
Կրթության ոլորտի պատասխանատուները գումարներ են խնայել անապահով աշակերտների հաշվին
Կրթության և գիտության նախարարությունը, մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը տվյալներ են ներկայացրել ֆինանսների նախարարությանը, համաձայն որոնց` 2016թ. պետական բյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերում ընդհանուր առմամբ այս տարի կանխատեսվում է շուրջ 1,16 մլրդ դրամի չափով տնտեսում:
Ֆինանսների նախարարության` կառավարություն ներկայացրած նախագծով` այդ տնտեսումը կվերահասցեագրվի այլ նպատակների: Կառավարության` նոյեմբերի 3-ի նիստում նախագիծն ընդունվեց, ինչի արդյունքում տնտեսված միջոցները կուղղվեն կառավարության պահուստային ֆոնդ:
Տնտեսումները, ըստ որոշման, հիմնականում պայմանավորված են 2016 թվականի պետական բյուջեի հաշվարկներում կիրառվածի դիմաց սովորողների միջին թվաքանակի նվազմամբ:
Տնտեսումներ լինում են գրեթե բոլոր գերատեսչությունների նախատեսած ծախսերում և տարեվերջին բյուջեում փոփոխություն իրականցնելու, չծախսված միջոցները վերադարձնելու նախագծեր ներկայացվում են: Որոշումը ուշագրավ է միայն այն առումով, որ տնտեսված գումարների մի մասի` տարվա ընթացքում ծախսի անհրաժեշտությունը եղել է: Մասնավորապես դրանց կարիքն ունեցել են հանրապետության տարբեր մարզերի անապահով ընտանիքների երեխաները:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ 2016-2017 ուսումնական տարում 2407 անվճար դասագիրք է տրամադրել 156 անապահով աշակերտների Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից և Կարբի գյուղից:
Հիմնադրամը տեղեկացնում է, որ «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիր է, սկսել է իրագործվել բարերարների շնորհիվ` սկսած 2010թ-ից: Հիմնադրամը հաշվեհամար է հրապարակել և հայցում է Հայաստանի եւ սփյուռքի կազմակերպությունների, անհատների համագործակցությունն ու օժանդակությունը: Հաղորդագրությանը կից ուղարկվել են նաև անվճար դասագիրք ստացած աշակերտների լուսանկարները, որ չենք հրապարակել:
Այդ երեխաներից մի քանիսը կարող էին անվճար դասագիրք ստանալ` անկախ այն հանգամանքից` կօգնեն իրենց բարերարները, թե ոչ: Սոցիալապես անապահով երեխաները, որոնց օգնում է հիմնադրամը, երբեմն այն մարզերից են, որտեղ նույն նպատակով նախատեսված պետական միջոցները չեն սպառվել, ավելին` պետք է վերադարձվեն կառավարություն:
Կառավարության նոյեմբերի 3-ի որոշմամբ` «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» տողից խնայված միջոցները կառավարության պահուստային ֆոնդ կվերադարձնեն կրթության և գիտության նախարարությունը(շուրջ 1,2 միլիոն դրամ), Արարատի մարզպետարանը(56 900 դրամ), Արմավիրի մարզպետարանը(114,100 դրամ), Լոռու մարզպետարանը(36000 դրամ), Շիրակի մարզպետարանը(91500 դրամ), Սյունիքի մարզպետարանը(70700 դրամ): Ընդհանուր առմամբ` այս տողով չօգտագործված միջոցները կազմում են մոտ 1,5 միլիոն դրամ:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը տեղեկացնում է, որ ծրագրի իրականացման յոթ տարիների ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել է 16519 դասագիրք 9,050,961 դրամ արժողությամբ: Այսինքն` հիմնադրամի հավաքած ամենամյա գումարների մոտավոր չափը (1.3 միլիոն դրամ) չի գերազանցում նույն նպատակի համար նախատեսված պետական միջոցների` կառավարություն վերադարձվող չափին: Եթե խնայված միջոցները վերահասցեագրվեն նույն նպատակին, սոցիալապես անապահով աշակերտները դրամահավաքի կարիք չեն ունենա:
լուսանկարը` telegraf.com.ua-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել