
«Քյուրքչյան» հրատարակչություն. «երկու ոտքով խրված հողում»
Բարձրահարկ շենքի ոչ այնքան մեծ սենյակում իրերը կոկիկ դասավորված են: Դժվար է գտնել ավելորդ իր. փայտյա մեծ սեղան, նստարան, աշխատասեղան, գրքեր… Այստեղ է գտնվում «Քուրքչյան» հրատարակչությունը, որտեղ ընտանիքով աշխատում են դիզայներ Արմեն Քուրքչյանն ու երկու դուստրերը:
Մոտ 10 տարի հրատարակչությունը կոչվում էր «Քրաֆտոլոջի», 2015-ին վերանվանվեց՝ դառնալով «Քյուրքչյան»:
Սոնա Քյուրքչյանը զրույցից առաջ ցույց է տալիս քիվերը, պատշգամբի, նստարանի եզրերի երկաթե ձողերը: Դրանք հոր՝ Արմեն Քուրքչյանի պատրաստածն են: Սենյակում հանգստություն կա: Սոնան ասում է՝ դա հայրիկից է գալիս:
Սոնան քչախոս է, ասում է դեռ ինքը քիչ թե շատ խոսում է, հայրն առհասարակ հրապարակային խոսքից խուսափում է: Սեղանին է դնում իրենց հրատարակած գրքերը: Հերթով թերթում ենք դրանք և զրուցում: Աշխատանք լինի, անենք, բայց չխոսենք: Սա Քուրքչյանների մոտեցումներից մեկն է: «Հայրս գործի վարպետ է»,- ավելացնում է Սոնան:
Տպագրած գրքերի հասույթը բավարարում է հրատարակությամբ զբաղվելու համար: Սոնան ասում է, որ նպատակ չունեն մրցակցելու, մեծ մասշտաբով գրքեր չեն հրատարակում: Գրահրատարակության ոլորտում մնալը հեշտ չէ: Ասում է՝ մեծ հրատարակչությունները նաև հովանավորներ են գտնում, ֆինանսավորողներ, բայց դա էլ ճարպկության հարց է: Իրենք առայժմ որևէ մեկին չեն դիմել: Գրահատարակության ոլորտի խնդիրները լուծելու մասին մշակույթի նոր նախարարի խոսքերի վերաբերյալ էլ նշում է, որ առայժմ պարզ չէ, թե ինչ են անելու, որտեղից են սկսելու:
Փոքր հրատարակչությունն առայժմ «ապրում» է Արմեն Քուրքչյանի երեք գրքերի շնորհիվ: Դրանք հետաքրքրություն ունեն նաև Հայաստանից դուրս:
2010-ին «Քրաֆտոլոջին» հրատարակել է Ա. Քուրքչյանի «Հայկական զարդարվեստ» գիրքը: Այն սպառվելուց հետո վերահրատարակել են: Գիրքը կիրառական նշանակություն ունի: Միջնադարյան մոտ 2000 զարդանախշեր են զետեղված գրքում, որոնք լուսանկարել են Հայաստանում, Արցախում և Արևմտյան Հայաստանում: Աշխատանքն արվել է լուսանկարիչ Հրայր Բազեի հետ միասին:
Այնուհետ Արմեն Քուրքչյանը հրատարակել է «Հայկական զարդատառը», որտեղ միջնադարյան մատյաններից հայերեն տառերն են ընդգրկված: Երրորդը՝ «Հայկական դրոշմազարդն» է: Միջանդարյան մատյանների կտորե կազմերի նմուշներն են, որոնք հրատարակիչները գրաֆիկայի են վերածել: Սոնան ասում է, այսօր տարազների վրա հաճախ տեսնում ենք թուրքական զարդանախշեր, որոնք հայկական ենք անվանում, մինչդեռ մեր պապերն այնպիսի զարդանախշեր են արել, որոնց մասին մասին մոռացել ենք:
Դուստրը պատմում է, որ նախքան գրքեր հրատարակելը հայրը հայկական մանրանկարչությամբ էր հետաքրքրված: Գրքեր էր ձևավորում Ֆրանսիայի համար: Ըստ նրա՝ երեք գրքերը հայկական մշակույթի մոռացված արժեքները պահպանողներն են: Հիմա մտածում են այդ գրքերի մասին տեղեկացնել համաշխարհային նորաձության դեմքերին:
Գիրքը նաև գրավիչ ձևավորում պետք է ունենա՝ Սոնայի կարծիքով: «Քյուրքչյանը» վերահրատարակել է Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակները, ինչպես նաև Սոնայի թարգմանությամբ երկու գիրք Ջիբրան Խալիլ Ջիբրանից: Լիբանանցի գրողի գրքերի համար Սոնան դժվարությամբ գտել է նուրբ թավշյա թուղթ: Ասում է, որ թուղթն էլ իր հերթին է տրամադրում ընթերցանության:
![]() |
![]() |
Քուրքչյանները համադրում են ճարտարապետությունը, մանրանկարչությունը, թարգմանչական արվեստը: Հնարավորություն ունենալու դեպքում պատրաստ են ընդլայնել ոչ միայն աշխատակազմը, այլև գրքերի հրատարակությունը: Նպատակներից մեկն էլ սեփական գրախանութ ունենալն է, որտեղ կվաճառեն նաև Արմեն Քուրքչյանի պատրաստած հուշանվերները: Սոնան ցույց է տալիս նաև գունազարդման գրքերը: Դրանք կոչվում են «գույն տուր կյանք առ», որոնք, Սոնայի կարծիքով, հանգստացնում են նյարդերը, մեդիտիացիայի ազդեցություն ունեն:
Արմեն Քուրքչյանը ճարտարապետ Ստեփան Քուրքչյանի և քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի որդին է: Ս. Քյուրքչյանի ճարտապետական գործերից են Երևանում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, մայրաքաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Վարդան Մամիկոնյանի, Հովհաննես Այվազովսկու հուշարձանների պատվանդանները:
Կամերային երաշտության տան հարակից տարածքը, որտեղ գտնվում է նաև Ռ. Քյուրքչյանի «Վերածնունդ» քանդակը, սրճարանապատեցին: Սոնան ասում է՝ նյարդայնանում և միևնույն ժամանակ ցավ է ապրում, որ Երևանը կորցրել է ճարտարապետական դիմագիծը: Ասում է, ախր մենք ուրիշ քաղաք կարող էինք ունենալ, իսկ այսօր քանդում են մշակութային արժեքները, կառուցվում են «պլպլան կաֆելով» շենքեր: Փոխարենն աշխարհում մտածում են օրգանիկ ճարտարապետություն ստանալու մասին:
«Եթե մի օր ինձ տային պատասխանատվություն քաղաքը սիրունացնելու, կքանդեի ինչ կա-չկա, ինչ սարքել են վերջին տարիներին… Ու փոխարենը կվերականգնեի հայկականը»,- նշում է Սոնան:
Նրա հորաքույրն ու քույրն էլ ճարտարապետներ են: Սոնան լեզվաբան է, երկու տարի լրագրության դասեր է անցել: Արդեն երկու տարի աշխատում է «Քուրքչյան» հրատարակչությունում: Անգլերենից թարգմանել է Ջիբրանի «Խենթն» ու «Մարգարեն», որոնք հրատարակել են այս տարի:
![]() |
![]() |
Ասում է, որ Խալիլ Ջիբրանը մտածելու հսկա տարածություն է ստեղծում: Դրանք այն գրքերից չեն, որոնք կարելի է կարդալ արագ ու մի կողմ դնել: Ըստ Սոնայի՝ դրանք բոլորի համար են, խոսում են սիրո, ազատության, մահվան մասին: Դրանք, կարծես, լավ գինու պես են, որոնք հանգիստ պետք է կարդալ ու մտածել սեղմ շարադրանքի տակ թաքնված խորը մտքերի մասին:
«Մեր հիմնական խնդիրը, կարծում եմ, երկրի աղքատ վիճակն է: Գիրք ենք տպագրում, մարդկանց մի խումբ կա, որ ուզում է ձեռք բերել, բայց դրա հնարավորությունը չունի: Դա է հիմնական խնդիրը, աղքատություն է երկրում, մարդկանց մոտ գրքի փող չի մնում»,- ասում է երիտասարդ հրատարակիչը:
Քուրքչյանները հրատարակչության ոլորտում իրենց սկզբունքներն ունեն: Սոնան նշում է. «Ուղղակի ծախվելու համար գիրք չենք անի: Եթե հենց հիմա մի գիրք տպագրենք, որն ունենալու է միլիոններով վաճառք, բայց արժեք չի ներկայացնում, ամոթ է դա անելը, չեմ անի, պապան էլ հաստատ չեն անի»:
Հակադարձում եմ, որ եթե միլիոնավոր վաճառք լինի, ենթադրելի է, որ միլիոնավորները հավանել են այդ գիրքը: Սոնան ժպտում է, ասում է, բայց իրենց կարծիքով՝ եթե այդ գիրքը արժեք չունի, մնացածն էական չէ:
«Երկու ոտքով պինդ-պինդ խրված եմ Հայաստանի մեջ, և կարծում եմ՝ ամեն մեկս մեր տեղում պարտավոր ենք ինչ-որ բան անել, որ վիճակը շտկվի: Եթե ամեն մեկս մեր կողքի փոքր հատվածը մաքրի, գեղեցկացնի, կտեսնեք, թե ինչ կկատարվի: Ինչքա՞ն կարող է շարունակվել այս ուտող, գռփող գեղցիների ժամանակը»,- ասում է Սոնան:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել