
Մարզպետը օգնություն է տրամադրել պայմանով, որ ընտանիքը հետ վերադարձնի նույն մարզպետի մերժման փաստաթուղթը
Երեկվանից «Հետքը» նամակներ եւ հեռախոսազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից եւ կազմակերպություններից, որոնք ցանկանում են սնունդով, հագուստով ու այլ իրերով օգնել 10-ամյա Լիլիթին:
Հիշեցնենք, որ երեկ մեր կայքում հրապարակված հոդվածը Արարատի մարզի Սիփանիկ գյուղում վագոն-տնակում բնակվող երկու քույրերի ու նրանց երեխաների մասին էր: 10-ամյա Լիլիթը տառապում է Մուկովիսցիդոզ հիվանդությամբ: Արդեն քայքայվել է աղջկա ձախ թոքը, եւ բժիշկները դեղերով փորձում են փոքրիկի կյանքը երկարացնել:
Կողք կողքի ապրող ընտանիքները գոյատեւում են նպաստով ու քույրերի մոր` Նինա Բաբախանյանի կենսաթոշակով: Այսօր էլ տեղեկացանք, որ բժիշկներն ավելացրել են Լիլիթի դեղերի քանակը: Նա օրական խմում է 18 դեղահաբ:
Լիլիթի մորաքույրը` Նարինե Սարգսյանը, «Հետքին» տեղեկացրեց, որ մեր այցելությունից հետո իրենց տնակ է այցելել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի լիազոր ներկայացուցիչ ներկայացած Գարիկ Վարդանյանն ու Սիփանիկի համայնքապետ Հայկ Բադալյանը: Նրանք ընդամենը 3-4 րոպե են մնացել տնակում:
Գարիկ Վարդանյանը նախ հետաքրքրվել է, թե ինչ լրագրող է իրենց այցելել եւ ինչ են նրան պատմել, ապա տեղեկացրել է, թե այս ընտանիքի օգնություն տրամադրելու խնդրանքը «թյուրիմացաբար» են մարզպետարանից մերժել: Նա պահանջել է մարզպետարանից ուղարկված այդ մերժման գրությունը: Վերցնելով այն եւ գրպանից 30.000 դրամ տրամադրելով` անմիջապես հեռացել է: 2 օր անց էլ գյուղապետն է Լիլիթի մորը հրավիրել գյուղապետարան եւ հատկացրել 30.000 դրամ:
Արարատի մարզպետարանի աշխատակիցները կարծում են, թե օգնության տրամադրման մերժման փաստաթուղթը ընտանիքի ձեռքից վերցնելով և 30.000 դրամ հատկացնելով` իրենց անտարբերության հետքերը կկորցնեն, եւ հարցը կհամարեն լուծված, իսկ հետաքրքրվողներին էլ կպատասխանեն, թե ընտանիքին միշտ էլ օգնել են:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել