«Հետքի» լրագրող Գայանե Սարգսյանը առաջին մրցանակի է արժանացել կրոնական հանդուրժողականության թեմայով մրցանակաբաշխության ժամանակ
«Հետքի» լրագրող Գայանե Սարգսյանը առաջին մրցանակի արժանացավ «Երբ ասացի, որ երեխա ենք ունենալու, նա հրաժարվեց ինձնից էլ, երեխայից էլ»․ 22-ամյա մոլոկան Մարիայի պատմությունը հոդվածի համար կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի ունեցավ երեկ։
Գայանե Սարգսյանին մրցանակը հանձնելիս Նիդերլանդների Թագավորության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ տիկին Ֆլոոր Նուիտեն- Էլզինգան ասաց. «Սա հետաքննական լրագրության լավ օրինակ է, պատմություն՝ լրատվության հետևում, որը մարդկային պատմություն է հաղորդում։ Դուք մի հոդված եք գրել, որն ուղղակի չէի կարող կարդալ առանց փշաքաղվելու։ Այն հուզում է ընթերցողին»։
Երկրորդ մրցանակը հանձնեց ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Էլինար Վարդանյանը Տիգրան Հովակիմյանին «Գավառ» հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Գավառցիների վերաբերմունքը՝ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ» և «Քարոզչությո՞ւն, թե՝ հոգեորսություն» նյութերի համար:
Հայկուհի Բարսեղյանը «Անկախ» կայքում հրապարակված՝ «Հայաստանում կրթությունն աշխարհիկ է, սակայն դպրոցներում «Քրիստոնեական կրթություն» են անցնում» հոդվածի համար արժանացավ երրորդ մրցանակի։ Մրցանակը հանձնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Սամեր Բեսիր-Բրայերսը։
ժյուրիի հատուկ մրցանակներ կրոնական հարցերի շարունակական և համարձակ լուսաբանման համար ստացան լրագրողներ՝ Սառա Խոջոյանը և Ռոզա Հովհաննիսյանը, հրապարակախոս Վարդան Ջալոյանը և MediaLab կայքի խմբագրությունը։ Մրցույթի մասնակիցներից չորսին՝ Մերի Կոլոլյանին, Անահիտ Գրիգորյանին, Աննա Ղուկասյանին և Քրիստինե Հայրապետյանին տրվեցին խրախուսական մրցանակներ։
Մրցանակաբաշխության ավարտին ցուցադրվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից արտադրված, լրատվամիջոցնեի և կրոնական կազմակերպությունների խրթին հարաբերությունների մասին պատմող «Անհադուրժողականության լեզուն» վավերագրական ֆիլմը, որը ներկայացրեց ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանը։
Մրցույթը 2015-ից ի վեր կազմակերպվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։ Մրցույթի նպատակն է խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնություների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայստանում։
Լուսանկարը՝ «Եվրասիա» հիմնադրամի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել