Վահան Մարտիրոսյանը բարի կամքի դրսևորում է համարում Մոսկվա-Երևան ավտովթարից տուժածներին տրամադրվելիք փոխհատուցումը
Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած վթարի հետևանքով դեռևս Ռուսաստանի Դաշնությունում հիվանդանոցային բուժումն է շարունակում ՀՀ չորս քաղաքացիներ։ Նրանցից մեկի առողջական վիճակը դեռևս գնահատվում է ծանր, երկու տուժածներ վիրահատության նպատակով տեղափոխվել են այլ քաղաքներ, իսկ մյուս տուժածը աչքի վնասվածք է ստացել և, ամենայն հավանականությամբ, վաղը կտեղափոխվի Հայաստան։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը արդեն ԱԺ ներկայացուցիչների և կառավարության անդամների հետ քննարկել է ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում օրենսդրական փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումն առավել սեղմ ժամկետներում կազմակերպելու հարցը։ Սակայն կարծում է՝ միայն օրենսդրական փոփոխությամբ ոլորտում առկա բացթողումները չեն կարող կարգավորվել.
«Եկեք ճիշտ հասկանանք, միայն դրանով հարցը չի լուծվում։ Հարցը լուծվելու է խնդրին ամբողջական մոտենալու արդյունքում։ Այսինքն՝ այստեղ պետք է հասարակության մասնակցությունը։ Միայն օրենք ընդունելը կամ ստուգելը քիչ է, որովհետև ուղևորափոխադրում կատարում է կոնկրետ անձը։ Պետք է ողջ հասարակությամբ աշխատել, որպեսզի կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողները կատարեն իրենց պարտականությունները և որակյալ ծառայություններ մատուցեն»,-նշում է նախարարը։
Ավտովթարից տուժածներին տրամադրվող փոխհատուցման հարցը, ըստ նախարարի, դեռևս քննարկման փուլում է։ Սակայն Մարտիրոսյանը ցանկանում է, որպեսզի այս պարագայում «փոխհատուցում» բառը փոխարինվի «օգնություն» բառով, քանի որ տրամադրվող այդ գումարը չի կարելի համարել փոխհատուցում, այն կարող է դիտվել՝ որպես բարի կամքի դրսևորում։
Անդրադառնալով ուղևորափոխադրման կարգի փոփոխությանը՝ նախարարը մանրամասնում է, որ պատրաստվում է ներդնել մեքենայի և ուղևորի ապահովագրական համակարգ, որի պարագայում արդեն տրամադրվող դրամական միջոցը կդիտվի որպես փոխհատուցում։ Ներդրվող փոփոխությունների հանգամանքում ևս նախարարը չի բացառում նման դեպքերի գոյությունը, սակայն կարծում է ՝ ռիսկերը նվազագույնի կհասցվեն։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը ավտովթարի հաջորդ օրը ներկա է գտնվել դեպքի վայրում։ Տեղում աշխատող քննիչը նրան հաղորդել է, որ կայանված մեքենան ճանապարհից դուրս է եղել, այսինքն՝ այդ մասով ճանապարհային կանոնների խախտում չի գրանցվել։ Հետևաբար՝ նախնական առաջադրված այդ կասկածը, փոխնախարարը բացառում է։ Սակայն չի ցանկանում մանրամասնել վթարի պատճառները՝ հորդորելով սպասել նախաքննության ավարտին։
Կրկին անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ Արսենյանը հավաստում է, որ նախորդ տարի Տուլայում տեղի ունեցած պատահարից հետո, նախարարությունը ձեռնարկել է միջոցներ, որպեսզի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները գործեն օրինական դաշտում և, որ նրանց գործունեությունը կարգավորվի օրենքով։
Սակայն հավելում է, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրման պարագայում նախարարության կողմից իրականացվող վերահսկողությունը սահմանափակ է և, որ այս դեպքում նախարարությունը վստահում է պատվիրատուին, ով պետք է շահագրգռված լինի, որ իրեն տեղափոխող տրանսպորտային միջոցը պատշաճ վիճակում գործի։ Իսկ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացնողների մասով, Արսենյանը պնդում է, որ կարողանում են՝ տրանսպորտային միջոցի տեխզզնման, վարորդի բուժզզնման լիովին վերահսկողություն իրականացնել։
Փոխնախարարը ոլորտը կարգավորելու հարցում անհրաժեշտ է համարում օրենքի մեջ փոփոխությունը, որի որոշ կետեր նախարարությունը արդեն ներկայացրել է ԱԺ։ ԱԺ-ում այն անցել է առաջին ընթերցման, և նախարարությունը սպասում է երկրորդ և երրորդ ընթերցմանը, որպեսզի այդ փոփոխությունները օրենքի ուժ ստանան։
«Այդ փոփոխություններով խիստ վերահսկողություն ենք սահմանում տոմսերի վաճառքի վրա, որպեսզի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը լինի իսկապես ոչ կանոնավոր։ Այսինքն՝ այն կատարվի միայն պատվերով, պայմանագրի առկայության դեպքում և ուղևորների անվանացանկը պետք է ևս վերահսկվի հետդարձի ճանապարհին։ Որպեսզի ոչ կանոնավորի անվան տակ թույլ չտանք կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը»,-ասում է փոխնախարարը։
Արսենյանը նաև մանրամասնում է, որ շուտով նախարարությունը կառավարության կներկայացնի առաջարկություններ, որով կբացառվի ձևական տեխզզնում անցնելու երևույթը։ Ասում է՝ նախարարությունը գտել է տեխնիկական այն հնարավորությունը, որով ոչ թե մարդն, այլ համակարգը կկատարի տրանսպորտային միջոցի տեխզզնումը։ Նաև տեխզզնման կտրոնը շահագործումից դուրս կբերվի, որի պարագայում դաշտը կվերահսկվի էլեկտրոնային համակարգի միջոցով։ Ըստ փոխնախարարի՝ այն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, տեխզզնման կտրոնի կեղծման դեպքերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին), ՀՀ ԱԻՆ-ը ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Վթարի հետեւանքով մահացել էր 5 անձ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել