HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Տիգրան Սարգսյանը հիշում է պապին, իսկ Հայկ Սանոսյանը՝ տատին

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Սանոսյանը մոտ ժամանակներս պատրաստվում է Ազգային ժողովում հանդես գալ մի քանի առաջարկությամբ:

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա ներկայացրեց իր հիմնական առաջարկությունները: Նա ցանկանում է, որ նաև Հայաստանում կիրառվի համաշխարհային այն փորձը, երբ կայացած խոշոր գործարարներն իրենց կառավարություններին խնդրում են, որ իրենցից ավելի շատ հարկեր գանձեն՝ հօգուտ իրենց երկրի զարգացման:

ԱԺ-ում արդեն առաջարկվել նման մի փաթեթ՝ «շքեղության հարկ», որը պետք է քննարկվի առաջիկայում: Եթե, ըստ այդ հարկատեսակի, պետք է 20% լրացուցիչ հարկ գանձվի 30 մլն դրամ և ավել արժողությամբ մեքենա ունեցող սեփականատերերից, ապա Հ. Սանոսյանն առաջարկում է նույն հարկատեսակը կիրառել նաև 30 մլն դրամ և ավելի շահույթ ունեցող կազմակերպությունների նկատմամբ:

Ըստ պատգամավորի՝ այդպիսով կթեթևանա մանր ու միջին բիզնեսի հարկային բեռը: Վերջիններս Հայաստանում թույլ են զարգացած, և կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի դրանց:

Այն հարցին, թե «գործարար պատգամավորներն» ինչպես կընդունեն այդ առաջարկությունը, բանախոսը պատասխանեց, որ ինքը չգիտի, թե «գործարար պատգամավորներ ասելով՝ ում նկատի ունեք»: Այնուհետև հավելեց, որ «մարդ կա սեփականատեր է, բայց գործարարությամբ չի զբաղվում, ունի տնօրեններ, ինքն էլ զբաղվում է օրենսդրական գործունեությամբ»:

Այդ առաջարկությունը «հալած յուղի պես չի ընդունվի», բայց կդառնա հասարակական լայն քննարկման առարկա: Եթե գործարարն ունի, օրինակ՝ ամսական 100 հազար դոլար շահույթ, հարկը վճարելուց հետո «թող ունենա 80 հազար, դրանով ինքը չի սնանկանա»:

Պատգամավորը նաև առաջարկում է, որ պետությունը համաձայնության գա ավիաընկերությունների, օդանավակայաններին սեփականատերերի հետ՝ նրանց տրամադրելով լրացուցիչ ֆինանսավորում: Դրա արդյունքում 50 %-ով կկրճատվեն ուղևորավարձերը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

Հ. Սանոսյանի կարծիքով՝ պետք է ճիշտ բաշխվեն բյուջեի և տարբեր հիմնադրամների գումարները: Բացի Ջավախքից՝ այժմ անտեսված են մնացել նաև մի շարք հայկական գյուղեր Վրաստանի այլ շրջաններում: Դրանց մասին չի խոսվում, և այդ գյուղերը կարծես մատնված են անտարբերության: Ըստ պատգամավորի՝ կարևորը ոչ թե ֆինանսական ներդրումների քանակն է, այլ ուշադրությունը, որը պետք է պետությունը դարձնի այդ գյուղերին:

Նա կարևորեց նաև Աբխազիայի հայերի հարցը, որոնք կրթամշակութային ճգնաժամի մեջ են: Իսկ այնտեղ, Հ.Սանոսյանի խոսքերով, ապրում է շուրջ 40 հազար հայ:

Բանախոսը նշեց, որ առաջնահերթությունը տրվում է Արցախին, սակայն Համահայկական հիմնադրամը պետք է մեծացնի իր աշխարհագրությունը: Այստեղ պատգամավորը հիշեց իր տատին, ով կերակուր էր բաժանում իր թոռներին, իսկ իրեն կերակուրը չէր բավարարում: Երբ թոռներից ամեն մեկը բաժին էր հանում տատիկի համար, արդյունքում տատի բաժինն ամենաշատն էր լինում: Ըստ Հ. Սանոսյանի՝ այս սկզբունքը պետք է կիրառվի նաև մեր իրականության մեջ՝ «մայր հայրենիքից բաժին հանելով բոլորին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter