Ժողովրդավարացման գործընթաց. Հայաստան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյան
Ինչպե՞ս են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների վրա պրակտիկորեն անդրադառնում ԵՄ, ԵԽ, միջազգային այլ կազմակերպությունների գնահատականներն ու բանաձեւերը: Որո՞նք են եվրակառույցների` մեր երկրի ժողովրդավարացումն առաջ տանելու ամենագործուն լծակները:
Մինչեւ հիմա եվրոպական ինստիտուտները չեն ամաչել խոսել Հայաստանում եղած թերությունների մասին: Մեր երկրի պետական կառույցներն աշխատում են չստանալ բացասական գնահատականներ, եւ այդ իմաստով եվրոպական կառույցների գնահատականները դրական ազդեցություն են գործում: Բայց մեկ-մեկ էլ, մենք դա էլ գիտենք, այդ գնահատականները կողմնակալ են լինում: Օրինակ` նրանք հայտարարեցին, որ չեն ճանաչում ղարաբաղյան ընտրությունները: Պետք է գիտակցել, որ ցանկացած եվրոպական կառույց նախեւառաջ քաղաքական ինստիտուտ է, բնականաբանար, գնահատականները նաեւ սուբյեկտիվ են լինում: Հետաքրքիր է դիտարկել նաեւ գնահատականների ձեւավորման մեխանիզմը. եվրոպական ինստիտուտ է նաեւ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը: Հայաստանի վերաբերյալ այդ կառույցի ղեկավարի շուրթից հնչող ցանկացած գնահատական դրական չի լինելու:
Այդ ինստիտուտներն, իմ գնահատմամբ, այսպես թե այնպես դրական ազդեցություն թողնում են, որովհետեւ մարդիկ գալիս-գնում են, փորձում են դրական փոփոխություններ անել: Բացի նրանից, որ ուղղակի քաղաքական հայտարարություններ են արվում, նաեւ տեխնիկական օժանդակություն է ցուցաբերվում, դասընթացներ են անցկացվում: Հիմա նշանակվում են մոնիտորինգներ: Պետք է հասկանալ, որ ժողովրդավարությունը մեկ օրում չի ստեղծվելու: Նույնիսկ եթե առաջարկությունները միանգամից չեն իրականացվում, միեւնույն է` դրանք ի վերջո իրականացվում են: Այս ամռանը տեղի ունեցածը, երբ երկխոսության մշակույթ էր ձեւավորվում իշխանության եւ ընդդիմության միջեւ, այն նույն առաջարկն էր, որ եվրոպական կառույցներն արել են դեռեւս 2008 թ. մարտի 1-ից հետո: Երեք տարի տեւեց, բայց դա եղավ:
Լծակը մեր ցանկությունը պետք է լինի: Կան ծրագրեր, որոնցով Եվրամիությունը օժանդակություն է ցույց տալիս Հայաստանին: Կան պայմանական լծակներ: Օրինակ` Արեւելյան գործընկերության ծրագրի մեջ Վարշավայի գագաթնաժողովից հետո նոր մոտեցում կիրառվեց` ավելին ավելիի համար: Այսինքն` կտրվի ավելին, եթե արվի որոշակի պարտավորություն: Սա պայմանական լծակ կարելի է համարել:
Քանի՞ խորհրդարանական է ներկայացնում Հայաստանը ԵԽ-ում, ինչպե՞ս են ձեւավորվում այդ խմբերը, եւ կոնկրետ ի՞նչ են նրանք այնտեղ անում:
Ամեն խմբակցություն ունի իր ներկայության քվոտան: Պարտադիր ամեն մի կուսակցությունից այնտեղ կա ներկայացուցիչ: Բոլորը` եւ իշխող, եւ ընդդիմադիր կուսակցություններից ունեն ելույթների եւ իրենց կարծիքները ներկայացնելու իրավունք: Նրանք նաեւ մասնակցում են ԵԽ քաղաքական հայտարարությունների պատրաստմանը: Հասկանալի է, որ կան երկրներ, որոնք Եվրոպայի խորհրդի անդամ են շատ վաղուց, իսկ մեզ մոտ ինստիտուցիոնալ աշխատանքի այդ մշակույթը նոր է ձեւավորվում: Մեր երկրի թիմը դեռ ամբողջությամբ չի տիրապետում դիվանագիտական կապերի օգտագործման մեխանիզմներին: Բայց այն անում է ավելին, քան նախորդը: Այս թիմն առաջին անգամ էր, որ ոչ միայն պաշտպանվում էր, այլեւ` նախաձեռնում, եթե կար Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հարց: Իմ պատկերացմամբ, Հայաստանում ժողովրդավարությունը պահանջարկ ունի: Հավատում եմ սրան, որովհետեւ տեղի է ունենում սերնդափոխություն: Նոր սերունդն ավելի է ձգտում ժողովրդավարության:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան
Ինչպե՞ս են գործերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Մեր երկրի իրավապաշտպան կազմակերպությունները համագործակցո՞ւմ են Օմբուդսմենի ինստիտուտի հետ: Ու՞մ են ավելի շատ դիմում քաղաքացիները` Օմբուդսմենի՞ն, թե՞ իրավապաշտպան կազմակերպություններին:
Իշխանությունները շարունակում են խախտել խոսքի ազատության, տեղաշարժման, արդար դատաքննության, հավաքների ազատության եւ մի շարք այլ հիմնարար իրավունքներ: Ընտրության իրավունքի խախտողներին ես համարում եմ ճակատագրի գողեր, որովհետեւ խոսքը գույքի, դրամի գողության մասին չէ, այլ` ապագայի գողության: Եթե թեկուզ մի քվե է փոխվում, նշանակում է, որ մարդկանց, համայնքի, պետության կյանքը փոխվում է: Իշխանությունն ավելի շատ ռեակտիվ գործունեություն է ծավալում մարդու իրավունքների խախտումները նվազեցնելու ուղղությամբ (այն էլ իրավապաշտպան կազմակերպությունների կամ անհատների ճնշման արդյունքում), քան` պրոակտիվ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` մեր կազմակերպությունը, չի համագործակցում: Ինչպես նախորդ պաշտպանների գրասենյակների դեպքում էր, հիմա էլ պաշտպանի ինստիտուտի հետ համագործակցությունն արդյունավետ չի կարող լինել երկու պատճառով: Առաջին` այդ հաստատությունն էական ազդեցություն չի կարող ունենալ օրենսդրական իր լիազորությունների սահմանափակության հետեւանքով: Ակտիվ միջամտության իրավական հիմքեր այն չունի: Պաշտպանի գրասենյակը ես նմանեցնում եմ մի խոշոր հասարակակական կազմակերպության: Միակ դրական բանը գուցե արագ արձագանքման ռեսուրսն է, որին կարող ենք անմիջապես դիմել, եթե կա իրավունքի սահմանափակում որեւէ կառույցում: Մյուս պատճառը սուբյեկտիվ է. անձամբ ինձ հավատ չի ներշնչում այսօրվա պաշտպանի գործունեությունը: Ես համարում եմ, որ Հայաստանում իշխանությունը զավթված է, եւ երբ որեւէ մեկն ընդունում է իշխանությունը զավթողի հետ համագործակցության առաջարկը, ուրեմն միանում է զավթիչներին:
Ես վիճակագրություն չունեմ, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մարդիկ իրավապաշտպան կազմակերպություններին ավելի շատ են դիմում, քան մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Կրկնեմ, որ անձամբ լուրջ հույսեր չեմ կապում այդ գրասենյակի հետ, բայցեւայնպես միշտ մեզ դիմած քաղաքացիներին տեղեկացնում եմ պաշտպանի գրասենյակին եւս դիմելու հնարավորության մասին: Դատելով այդ մարդկանց արձագանքներից` շոշափելի արդյունքների նրանք չեն հասնում իրենց գործերում: Մեր փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիները նախ եւ առաջ սոցիալական արդարության, ապա արդարադատության հարցերով են հիմնականում դիմում իրավապաշտպան կազմակերպություններին: Սակայն դա անում են վերջում, երբ բոլոր հնարավոր ռեսուրսները (եւ օրինական, եւ անօրինական) սպառած են լինում: Մեզ տարեկան 250-300 մարդ է դիմում:
Ունի՞ ժողովրդավարությունը պահանջարկ Հայաստանի հասարակության կողմից: Արդյո՞ք անդառնալի է երկրի ժողովրդավարացման գործընթացը:
Ես մարդկանց կողմից սեփական իրավունքի համար պայքարելու եռանդուն ջանքեր չեմ տեսնում, արտագաղթը նրանց համար միշտ ավելի նախընտրելի լուծում է: Ովքեր գիտեն, թե ինչ է ժողովրդավարությունը, զգում են դրա կարիքը:
Իմ գնահատմամբ, այսօր մեզանում կա լրջագույն նահանջ ժողովրդավարության ճանապարհից, դպրոցի տնօրեն, համայնքապետ դառնալու համար շատ շահեկան է հանրապետական լինելը: Իհարկե, կան ակտիվիստական շարժումներ, բայց դրանք ընդհանուր հասարակությունից անջատված են: Պետք է տեսնել, թե ինչպես են մարդիկ կրում հանրապետականի նշանը, դա դառնում է ինքնության մաս մեր հասարակությունում:
Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ մի դեպքում անդառնալի չէ: Հիմա այն պահն է, երբ մոտավոր ավտորիտարիզմը խորանում է, եւ եթե չլիներ ներքին մի շարք խմբերի եւ արտաքին որոշ գործոնների ազդեցությունը, ապա այդ ավտորիտարիզմը կարող էր ստանալ ավելի խորքային որակներ:
Ժողովրդավարություն Հայաստանում չի էլ եղել: 90-ականների առաջին 5-7 տարիներին կային հույսեր, որ մարդկանց լավ ապրելու հիմնական մեխանիզմը դառնալու է ժողովրդավարությունը: Հետո իշխանությունը սկսեց առաջ մղել այն թեզը, որ մեր տիպի երկրներում չի կարող լինել ժողովրդավարություն, որովհետեւ իբր մենք ազգային անվտանգության խնդիր ունենք, եւ դա հակասության մեջ է ժողովրդավարության հետ: Սա կեղծ վարդապետություն է: Իշխանության մեջ կան մարդիկ, որ այսպես էլ մտածում են, կան նաեւ մարդիկ, որոնք այդպես չեն մտածում: Բայց քանի որ վերեւներից այդպես են թելադրում, նրանք էլ շարունակում են այդ ծամոնը ծամել: Այնինչ ազգային անվտանգության երաշխիքը հենց ժողովրդավարությունն է:
Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ
Ի՞նչ դեր են խաղում եվրոպական կառույցները Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացում, երկու երկրներում ինչպե՞ս են իրականում լուծվում բարեփոխումների ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները, արդյո՞ք իսկապես երկու հասարակություններում կա ժողովրդավարության պահանջարկ: Այս մասին են հայաստանյան եւ ադրբեջանական չորս հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ մեր զրույցները, որը ներկայացնում ենք ստորեւ:
Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են:
Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:
Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել