HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

23 տարվա բանտարկյալը հացադուլ է սկսել «Արթիկ» ՔԿՀ-ում

23 տարի անազատության մեջ գտնվող, 2-րդ կարգի հաշմանդամ Վահագն Մարուքյանը «Արթիկ» ՔԿՀ-ում հացադուլ է սկսել: Այժմ նա գտնվում է մենախցում: Այս մասին «Հետքին» ասաց դատապարտյալի եղբայրը՝ Հուսիկ Մարուքյանը:

«Վահագին ասել են, թե «Արթիկի» գաղութում քո դեղերը կան, կգնաս կստանաս: Բայց ոչ մի դեղ էլ պարզվում ա՝ չկա: Էդ տղեն էլ առանց դեղերի չի ապրի, հաշմանդամ մարդ ա, հոդացավերը անտանելի են, հենակներով ա քայլում: Առողջություն չունի, հիմա էլ հացադուլ ա անում»,-ասաց Հուսիկ Մարուքյանը:

Դատապարտյալի եղբայրը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է ահազանգել հոկտմբերի 13-ին, երբ Վահագնին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ: «Խնդրում եմ, որ Վահագի դեղերի հարցը լուծեն»,-նշեց բանտարկյալի եղբայրը:

Հիշեցնենք, որ Վահագն Մարուքյանը բանտում է 1993 թ.-ից՝ 19 տարեկանից: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը, որը, իր խոսքով, տվել է բռնության հետևանքով: Վերջին 3-4 տարիներին Մարուքյանը ստացիոնար բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոցում»: Ինչպես ինքն է վկայում, հոդատապով հիվանդացել է բանտային խցային խոնավ պայմանների հետևանքով: Պատիժը կրելուց 22 տարի անց փոխվել է նրա պահման ռեժիմը՝ փակից դառնալով կիսափակ: «20 տարին լրանալուց հետո պիտի փոխեին իմ պահման ռեժիմը, բայց անհասկանալի պատճառներով փոխել են 2 տարի ուշացումով»,-եզրափակեց ցմահ դատապարտյալը: Մշտապես բարձրաձայնում է պայմանական ազատման չներկայացնելու հարցը: Այս տարվա սեպտեմբերի 30-ին հերթական մերժումն է ստացել: Այն պատրաստվում է վիճարկել դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter