HY RU EN

Լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտած ոստիկանների նկատմամբ մեղմ պատիժ են պահանջում

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց լրագրողներն ընդդեմ ոստիկանության աշխատակիցների գործով ներկայացրած արագացված դատական կարգով քննությունն իրականացնելու միջնորդությունը:

Դատարանի դահլիճում նախորդ դատական նիստի ընթացքում տուժող «Ուտոպիանայի» և ACTV առցանց հեռուստաընկերության լրագրող  Աշոտ Բոյաջյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը ներկայացրել էիր իրենց դիրքորոշումը, իսկ այսօրվա նիստի ընթացքում դատարանին ներկայացրեց առարկության գրավոր տարբերակը: Փաստաբանը նշել էր, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ ամբաստանյալներից Դավիթ Փերիխանյանի նկատմամբ մեղմ պատիժ է սահմանվել` առանց հաշվի առնելու, որ նա պետական պաշտոնյա է, ինչպես նաև «Ուտոպիանա» ՀԿ-ի նյութական և լրագրողի բարոյական վնասի ծախսերն ամբողջապես փոխհատուցված չեն:

Դատավոր Արշակ Վարդանյանը որոշում կայացրեց  մերժել ամբաստանյալներ Տաճատ Նորատունկյանի, Արթուր Այվազյանի,  Կոստան Բուդաղյանի, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի կողմից ներկայացված ` արագացված դատական կարքով դատավարության անցկացման վերաբերյալ միջնորդությունը և քննությունն անցկացնել ընդհանուր կարգով:

Դատարանի դահլիճում հարցաքննվեց տուժող «Ֆոտոլուր» գործակալության թղթակից Հայկ Բադալյանը, ով նշեց, որ թեև իր մասնագիտական գործունեությունն է խոչընդոտվել և իրեն Բաղրամյան փողոցից տեղափոխել են ոստիկանության բաժին, այնուամենայնիվ, իր նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել և իր մոտ գտնվող տեխնիկան նույնպես մնացել է անվնաս: Ոստիկանությունը Հայկ Բադալյանին տեղափոխել է ոստիկանություն` առանց հաշվի առնելու նրա լրագրողական վկայականը: Հայկ Բադալյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ որևէ բողոք չունի և նրանց նկատմամբ խիստ պատիժ չի պահանջում:

Դատարանի դահլիճում ոստիկանների նկատմամբ մեղմ պատիժ էր պահանջում նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Խաչատուր Եսայանը, ով «Էլեկտրիկ Երևան» ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում նկարահանումներ անելիս զգացել է, թե ինչպես է ինչ-որ մեկը հետևից տեսախցիկին հարված հասցրել, բայց չի տեսել, թե ով է եղել հարվածողը, միայն հիշում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակից Կ.Բուդաղյանն իրեն բարձրացրել և տեղափոխել ոստիկանական մեքենա: Իսկ տեսախցիկի մասին տեղեկացել է, երբ այն փոխանցել են խմբագրություն, դատարանի դահլիճում Երանոսյանը նշեց, որ հիշողության քարտի և նկարահանված կադրերի մասին տեղյակ չէ:

Մյուս տուժող Աշոտ Բոյաջյանը պատմեց, որ Դավիթ Փեիրխանյանին Բաղրամյան պողոտայում հանդիպել է ջրցան մեքենայի կիրառումից հետո, Փերիխանյանին ցույց է տվել լրագրողի վկայականը, նշել, որ ինքը լրագրող է: Տուժողը նկատել է նաև, որ Դ. Փերիխանյանը չի կրել ոստիկանի համազգեստ, եղել է քաղաքացիական հանդերձանքով, միայն թևին կրել է թևկապ ու վահան:

«Մոտեցան ինձ նկարահանումներ անելիս: Ես ասացի, որ եթե չիպն եք ուզում, չիպը կտամ, տեսախցիկը մի վնասեք: Վիճաբանությունից հետո  5-6 ոստիկիկան, ովքեր մոտեցել էին,  կամերան վերցրին, գցեցին գետնին ու ջարդեցին, որոնց թվում է եղել փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը», -այս մասին հայտնեց Բոյաջյանը:

Իր կամերան Աշոտ Բոյաջյանին է վերադարձվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների կողմից, որոնք Ազատության հրապարակի աստիճանների վրայից գտել են այն:

Ազատության լրագրող Արթուր Պապյանը, ով նույնպես տուժող կողմ է հանդիսանում այս գործում, պատմում է, որ հուլիսի 22-ին Դավիթ Փերիխանյանը վնասել է իր մոտ եղած «Ազատություն» ռադիոկայանին պատկանող բջջային հեռախոսը. Դ. Փերիխանյանը, առանց լսելու լրագրողի կոչերը, հեռախոսը գցել է գետնին և ոտքով տրորել:

««Ազատություն» ռադիոկայանի տեխնիկան այդ օրը ուրիշ վնասներ է կրել, կոտրվել է մեկ կամերա, մյուսը՝ վնասվել, վնասվել են նաև լուսարձակներ, եռոտանի, բայց ոստիկանության հետ համաձայնության գալուց հետո տեխնիկան փոխհատուցվել է»,-հավելեց Ա. Պապյանը:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, կհարցաքննվեն վկաները:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Տ. Նորատունկյանի, Ա. Այվազյանի, Կ. Բուդաղյանի, Դ. Փերիխանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու համար: