HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Որոշման «աննկատ» փոփոխություն` հօգուտ պատգամավորի զավակների. հիմնավորումը դարձյալ ներդրումներն են

Կառավարության այսօրվա որոշմամբ` փոփոխություն է կատարվել նախկին` 2016 թվականի հունիսի 2-ի N 582-Ա որոշման մեջ: Վերջինով ներդրումային ծրագրի շրջանակներում (կառավարության ձևակերպումն է) «Թայգր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու­թյանը տրվել էր հարկային և մաքսային արտոնություն:

2016 թվականի մայիսի 1-ից մինչև 2018 թվականի մարտի 31-ը ներառյալ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը ընկերության համար երեք տարի ժամկետով հետաձգվել էր` հաշվարկված ներմուծման հայտարարագրման օրվանից:

Ապրանքները, որը պատրաստվում էր ներմուծել ընկերոթյունը հաստատվել էր որոշման հավելվածով: Հունիսի 2-ի որոշմամբ այդ  ցանկում ներառված էր 631 անուն ապրանք` ընդհանուր` 3 միլիարդ 117 միլիոն 352 հազար 354 դրամ արժողությամբ:

Այսօրվա որոշմամբ ցանկը փոփոխության է ենթարկվել: Որոշումը այնպիսի հիմնավորում ունի, որ թվում է` ցանկում ներառված ապրանքները նվազել են: Հիմնավորման մեջ մասնավորապես ասված է. «Թայգր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ծրագրում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետ և վերջինիս կողմից առաջարկվել է համապատասխան ցանկից հանել մարզաառողջարանային համալիրի մաս կազմող ռեստորանների համար անհրաժեշտ սարքավորումներ, կահույքի պարագաներ, լամպեր և սոսինձներ»: Եվ եթե չհամեմատենք նախկին և այսօրվա որոշման հավելվածները, չենք նկատի, որ ապրանքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է:

Նոր հավելվածի համաձայն` ընկերությունը հնարավորություն ունի նույն արտոնության շրջանակներում ներմուծել արդեն 782 անուն ապրանք` ընդհանուր 3 միլիարդ 241 միլիոն 559 հազար 219 դրամ արժողությամբ: Ավելի պարզ` ընկերությանը նույն ծրագրի շրջանակներում շուրջ 124 միլիոն դրամ ավել ապրանք ներմուծելու հնարավորություն է տրվել: Փոխարենը փոփոխություն չկա ընկերության պարտավորություններում. այսպես, նախկին որոշմամբ սահմանված էր, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ, կատարված փոփոխության արդյունքում աշխատատեղերի քանակի փոփոխություն չի կատարվել:

Ինչի՞ դիմաց է ընկերությանը հավելյալ արտոնություն տրվել, պարզ չէ: Ստացվում է, ծրագրի շրջանակներում «Թայգր գրուպ» ՍՊԸ-ն կարող է անընդհատ թարմացնել Հայաստան ներմուծվող ապրանքների ցանկը և փոխարենը ոչինչ չխոստանալ:

Հիշեցենք, թե ինչ ծրագրի մասին է խոսքը: «Թայգր Գրուպ» ՍՊ ընկերությունը կառավարությանն է ներկայացրել երկու հիմնական նախագծեր, որոնցից մեկը «տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիրն է՝ հագեցած նորագույն սարքավորումներով», իսկ մյուսը` «Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոնը»: Ընկերությունը նախատեսում է «ներդրումներ» իրականացնել շուրջ 11,4 մլրդ ՀՀ դրամի չափով` ներառյալ ապարնքների ներմուծման արժեքը:

Հավելվածում ներկայացված ապրանքները, ըստ կառավարության, նորագույն սարքավորումներ են, որ պետք է ներկրվեն Ճապոնիայից, Գերմանիայից, Թայվանից, Չինաստանից, Իտալիայից, Չեխիայից, Կանադայից, Ավստրալիայից, Սլովենիայից, ԱՄՆ-ից, Կորեայից, Հնդկաստանից, Ռումինիայից, Ավստրիայից, Հունգարիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից և Միացյալ Թագավորությունից:  

Ծրագրող նախատեսված 280 աշխատատեղերի միջին աշխատավարձը 2016թ. կազմելու է 100 հազար դրամ և չի աճելու 2017- 2018թթ.-ին:

Համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի` «Թայգր գրուպ» ՍՊԸ-ն պատկանում է Պետրոս և Արմենուհի Գևորգյաններին, ովքեր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի զավակներն են:

Հիշեցնենք, որ վերջերս «ներդրումային ծրագիր» անվան տակ հարկային արտոնություն էր ստացել ևս մեկ ընկերություն, որը դարձյալ առնչվում էր պատգամավորի. ընկերության բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է պատգամավոր Հակոբ Հակոբյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter