Ավտոբուսի վթարից տուժած 11 քաղաքացիները դուրս են գրվել բժշկական կենտրոնից
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր քաղաքացիները արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին «Հետք»-ին հայտնեց բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը` նշելով, որ բոլոր տուժածները գտնվում են բավարար առողջական վիճակում:
«Թեթև վնասվածքներ էին ստացել։ Երեկոյան և գիշերը կատարել ենք լրացուցիչ քննություններ՝ որովայնի սոնոգրաֆիկ քննություն, արյան հեմոգլոբինի որոշում, ռենտգեն հետազոտություն։ Լուրջ խնդիրներ չեն ունեցել, այդ պատճառով մի քանի ժամ նրանց պահեցինք հիվանդանոցում, կարգավորվեցին, այնուհետ դուրս գրեցինք»,- ասաց Գագիկ Մանուկյանը: Միայն 82-ամյա Վալյա Գրիգորյանն է մեկ ժամ առաջ դուրս գրվել բժշկական կենտրոնից: Մնացած տուժածները երեկ երեկոյան, Գագիկ Մանուկյանի խոսքով` գանգատներ չունենալով, լքել են հիվանդանոցը։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում երեկոյան գրառում էր կատարել, որ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներին «Զվարթնոց» օդանավակայանում սպասող շտապբուժօգնության բրիգադները 8 վիրավորի տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այնուհետ բժշկական կենտրոն է դիմել ևս 3 տուժած։ Հիվանդանոցում գտնվող 11 քաղաքացիները ենթարկվել են լաբորատոր և գործիքային հետազոտությունների։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին), ՀՀ ԱԻՆ-ը ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
Նախնական տվյալներով՝ վթարի հետեւանքով մահացել է 5 անձ, որոնցից 3-ը ազգությամբ ռուս են՝ ՌԴ քաղաքացի, 2-ը՝ ՀՀ քաղաքացի՝ ազգությամբ հայ, որոնցից 1-ը վարորդն է:
Հավելենք, որ դեպքի առթիվ ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել