HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովրդավարացման գործընթաց. Ադրբեջան

Ֆուադ Հասանով, «Ժողովրդավարական մոնիտորինգ» կազմակերպության նախագահ

Ինչպե՞ս են Ադրբեջանի ժողովրդավարական բար եփոխումների վրա պրակտիկորեն անդրադառնում ԵՄ, ԵԽ, միջազգային այլ կազմակերպությունների գնահատականներն ու բանաձեւերը: Որո՞նք են եվրակառույցների` մեր երկրի ժողովրդավարացումն առաջ տանելու ամենագործուն լծակները:

Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում ժողովրդավարական բարեփոխումները, որոնք կարող են հանգեցնել քաղաքական համակարգի եւ ռեժիմի փոփոխության: Այն փաստը, որ ժողովրդավարական ինստիտուտները չեն գործում համաձայն իրենց գործառնական էության, երկրում ռեալ ժողովրդավարական բարեփոխումների բացակայության ցուցանիշ են: Սա ապացուցելու ամենապարզ միջոցը որոշելն է, թե որքան անկախ են միմյանցից գործում երկրի իշխանության երեք ճյուղերը: Անցած տարվա խորհրդարանական ընտրություններն ընթացան լրջագույն խախտումներով, առաջատար ընդդիմադիր ուժերը խորհրդարան չմտան: Ձեռնարկվեցին դատական բարեփոխումների որոշ իմիտացիոն միջոցառումներ, դրանք զուտ տեխնիկական բնույթի էին, դատական իշխանությունը անկախ չդարձավ:

Բարձրագույն գործադիր իշխանության ձեռքում դատական համակարգը վերածվեց քաղաքական ընդդիմությանը, քննադատող լրագրողներին եւ առհասարակ բողոքավորներին պատժելու գործիքի: Այս առումով 2001 թ. ԵԽ անդամ դարձած Ադրբեջանն առհասարակ չի կատարել ստանձնած պարտավորությունները: Չի կատարել նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրին միանալիս, ԵՄ Հարեւանության նոր քաղաքականության Գործողությունների ծրագիրը ստորագրելուց հետո: Փաստորեն, երաշխավորված չեն քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները: Այս տարվա աշնանը բողոքի խաղաղ ակցիայի 18 մասնակիցներ դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման: Amnesty International կազմակերպությունը նրանցից 17-ին անվանեց «խղճի կալանավորներ»: Ադրբեջանում այլախոհությունը հետապնդվում է: Վերջին 10 տարիների ընթացքում լրջորեն խախտվում են սեփականության իրավունքները: Խախտումները ստացել են զանգվածային բնույթ: Զրպարտությունը դեռեւս քրեորեն պատժելի է: Չի լուծվում քաղբանտարկյալների հարցը, ավելին, նրանց թիվն ավելանում է: 

Իրականում եվրակառույցների` Ադրբեջանի վրա ազդելու հնարավորություններն այդքան շատ չեն: ԵԽ-ն, որի անդամն է նաեւ Ադրբեջանը, ունի ճնշման մի քանի մեխանիզմներ, այնուամենայնիվ, վերջին 5-7 տարիների ընթացքում դրանք կորցրել են իրենց ուժը: ԵԽԽՎ զեկուցողներն ավելի պասիվ են դարձել եւ լրջորեն չեն ընկալվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ազդեցության ուժ ունեցող միակ ուժը շարունակում է մնալ Եվրադատարանը: Սակայն մարդու իրավունքների գործերով նրա որոշումներին պետք է սպասել մի քանի տարի, եւ նրա արդյունավետության մասին պետք է խոսել միայն ապագայի առումով: ԵԽ Նախարարների կոմիտեն, որը վերահսկում է Եվրադատարանի որոշումների իրագործումը, չի կարող գործուն մարմին համարվել: ԵԽ Մարդու իրավունքների գծով կոմիսարի` անդամ երկրների իշխանությունների կողմից կայացվող քաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորությունները բավական սահմանափակ են:

Բոլոր այս դեպքերում ԵԽ մեխանիզմներով հնարավոր չէ Ադրբեջանին ստիպել անցկացնելու ժողովրդավարական հիմնարար բարեփոխումներ, քանի որ Ադրբեջանն ընդունվում է որպես էներգետիկ լուրջ գործընկեր: ԵՄ-ն ունի միայն երկու լուրջ մեխանիզմ` Արեւելյան գործընկերությունն ու Եվրոպական Նոր հարեւանության քաղաքականությունը: Երկու ծրագրով էլ առաջ է քաշվում ժողովրդավարացման պայման: Բայց նրանք էլ չունեն զգալի ազդեցության ուժ, քանի որ առավել բարձր են դասում տնտեսական եւ էներգետիկ անվտանգության շահերը: Արեւելյան գործընկերության ծրագրով համարվում է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է ունենա զգալի դերակատարություն եվրաինտեգրման գործընթացում: Այնուամենայնիվ, այս մեխանիզմը չի հզորանա, քանի դեռ իշխանությունների հետ բանակցություննեում չեն մասնակցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Որպեսզի բոլոր մեխանիզմները գործուն դառնան, Եվրոպան պետք է «ռեալ քաղաքականությունից» անցնի «բարոյական քաղաքականության»:      

Քանի՞ խորհրդարանական է ներկայացնում Ադրբեջանը ԵԽ-ում, ինչպե՞ս են ձեւավորվում այդ խմբերը, եւ կոնկրետ ի՞նչ են նրանք այնտեղ անում: 

ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ներկայացնում են Միլի Մեջլիսի 12  անդամներ, 6-ը` հիմանական, մյուս 6-ը` փոխարինողներ: Նրանք ընտրվում են խորհրդարանի նստաշրջանի ընթացքում իշխող կուսակցության, ընդդիմադիր ուժերի եւ անկախ պատգամավորների շարքերից: Բայց այն բանից հետո, երբ 2010 թ. ընտրությունների ժամանակ խորհրդարան թույլ չտվեցին մտնել առաջատար ընդդիմության ներկայացուցիչներին, ԵԽԽՎ խորհրդարանական խմբակցությունը հիմնականում ձեւավորվեց իշխող կուսակցությունից, իշխանությունների կողմից վերահսկվող կեղծ ընդդիմադիր ուժերից եւ իշխող կուսակցության ներկայացուցիչներից ոչնչով չտարբերվող «անկախ» պատգամավորներից: Այսպիսով, հիմա ադրբեջանական պատվիրակությունը կազմված է «Ենի Ազերբայջան» կուսակցության չորս անդամից, նույնքան «ընդդիմադիրներից» եւ «անկախներից»: Նրանց գործունեությունը հանգում է իշխանությունների շահերի, մասամբ էլ` տարածքային ամբողջականության եւ ԵԽ շրջանակներում ինքնիշխանության հարցերում պետության շահերի պաշտպանությանը: Պատվիրակության լոբբիստական քաղաքականությունն ուժեղ է իշխանական շահերի պաշտպանության առումով: Այս հարցում նրանց անհաջողակ համարել չի կարելի: 

Ռասուլ Ջաֆարով, «Մարդու իրավունքներ ակումբ»-ի նախագահ

Ինչպե՞ս են գործերն Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Մեր երկրի իրավապաշտպան կազմակերպությունները  համագործակցու՞մ են Օմբուդսմենի ինստիտուտի հետ: Ու՞մ են ավելի շատ դիմում քաղաքացիները` Օմբուդսմենի՞ն, թե՞ իրավապաշտպան կազմակերպություններին:

Երկրում  մարդու իրավունքներն ու ազատություններն ավելի շատ խախտվում են, քան պաշտպանվում: Ադրբեջանի պատմության մեջ դեռ չի եղել «խղճի 17 կալանավոր»: Լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւի ազատ արձակումից հետո հույս առաջացավ, թե կբարելավվի խոսքի ազատության հետ կապված իրավիճակը, սակայն հետագա գործընթացներն ապացուցեցին, որ դա այդպես չէ: Խոսքը «Խուրալ» թերթի եւ նրա խմբագիր Ավազ Զեյնալիի դեմ հարձակումների մասին է: Արդյունքում թերթը դադարեցրեց իր գործունեությունը, իսկ Զեյնալին ձերբակալվեց կեղծ մեղադրանքով: Այն փաստը, որ լրագրող Էլմար Հուսեյնովի դեմ հանցագործությունը եւ դրա պատվիրատուները չեն բացահայտվել, էլ ավելի է խստացնում լրագրողների ինքնագրաքննությունը: Լրագրողներն ու իրավապաշտպանները ունեն տեղեկատվության մատչելիության լուրջ խնդիրներ: Մասնավորապես, մեր Ակումբը այդպես էլ չի կարողանում ստանալ պետական կառույցներին ուղղած հարցումների պատասխաններ: Միայն այս հոկտեմբերին մեր հինգ հարցումներից մեկին թերի պատասխան ուղարկվեց, իսկ մնացածն այդպես էլ արձագանքի չարժանացավ:

Վերջերս տեղի են ունենում քաղաքացիների սեփականության իրավունքի լուրջ խախտումներ, նրանց չեն տրամադրվում համարժեք փոխհատուցումներ:  Սեփականության առգրավման ժամանակ նրանց նկատմամբ հաճախ ուժ է գործադրվում: Փաստորեն, մարդիկ հայտնվում են փողոցում: Հիմա դատարաններում կա սեփականության իրավունքի խախտումների հարցերով 60 գործ:   

Մեր կազմակերպությունը բարձր չի գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը: Սա խոսում է այն մասին, որ այս կառույցը մեծ հնարավորություններ չունի:  Օրինակ` մենք Պաշտպանի առջեւ դրել էինք Նախիջեւանի Պուսյան գյուղում անցած տարվա աշնանը տեղի ունեցած ոստիկանական բռնության հարցը: Այն ժամանակ ընդդիմադիր Չապայ Ալիսոյի եղբորն ու նրա ընտանիքին ճնշումների ու բռնության էին ենթարկել: Նախիջեւանի ՆԳՆ-ում խոշտանգումների էր ենթարկվել մի վարորդ: Այս տարվա հունվարին ձերբակալվեց երիտասարդ ակտիվիստ Ջաբար Սավալանը: Օրենքով Պաշտպանն ունի ինքնուրույն հետաքննություններ անցկացնելու իրավունք: Բայց մենք նման անկախ հետաքննության ականատես չենք եղել: Չի եղել նաեւ, որ Պաշտպանը դիմի դատարան պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հայցերով, կամ` որ դիմի երկրի նախագահին կարեւոր խնդիրներով, ինչի իրավունքը նա ունի: Սա խոսում է այն մասին, որ Պաշտպանի ինստիտուտն անկախ կառույց չէ: 

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը կախում ունի գործադիր իշխանությունից: Քաղաքացիները դա հասկանում են եւ նախընտրում են իրավապաշտպան կազմակերպություններին դիմել:               

Ունի՞ ժողովրդավարությունը պահանջարկ Ադրբեջանի հասարակության կողմից: Արդյո՞ք անդառնալի է երկրի ժողովրդավարացման գործընթացը:

Իմ կարծիքով` եւ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները անհրաժեշտ են համարում ժողովրդավարացման գործընթացը: Որքան շատ են մարդիկ ընկալում ժողովրդավարական արժեքների նշանակությունը, այնքան մեծ են համարում դրանց անհրաժեշտությունը: Ներկայիս իրադարձությունները, հատկապես նրանք, որ ընթանում են արաբական աշխարհում, ցույց են տալիս, որ կտրուկ բողոքների կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումները, իշխանության երկարամյա կենտրոնացումը միանձնյա որոշումներ կայացնող մարդու ձեռքերում: Մեր երկրում կա ժողովրդավարության պահանջարկ, եւ այն գնալով ուժգնանում է:

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ    

Ի՞նչ դեր են խաղում եվրոպական կառույցները Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացում, երկու երկրներում ինչպե՞ս են իրականում լուծվում բարեփոխումների ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները, արդյո՞ք իսկապես երկու հասարակություններում կա ժողովրդավարության պահանջարկ: Այս մասին են հայաստանյան եւ ադրբեջանական չորս հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ մեր զրույցները, որը ներկայացնում ենք ստորեւ: 

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են:

Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:

Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter