
Լուսինե Զաքարյանի Ախալցխայում գտնվող տան ճակատագիրը դեռևս անհայտ է
Երգչուհի Լուսինե Զաքարյանի Ախալցխայում գտնվող տան ճակատագիրը դեռևս անհայտ է:
Այսօր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ երգչուհու տունը դիտարկվում է Ախալցխայի հայ մեծերի միասնական տան ստեղծման համատեքստում: Այդ նպատակով այժմ հայ մեծերի թանգարանի ստեղծման հանձնաժողով է ձևավորվում, որտեղ ներգրավվել է նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ոլորտի մասնագետներ, Ախալցխա համայնքի հայազգի ներկայացուցիչներ, ճարտարապետներ և այլ անձինք:
Աշոտ Հակոբյանը պատմեց, որ ՋԱՀ-ի մինչև 2020թ. ծրագրերի մեջ է մտնում Ախալցխայում մեծերի միասնական թանգարանի հիմնումը: Լուսինե Զաքարյանի տան վաճառքի լուրը իմանալուց հետո ՋԱՀճ-ը փորձել է այդ տեղակետից դիտարկել` քննարկելով այն տարբերակը, որ միգուցե Լ. Զաքարյանի տունը հենց հայ մեծերի համար նախատեսված տունն էլ դառնա: Սակայն Աշոտ Հակոբյանն անձամբ այցելել է Ախալցխա և տեսել երգչուհու տունը: Նրա տպավորությամբ, Լուսինե Զաքարյանի տունը «շատ խառը տուն էր», և իր սուբյեկտիվ կարծիքով` դա չի կարող ամենալավ տարբերակը լինել, քանի որ Ախալցխայի մեծերը շատ են, և յուրաքանչյուրի համար մեկ պատ է նախատեսում ստեղծել: Լուսինե Զաքարյանի տունն այդ հնարավորությունը չունի:
Բացի դրանից, հանձնաժողովը կդիտրակի թանգարանի շենքի մի քանի տարբերակներ: Աշոտ Հակոբյանի տվյալներով` 1830 թ. կառուցված շենք կա Ախալցխայում, որը լավ պահպանված է և ավելի լավ տարբերակ է հայ մեծերի թանգարանի համար: Սակայն, ի վերջո, հանձնաժողովն է որոշելու` Լուսինե Զաքարյանի տունը, թե մեկ այլ շենք վերցնել հայ մեծերի թանգարան դարձնելու համար:
ՋԱՀ-ի տնօրենի խոսքով, Լուսինե Զաքարյանի տունն առանձին թանգարան դարձնելու տարբերակը ևս քննարկվել է և նպատակահարմար չի գտնվել, քանզի շատ միջոցներ են անհրաժեշտ ներդնել: «Փոխարենը եթե մենք ունենանք մեկ միասնական թանգարան, 1-2 տարում հանարվոր կլինի դա անել, և հանրությանը կներկայացնենք, թե ինչ ախալցխացիներ են ծնվել այդտեղ»,- ասում է Ա. Հակոբյանը:
Թե ինչ կլինի այդ դեպքում Լուսինե Զաքարյանի տունը, Աշոտ Հակոբյանը դժվարացավ պատասխանել. «Հնարավոր է, որ չվաճառվի»:
Տան մի մասում այժմ ապրում է վրացի մի ընտանիք, իսկ մյուս մասը` ՌԴ Դոնի Ռոստով քաղաք տեղափոխված մեկ այլ ընտանիքի է պատկանում: Երկու հարկը միասին 45-50 հազար դոլարի սահմաններում է վաճառվում:
«Եթե մարդիկ գտնվեն, որ պատրաստ են էդքան ներդրում կատարել, որ և միասնական թանգարանը ստեղծվի, և Լուսինե Զաքարյանի տունն առանձին թանգարան դառնա, ինչու չէ: Այս պահին Սուրենյանցի տունն էլ վաճառվում»,- ասում է տնօրենը:
Մինչև տարվա վերջ հանձնաժողովը ձևավորված կլինի, և հստակ որոշում կկայացվի դրանից հետո:
Լուսանկարը` Էդուարդ Այվազյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել