ Ռոլանդ Գասպարանն ու Անահիտ Աբրահամյանն իրենց երկու զավակների՝ 11 տարեկան Ստեփանի ու 8-ամյա Էրիկի հետ հրաժարվում են հեռանալ կիսաքանդ շենքից:
Սեպտեմբերի 13-ին Անահիտը դիմում էր ներկայացրել քաղաքապետարան՝ պնդելով, որ շենքի հատակագծում նշված չէ 8,5 քառ. մետր տարածքով իրենց սենյակը: Բացի այդ, փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ էր դառնում, որ Ռոլանդ Գասպարյանի անունը բնակարանի համար 2000-ականների սկզբին տրված սեփականաշնորհման փաստաթղթերից պարզապես անհետացել է:
Քաղաքապետարանից ստացված «Հետքի» հարցման պատասխանը ժլատ է և շատ տեղեկություններ չի պարունակում: Քաղաքապետարանից պահանջել էինք մանրամասն տեղեկություններ տրամադրել Սիսակյան 3-ի վերաբնակեցման վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով նաև Ռոլանդ Գասպարյանին բնակարան հատկացնելու մերժման և Սիսակյան 3-ի բնակչուհի Լիլիթ Աղաբեկյանին առանձին բնակարան տրամադրելու որոշման հիմքերին: Բանն այն է, որ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը «Ա1+» հեռուստաընկերությանը ս.թ. հունվարի 22-ին տրված հարցազրույցում (https://www.youtube.com/watch?v=JAGMcLh9XqQ) նշում է, որ Լիլիթի ընտանիքին հատկացվել է բնակարան, սակայն վերջինս պահանջում է իրեն հատկացնել առանձին բնակարան՝ պատճառաբանելով, թե արդեն հասուն է և չի կարող բնակվել ծնողների հետ: Տեսանյութում Նիկոյանը շեշտում է, որ Սիսակյան 3-ի վերաբնակեցման ծրագրով բարելավում չի նախատեսվում, թեև բոլոր բնակիչները ստացել են տարածքով մի քանի անգամ ավելի շատ բնակարաններ, քան ունեին: «Հետքի» այցելության օրը Լիլիթը Սիսակյան 3-ում էր. եկել էր հարևաններին հյուր: «Հետքի» հետ զրույցում Լիլիթը նշել է, որ գոհ է քաղաքապետարանից, քանի որ ստացել է առանձին բնակարան: Սակայն ի պատասխան «Հետքի» պահանջի` Աղաբեկյանի վերաբերյալ տալ պարզաբանում, քաղաքապետարանը նշել է. «Վերոհիշյալ շենքի թվով 6 ընտանիքների՝ այդ թվում նաև Լիլիթ Աղաբեկյանի հարցը քննարկվել է Երևան քաղաքի ավագանու կողմից և 13 սեպտեմբերի 2016թ. N 580-Ա որոշման հիման վրա ընտանիքները վերաբնակեցվել են»:
![]() |
![]() |
Ռոլանդ Գասպարյանին բնակարան հատկացնելը մերժելու պատճառաբանության վերաբերյալ քաղաքապետարանի պատասխանում նշված է հետևյալը. «Միաժամանակ տեղեկացվում է, որ նշված աշխատանքների ընթացքում Սիսակյան փողոցի հ.3 շենքում Ռոլանդ Գասպարյանի ընտանիքի կողմից զբաղեցրած բնակարան չի հայտնաբերվել, վերջինս վերոնշյալ հասցեում չի բնակվել»:
Գասպարյաններին քաղաքապետարանում բացատրել էին, որ Սիսակյան 3-ի վերաբնակեցման հիմքով իրենց նոր բնակարան չեն կարող տրամադրել, բայց քանի որ Ռոլանդ Գասպարյանը ապրիլի 2-ից մեկնել է առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու, քաղաքապետարանը որոշել է գնահատել այս արարքը և քաղաքի օրվա կապակցությամբ նվիրում է բնակարան, սակայն որոշման մեջ այս մասին նշված չէ:
Անահիտ Աբրահամյանի համար ավելի կաևոր է այն, որ իրենց գլխավերևում արդեն տանիք կա: Նա շնորհակալությամբ ասում է, որ 35 քառ. մետր տարածքով փոքրիկ բնակարանը ամուր հիմք է իր ընտանիքի համար. այլևս անհնարին կլիներ միասին ապրել ամուսնու եղբորը հատկացված 1-սենյականոց տանը, իսկ վարձով բնակարանները հիմա շատ թանկ են:
Արևի լույսով ողողված բնակարանի պատուհանից Էրիկն ու Ստեփանը ցույց են տալիս հորեղբոր շենքն ու ասում, որ նույնիսկ կարող են ձեռքով բարևել, եթե պատուհանի մոտ մարդ լինի կանգնած:
Սիսակյան 3-ի վերաբնակեցման վերաբերյալ «Հետքը» սեպտեմբերի 27-ին նոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, որի պատասխանը դեռևս չի ստացվել:
Մեկնաբանել